Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

««Ձինամո», «նախագա», «հիցուն», «գինիկոլոգ». խոսում են այնպես, ինչպես իրենց հարմար է». Աիդա Ներսիսյան

15:30, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
««Ձինամո», «նախագա», «հիցուն», «գինիկոլոգ». խոսում են այնպես, ինչպես իրենց հարմար է». Աիդա Ներսիսյան

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում` վարելով լրատվությանը, արվեստին, կինոյին, գրականությանն ու երաժշտությանն առնչվող, ինչպես նաև ուսումնական հաղորդումներ:
     «Հայ գրականության դասականներ» հաղորդաշարն, օրինակ, աշակերտների մեջ սերմանում էր հայրենասիրություն, սեր գրականության հանդեպ, սովորեցնում խոսել մաքուր, գեղեցիկ հայերենով:
     Հեռուստատեսությունից հեռանալու պատճառների, իր կյանքի ամենածանր ժամանակահատվածի և այսօր հեռուստաէկրանից հնչող խոսքի մասին MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է հայտնի հաղորդավարուհու հետ, ով այժմ բնակվում է Ֆրանսիայում:
    
    
     - Տիկիʹն Ներսիսյան, որքա՞ն ժամանակ է հեռուստատեսությունում չեք աշխատում, և ո՞րն է Ձեր հեռանալու պատճառը:
    
    
- Նախ` ոչ թե հեռացել եմ, այլ հեռացրել են` Տիգրան Նաղդալյանի հրամանագրով, հաստիքների կրճատման պատճառաբանությամբ: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու և չեմ հոգնի կրկնելուց, որ այս մասին գրառումն իմ աշխատանքային գրքույկում, միակ հայերեն նախադասությունն է: Մնացածները ռուսերեն են, որոնք արձանագրում են տարբեր տարիներին իմ հաղորդավարական կարգի բարձրացումները` մինչև բարձրակարգ հաղորդավարի որակավորում: Ցավալի է, որ աշխատանքային մահկանացուս կնքվեց մի լեզվով, որին ծառայեցի 30 տարի: Որպեսզի միտքս հասկանալի լինի, մի փոքր մանրամասնեմ: Բազմաթիվ այլ կարգի ու բնույթի հաղորդումների թվում (արվեստ, գրականություն, կինո, երաժշտական, լրատվական հաղորդումներ և այլն), վարում էի նաև «Հայ գրականության դասականներ» հաղորդաշարը, որը համապատասխանեցված էր դպրոցական ծրագրերին և եթեր էր տրվում ամեն երկուշաբթի: Հաղորդաշարի բազմաթիվ արձագանքներից հիշեմ մեկը: Նամակագիրը գրականության ուսուցչուհի էր (ի դեպ, այս նամակը մինչև հիմա պահում եմ իմ արխիվում): Նա գրում է, որ Լևոն Շանթին նվիրված հաղորդման հաջորդ օրը մտել է դասարան և աշակերտները սկսել են բողոքել, թե ինչու մինչ այդ իրենց չի պատմել Լևոն Շանթի մասին: Իսկ, ինչպես գիտեք, այդ տարիներին այլ արգելված գրողների հետ, Շանթը նույնպես ընդգրկված չէր դպրոցական դասագրքերում: Եվ ուսուցչուհին ծրագրից դուրս 45 րոպե նվիրել է Լևոն Շանթին: Ասելիքս այն է, որ այս հաղորդաշարը մի յուրօրինակ հեռուստատեսային դաս էր «Հայ գրականություն» առարկայից, որը տասնյակ տարիներ սերունդներ կրթեց ու դաստիարակեց:


     - Ինչո՞ւ այլևս Ձեզ չենք տեսնում էկրանին, նույնիսկ հյուրի կարգավիճակում:
    
    
- Հեռուստատեսությունից հեռանալուց հետո, որը կյանքիս ամենածանր ժամանակահատվածն է եղել, չդիմեցի այլ հեռուստաընկերություն` աշխատելու: Չուզեցի: Մի տեսակ դավաճանություն էի տեսնում դրա մեջ: Ինչ մնում է հյուրի կարգավիճակում գտնվելուն, ասեմ, որ այո, եղել են բազմաթիվ հրավերներ, նույնիսկ զինվորական շքերթ վարելու, բայց մերժել եմ: Վիրավորանքը չի թողել: Գուցե համեմատությունս կոպիտ հնչի, բայց հավատացեք, դժվար է հյուր լինել սեփական տանը, որտեղ ապրել եմ երեք տասնամյակ: Այոʹ, ապրել եմ, որովհետև հաղորդումների ծանրաբեռնվածության պատճառով հանգստյան օրեր գրեթե չեմ ունեցել: Եղած օրերին էլ տանն էի աշխատում տեքստերի վրա: Սկզբունքորեն դեմ էի եթերում թղթին կառչելուն: Իհարկե, խոսքը լրատվության մասին չէ: Եվ անկախ հաղորդման ծավալից ու տևողությունից, աշխատում էի անգիր մատուցել ամբողջ տեքստը, մոտ 25-30 էջ: Այն ժամանակ սուֆլյոր չկար: Սա մեծացնում էր շփումը հեռուստադիտողի հետ: Այս առումով այսօրվա հաղորդավարները երանելի վիճակում են:


