Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Սխալ կլինի ասել, որ սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ տաք ձմռան». Գագիկ Սուրենյանն առաջիկա ձմռան կանխատեսումների մասին

17:20, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Սխալ կլինի ասել, որ սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ տաք ձմռան». Գագիկ Սուրենյանն առաջիկա ձմռան կանխատեսումների մասին
     «Առաջիկա օրերին՝ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, հանրապետության տարածքում ջերմաստիճանի փոփոխություն չի սպասվում, բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ջերմաստիճանը պայմանավորված է Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար տաք օդային հոսանքներով ու կբարձրանա 8-10 աստիճանով»,- այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով Արարատյան դաշտում կլինի ցուրտ օդի լճացում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհավասարվի լեռնային շրջանների ջերմաստիճանին: Լճացումը կցրվի Կիպրոսյան ցիկլոնի շնորհիվ: «Ամսի 30-ին կնկատվի ամպամածություն և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք: 30-ից 1-ն ընկած ժամանակաշրջանում օդի ջերմաստճանը հանրապետության ամբողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա: Եթե հիմա Երևանում -8 -10 աստիճան է, արդեն դեկտեմբերի 1-ին մենք կարող ենք մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին ակնկալել 0-ից +2 աստիճան: Ցերեկային ժամերին առանձնապես ջերմաստիճանի փոփոխություն չի լինի»,- ասաց նա:
     Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ից հանրապետությունում սպասվում են տեղումներ, մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +3-ից +5 աստիճանի: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Իսկ Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, քանի որ սպասվում է լուրջ ջերմաստիճանի բարձրացում, տեղումներն այդ օրերին կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:
     Խոսելով առաջիկա ձմռան մասին, Գագիկ Սուրենյանն ասաց, որ այս տարի ձմեռը կլինի վայրիվերումներով, միմյանց կհաջորդեն շատ տաք և շատ ցուրտ եղանակները: «Այդ երեք ամիսներին էլ մեր հանրապետության տարածքը շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը: Կզգացվեն բավականին սառնամանիքային եղանակներ և այդ օրերին ջերմաստիճանը կլինի -7-ից -10, որոնք կառաջացնեն օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ՝ առատ ձյուն, բուք և այլն: Շատ հաճախ կենթարկվենք նաև Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում էլ այդ օրերին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի, կնկատվի 8-ից 10 աստիճան: Այնուամենայնիվ սպասվում է ձնառատ ձմեռ, քանի որ բոլոր երեք ամիսներին էլ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին»: Գագիկ Սուրենյանը առանձնացնելով այս ձմռան ծայրահեղ բարձր և ցածր ջերմաստիճաններն ասաց. «Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում այն օրերին, երբ կլինեն արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներ, ջերմաստիճանը կնվազի մինչև -25, -30 աստիճան, իսկ արևադարձային տաք օդային զանգվածների ներհոսքի դեպքում առանձին օրերին ցերեկային ժամերին նշված տեղերում օդի ջերմաստիճանը կհասնի +5-ից մինչև +9 աստիճանի: Տավուշի, Սյունիքի, և Արցախի ցածրադիր գոտիներում ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կհասնի –10-ից -15-ի, իսկ տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում ցերեկային ժամերին մինչև +12 +17 աստիճան: Մայրաքաղաքում ձմռան ընթացքում կլինեն օրեր, երբ ցուրտ օդային հոսանքների ներխուժման դեպքում ջերմաստիճանը կհասնի գիշերային ժամերին -19-ից, -24 աստիճանի, իսկ տաք օդի ալիքների դեպքում +12 +15 աստիճանի»: Ընդհանուր գնահատելով` Գագիկ Սուրենյանը նշեց, որ ամսական միջինացված ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Նա սխալ համարեց ասել, որ սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ տաք ձմռան: Վերջինը խորհուրդ տվեց ֆերմերներին անպայման կատարել այգեթաղ, քանի որ խաղողի առանձին սորտեր -18-ից ցրտահարվում են:
6084 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am