Ռուսական տանկերներն ավիավառելիքի մաքսանենգությամբ են զբաղվում և Եվրոմիության ջրային տարածքներով ավիավառելիք են հասցնում սիրիական ինքնաթիռների ռեակտիվ շարժիչների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Համենայն դեպս, ռուսական դրոշով երկու տանկեր Կիպրոսի ջրային տարածքով իրականացրել են այդպիսի մատակարարումներ, որոնք հակասում են Եվրոմիության պատժամիջոցներին: Մատակարարումների կտրուկ աճ է գրանցվել հոկտեմբերին, ասել է աղբյուրը:
Մեկ այլ աղբյուր նշել է, որ ռուսական տանկերները վառելիքը տեղ հասցնելուց առաջ այցելել են կիպրոսյան և հունական նավահանգիստները:
Ռուսաստանի պաշտպանության և տրանսպորտի նախարարություններն սկզբից ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, սակայն ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ԵՄ-ի պատժամիջոցները Սիրիա վառելիքի մատակարարման հետ կապված չեն կարող տարածվել այդ երկրում ռուսական ավիախմբի վրա: