Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Չիրականացված երազանքներս կյանքի եմ կոչում շոուներին իմ ներկայացրած համարների միջոցով». Նիկիտա Միխայլով

18:35, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Չիրականացված երազանքներս կյանքի եմ կոչում շոուներին իմ ներկայացրած համարների միջոցով». Նիկիտա Միխայլով

Նոյեմբերի 27-ին Երևանում կայանալիք «Սառույցի արքաները» շոուին ընդառաջ Երևան է ժամանել Ռուսաստանի սպորտի վարպետ, միջազգային մրցաշարերի մասնակից Նիկիտա Միխայլովը։ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նա վարպետության դաս անցկացրեց մարզադպրոցի սաների համար։ Մոտ մեկ ժամ նա երեխաներին խորհուրդներ տվեց, շտկումներ մտցրեց նրանց տարրերի մեջ և գեղեցիկ տարրեր ցույց տվեց։ Վարպետության դասից հետո Նիկիտան իր տպավորություններով կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ.

«Դրական տպավորություններ ունեմ։ Գեղասահորդների ցուցադրած համարները բարձր մակարդակի են, հանդիսատեսին շատ դուր կգա։ Մի քանի հուշում արեցի, բայց դա այդքան էլ զգալի չէր, քանի որ մարզիկներն ու մարզիչները մեծ ծավալի աշխատանք են տարել։ Այս երեխաներից կարելի է լավ մարզիկներ դաստիարակել։ Այստեղ ինձ ամեն ինչ դուր եկավ, անպայման կվերադառնամ՝ վարպետության դասով։ Առհասարակ, Հայաստանն ինձ շատ է դուր գալիս՝ մշակույթը, մարդիկ, նրանց վերաբերմունքը մարզաձևին։ Այսքան լավ մարդ երևի թե ոչ մի տեղ չկա։ Գեղասահքում հաջողության հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Տեխնիկական տարրերը միանգամից չեն ստացվում։ Պետք է ամեն ինչ կրկնողությամբ անել։ Հաշվի առնելով՝ որ ձեր մարզադպրոցը երկար ժամանակ չէ, որ գործում է, նորմալ է, որ տեխնիկապես այդքան էլ զարգացած չեն երեխաները։ Գեղասահքում տարբեր մակարդակներ կան։ Բնական է, աշխարհի և Եվրոպայի առաջնության մասնակցության մակարդակի եզակիներն են հասնում, բայց որոշակի միջին մակարդակի կարելի է հասնել՝ մասնակցել միջազգային մրցաշարերի, ցուցադրական ելույթների, շոուների, զբաղվել մարզչական գործունեությամբ»։

Խոսելով շոուից իր ակնկալիքների մասին՝ Միխայլովը նշեց, որ այն բացառիկ է լինելու և հույս ունի, որ հանդիսատեսին դուր կգա։

«Մեծ ակնկալիքներ ունեմ։ Ուզում եմ հանդիսատեսը ոտքի կանգնի։ Թող չարտասվեն, բայց գոնե կանգնեն։ Այս անգամ շոուի ծրագրում մեծ փոփոխություններ են լինելու։ Մենք գեղասահքը համատեղում ենք նորաձևության և ոճի հետ։ Բացի գեղասահքի գեղեցկությունից կլինի նաև հագուստի գեղեցկություն։ Նման շոու աշխարհում չկա։ Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս որակյալ շոու լինի։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք ծրագրերը բեմադրում ենք հատուկ կենդանի երաժշտության ներքո ներկայանալու համար։ Տարիներով աշխատած համարներ չեն լինելու, այլ բացառիկ՝ հենց այս շոուի համար նախատեսված համարներ։ Ընդհանրապես յուրաքանչյուր մարզիկ ունի իր համարների ցանկը, որը ներկայացնում է տարբեր շոուներին, այս անգամ այդպես չի լինելու։ Միայն բացառիկ համարներ»,- նշեց նա։

Առաջին տարին չէ, ինչ Նիկիտան համագործակցում է Եվգենի Պլյուշչենկոյի հետ։ Համատեղ ծրագրերի մասին խոսելիս նա նշեց, որ առջևում նոր շոուների ծրագրեր կան.

«Հիմա նոր՝ «Մարդուկ-ջարդուկը» շոու ենք բեմադրել, պրեմիերաները կայանալու են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Շրջագայություններ ունենք «Սառույցի արքաները» շոուի հետ։ Հույս ունենք, որ Երևանյան շոուն նույնպես շարունակական բնույթ կկրի։ Նոր շոուների ծրագրեր նույնպես ունեք։ Դրանք առաջիկայում կներկայացնենք հանդիսատեսի դատին»։

Բացի շոուներին մասնակցելուց Նիկիտան աշխատում է որպես բեմադրիչ։ Նա համագործակցում է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնուհի, 2009 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնուհի, 2012 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր գեղասահորդուհի Անաստասիա Մարտիշևայի հետ։

«Բեմադրիչի աշխատանքն ինձ համար հիմնական է, չնայած որ զբաղվում եմ նաև մարզչական գործունեությամբ, չէ որ 22 տարի սպորտում եմ։ Բայց հիմնականն, իհարկե, խորեագրաֆիան է։ Մենասահքն իմ ոլորտն է, որտեղ ինձ շատ լավ եմ զգում։ Բայց վերջին շրջանում աշխատում եմ նաև զույգերի հետ։ Նաստյայի հետ միասին աշխատել ենք Տամարա Մոսկվինայի զույգի հետ։ Դա նոր փորձ էր ինձ համար, բայց Նաստյան, հանդես գալով զույգերի պայքարում, օգնում էր ինձ՝ մտքերս իրականություն դարձնելու գործում։ Կարելի է ասել, որ այն ծրագրերը, որ ժամանակին ես չեմ կարողացել ներկայացնել, հիմա իմ սաների հետ եմ բեմադրում։ Իմ ժամանակ չէր թույլատրովում վոկալային կամ էստրադային երաժշտություն, թույլատրվում էր միայն գործիքային երաժշտություն։ Չիրականացված երազանքներս կյանքի եմ կոչում շոուներին իմ ներկայացրած համարների միջոցով։ Այն ինչ մրցումներին չէի կարող ցուցադրել, աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում եմ շոուների ձևաչափով»։

1182 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am