Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հարցազրույցներ

«Նույնիսկ 38 աստիճան ջերմության դեպքում, եթե երեխան հանգիստ է, պարտադիր չէ ջերմիջեցնող տալ». մասնագետ

14:05, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
«Նույնիսկ 38 աստիճան ջերմության դեպքում, եթե երեխան հանգիստ է, պարտադիր չէ ջերմիջեցնող տալ». մասնագետ

Երեխաների հիվանդանալու ժամանակ, հատկապես, երբ նրանք ջերմում են, ծնողները պետք է դրսևորեն առնվազն գրագետ մոտեցում և ջերմիջեցնող դեղորայք տալուց առաջ մտածեն` որքանո՞վ է այն արդյունավետ և անվտանգ: Այս թեմայի շրջանակում MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բոքսային բաժանմունքի վարիչ Հրաչուհի Ղազարյանի հետ:
    
     - Տիկին Ղազարյան, պարտադի՞ր է երեխային ջերմիջեցնող տալ, եթե նա ջերմում է:
    
    
- Տենդն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է և ամեն ջերմություն չէ, որ պահանջում է իջեցում: Ընդհանուր մոտեցումն այսպիսին է. եթե երեխան դիսկոմֆորտի մեջ չէ, նա կարող է ունենալ 38 աստիճան ջերմություն, բայց ակտիվ, ազատ խաղալ, չնվնվալ: Այս դեպքում, պետք չէ շտապել իջեցնել մարմնի ջերմաստիճանը: Իհարկե, կան վտանգի խմբեր` մինչև 3 ամսական երեխան, եթե ջերմում է, սա պահանջում է անհապաղ մանկաբույժի կողմից երեխայի զննում: Խորհուրդ է տրվում, որ 38.30-ից բարձ ջերմաստիճանի դեպքում նոր կատարել ջերմիջեցում:
    
    
- Ինչպիսի՞ ջերմիջեցնող դեղամիջոցներն են արդի բժշկության մեջ կիրառվում:
    
    
- Դրանք կարող են լինել ինչպես ջերմիջեցնող դեղամիջոցները, այնպես էլ շփումները: Շփումները միայն սենյակային ջերմաստիճանի ջրով: Օղի, սպիրտ, քացախ կամ այլ նյութեր ավելացնելն արգելված է: Օրինակ, քացախաթթուն, ինչպես նաև օղին, վտանգավոր են, քանի որ քացախը մաշկից ներծծվում է և կարող է թունավորման պատճառ դառնալ:
    
     - Իսկ նախկինում չգիտեի՞ն, որ դա իրենից վտանգ է ներկայացնում: Այսօր էլ կան մարդիկ, որ քացախի օգնությամբ են փորձում ջերմությունն իջեցնել:
    
    
- Նախկինում նույնպես սխալ էր արվում և բավականին բարդություններ էին առաջանում նման նյութերի շփման արդյունքում` ընդհուպ մահից մինչև մաշկի այրվածքներ:
    
     - Ջերմության դեպքում հակաբիոտիկների առկայությունն ի՞նչ նշանակություն ունի:
    
    
- Հակաբիոտիկ միայն պետք է նշանակվի բժշկի կողմից, եթե բժիշկը զննում է երեխային և ախտորոշում է այնպիսի հիվանդություն, որն ունի մանրէային ծագում և բուժումը պահանջվում է միայն հակաբիոտիկով, ապա այս դեպքում պետք է ընդունի հակաբիոտիկ: Այսինքն` հակաբիոտիկները դրանք ջերմիջեցնող չեն, դա պետք է իմանալ և երբեք ինքնաբուժման նպատակով հակաբիոտիկներ չկիրառել:
    
     - Ի՞նչ պետք է անել վիրուսային հիվանդությունները կանխարգելելու համար, քանզի եղանակի սրությամբ պայմանավորված` այս շրջանում մեծ տարածում ունեն շնչական վարակները:
    
    
- Կանխարգելելու համար կարևոր է ձեռքերի լվացումը, հիվանդ ժամանակ տանը մնալը, կոլեկտիվներ չհաճախելը, քանի որ շատ հաճախ շնչական վարակով հիվանդը շարունակում է հաճախել կոլեկտիվ և վարակի աղբյուր է հադիսանում:
    
     - Շնչական ո՞ր հիվանդություններն են հակաբիոտիկ պահանջում:
    
    
- Շնչական վարակների հետ կապված հիվանդությունները: Նախ պետք է հիշել, որ ոչ բոլոր վարակներն են, որ մանրէային են. շնչական վարակների մեծ մասը վիրուսային են: Չբարդացած շնչուղիների վարակը, բրոնխիտը հակաբիոտիկներ չեն պահանջում: Հակաբիոտիկի նշանակման փաստը որոշում է բժիշկը, եթե, իհարկե, գործ ունի թոքաբորբի, ականջի բորբոքման հետ: Այս դեպքում, այո, մենք առանց անտիբիոտիկների չենք կարող աշխատել: Եվ սա է պատճառը, որ սովորական, չբարդացած, վիրուսային վարակի դեպքում չպետք է հակաբիոտիկ տալ, որպեսզի պաշտպանենք մեր ուժը, որպեսզի բուժենք հենց մանրէային վարակները, եթե նրանց հետ գործ ունենք:

3812 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am