    
     - Ձեզ դո՞ւր է գալիս այն խոսքը, որն այսօր հնչում է հեռուստաէկրանից:
    
    
- Միանգամից ասեմ` ոʹչ` սկսած հնչյունի, բառի սխալ արտաբերումից, վերջացրած տրամաբանական անկապ շեշտադրումներով ու առոգանությամբ: Էլ չեմ խոսում շարահյուսական ու ոճաբանական սխալների մասին: Ամեն ինչ խեղաթյուրված է: Ի՞նչ լեզվով են խոսում մեր որոշ լրագրողներ, հաղորդավարներ, սերիալների դերասաններ: Ոչ այն է հայերեն, ոչ այն` ռուսերեն, անգլերեն, կամ թուրքերեն: Հայոց լեզվի եթերից հնչող աղավաղումների մասին շատ է խոսվել, բայց երբեք քննադատությունն այսքան չի արհամարհվել ու անտարբերության մատնվել: Անում են այն, ինչ ուզում են, խոսում են այնպես, ինչպես իրենց է հարմար. «բացօցյա», «թարմեցնել», «արարածյան», «կարապեծյան», «մածյան», «գյուղապետներ», «փառատոններ», «ձինամո», «թանգանալ», «նախագա», «ոչ մեկ չգիտի», «հիցուն», «գինիկոլոգ»....հատորներ կարելի է կազմել: Իսկ հայկական սերիալների ու հերոսների անուննե՞րը... «Ֆուլ Հաուս», «Սաշ», «Իռեն», «Մառկ», «Յուռա», «Մաքս», «Ստեֆանի», «Վլադ»....կամ` հաղորդումների անունները` Փազլ, Պռոֆայլ, Թոք շոու... Այս ո՞ւր ենք գնում: Ի՞նչ լեզվով ենք դաստիարակում մեր երեխաներին: Ցավն այն է, որ սերիալների լեզուն տեղափոխվեց եթեր և որոշ լրագրողների համար դարձավ ընդօրինակելի: Ասել է, թե` սերիալները դարձան հայոց լեզվի վատ ճաշակի ձևավորող: Վերջերս մի գովազդ լսեցի` «Գնեք նոր ամաններ լվացող հեղուկ»: Մինչդեռ խոսքը ոչ թե նոր ամանների, այլ` հեղուկի մասին է: Սա հայերենասպանություն է, հանցագործություն: Խոսքս ուղղում եմ լուրեր կարդացող հաղորդավարներին, քանի որ լրատվությունը ցանկացած հեռուստատեսության գլխավոր մեխն է և ունի ամենամեծ լսարանը: Սիրելինեʹրս, անսխալ ու հարթ կարդալն ամենևին չի նշանակում լավ կամ ճիշտ կարդալ: Ձերբազատվեʹք մոնոտոնությունից, չափից ավելի արագախոսությունից, գունավորեʹք ձեր խոսքը: Ինչպե՞ս կարելի է նույն տոնայնությամբ ու վերաբերմունքով կարդալ քաղաքական, մշակութային, տնտեսական, մարզական լուրերն ու սահմանին զոհված կամ գլխատված զինվորի մասին ինֆորմացիան: Գոնե տրամաբանական դադար տվեք, դաʹ էլ չկա: Այդ անցումներն այնքան աննկատ ու նուրբ պետք է լինեն, որ մի կողմից չխաթարվի ձեր խոսքի ներդաշնակությունը, մյուս կողմից` հեռուստադիտողը զգա, որ ձեր սիրտն էլ է ցավում կատարվածից, կամ` հրճվում հաղթանակից: Չէ՞ որ դուք ձեր անձը չեք ներկայացնում, այլ մի ամբողջ հեռուստատեսություն: Երբեք չի կարելի թերագնահատել լեզվի, խոսքի ուժը: Ժամանակին այն բանակներ է առաջ տարել ու հաղթանակներ ապահովել (հիշենք թեկուզ Լևիտանին): Հարցնում եք` ի՞նչը կփոխեի: Ինչպես մեր երկիրը, հեռուստատեսությունն էլ գլխիվայր շրջված է: Պատճառը գրագիտության պակասն է, եթե չասեմ իսպառ բացակայությունը այն մարդկանց մեջ, ովքեր կոչված են ղեկավարելու այս կամ այն ոլորտը: Հարկավոր է նրանց փոխարինել մասնագետներով, պրոֆեսիոնալներով: Այսօր ռաբիսի թագավորության շրջան է հեռուստատեսությունում: Խոսքը միայն «Ամենակարող երգիչներ» հաղորդաշարին չի վերաբերում (սա առանձին զրույցի թեմա է ): Էկրանից հնչած խոսքն է ռաբիս, անկիրթ: Ժամանակին հեռուստատեսությոʹւնն էր ժողովրդին ճաշակ թելադրում, այսօր հակառակն է: Ըստ իս հենց սա էլ դարձավ հեռուստատեսության անկման պատճառը, որից ներքև գահավիժելու տեղ չկա այլևս: Այն օրը, երբ կհասկանան, որ հեռուստատեսությունը ոչ միայն լրատվամիջոց է, այլև արվեստների սինթեզ, ճշմարիʹտ արվեստների, այդ ժամանակ մենք կունենանք բարձրակարգ հեռուստատեսություն ու նրանով դաստիարակվող կիրթ հասարակություն:

    
     - Ձեր ժամանակվա և այսօրվա հեռուստատեսությունն ինչո՞վ են տարբերվում:
    
    
- Եթե տեխնիկական հագեցվածության տեսանկյունից նայենք, այսօրվա հեռուստատեսությունը շատ ավելի շահեկան դիրքերում է նախկինի համեմատ: Նույնիսկ համեմատության եզրեր գտնելն է դժվար: Սա մե'ծ առավելություն է, որը հաղորդումը դարձնում է ավելի դիտարժան: Մյուս գլխավոր առավելությունը գրաքննության բացակայությունն է: Հաղորդավարը, մեկնաբանը, լրագրողն ազատ է իր կարծիքը, տեսակետն արտահայտելու մեջ, ինչը չկար նախորդ համակարգի օրոք: Ավելի ճիշտ, այդ կարծիքը հարմարեցված էր իշխող գաղափարախոսությանը: Այս ամենը լավ է, անշուշտ: Բայց եթե հաղորդավարի խոսքն ընդամենը բառերի շարան է, ոչ մի հետաքրքիր միտք, ասելիք չի պարունակում, գերժամանակակից տեխնիկան էլ չի փրկի հաղորդումը, ինչպես արագախոսությունը չի փրկում նրանց, ովքեր դրանով ուզում են քողարկել իրենց դատարկությունը, ասելիքի բացակայությունը: Չկա ավելի հետաքրքիր բան էկրանին, քան մարդը, որը գիտի ինչ է ասում, ինչու է ասում և ում է ասում: Հենց այսպիսի անհատականությունների շնորհիվ է ձևավորվում հեռուստատեսության վարկանիշը: Այս իմաստով իմ հեռուստատեսությունը (թույլ տվեք այսպես արտահայտվել) մեծ առավելություններ ուներ: Նորից գալիս եմ այն մտքին, որ հեռուստատեսության կոլեկտիվ աշխատանքի ամենապատասխանատու օղակը հաղորդավարն է, որի խնդիրը հեռուստատեսության խոսքը ժողովրդին հասցնելն է: Եվ այդ ճանապարհին որևէ խոչընդոտ, խանգարող հանգամանք չպետք է լինի. ո'չ հաղորդավարի ճղճղան ձայնը, ոʹչ տգեղությունը, ոʹչ խելացի երևալու մարմաջը, որն արտահայտվում է հատուկ կեցվածքներ ընդունելով, ոʹչ անթույլատրելիության աստիճանի արագախոսությունն ու շատախոսությունը, ոʹչ լեզվական կանոնների ոտնահարումը, ոʹչ անճաշակ կամ հաղորդմանը չհամապատասխանող հագուստն ու սանրվածքը, ոʹչ շպարվածությունը, ոʹչ մարմնի տարբեր մասերը ի ցույց դնելը... այսպես կարելի է անվերջ շարունակել: Սրանցից որևէ մեկի առկայությունն արդեն բավական է, որ հաղորդավարը չընդունվի, չսիրվի հեռուստադիտողի կողմից: Ահա թե ինչու պետք է մեծ կարևորություն տալ հաղորդավարի ընտրությանը: Ինձ համար ամենակարևորը ձայնն է, հաճելի տեմբրը: Բայց, ցավոք, սա էլ քիչ է: Նա պետք է հմայք ունենա, սովորական մարդկային հմայք, որը բացի հաճելի ձայնից, իր մեջ ընդգրկում է նաև այլ բաղադրիչներ. կրթություն, ինտելեկտ, խոսքի կուլտուրա, գեղեցիկ արտաքին, խոսակցական անթերի ապարատ: Սրանք են հաղորդավարի գնահատման չափանիշները, որոնք, ցավոք, այսօր չեն գործում: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
    
     - Ինչո՞վ եք զբաղվում արտերկրում և արդյոք մտադի՞ր եք վերադառնալ:
    
    
- Ոչ մի բանով չեմ զբաղվում, բացի թոռնիկիս խնամելուց, որը դեռևս բուժման կարիք ունի: Իհարկե կվերադառնամ Հայաստան, միայն թե, տա Աստված, երեխաս առողջանա:

42251 | 1
Facebook