Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանամերձ Բարձրունի բնակավայրում գործարկվել է լուսավորության էներգախնայող համակարգ

12:10, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Սահմանամերձ Բարձրունի բնակավայրում գործարկվել է լուսավորության էներգախնայող համակարգ

Սահմանամերձ Բարձրունին մեկն է այն բնակավայրերից, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո տարիներ շարունակ քայքայված ենթակառուցվածքների խնդիր է ունեցել: Այստեղ արտաքին լուսավորություն չի եղել շուրջ չորս տասնամյակ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է լուսավորությամբ: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում՝ տեղակայվել է 81 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ:


     Ծրագրի առաջին փուլով 40 լուսարձակ տեղեկայելու արդյունքում լուսավորվել են բնակավայրի հիմնական փողոցները: Ընթացիկ տարում համագործակցող կողմերն ավելացրել են ևս 41 լուսարձակ՝ ամբողջությամբ կարգավորելով խնդիրը:

     Սահմանամերձ գյուղ հերթական շրջայցի ընթացքում՝ համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և բնակիչները:

     ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել Զառիթափ համայնքի ֆինանսական բեռը, այլև՝ աշխուժացնել Բարձրունի գյուղի կյանքը։
     «Այսպիսի բնակավայրերում առկա խնդիրների լուծման միջոցներից մեկը դրանց նկատմամբ համակարգված մոտեցումն է: Այս ծրագրի հիմքում առանձնացնում ենք կարևոր երեք թիրախ. սահմանին ապրող մեր հայրենակիցը, նրա ծախսերի կրճատումը և մարդ-բնություն կապի ներդաշնակությունը: Մենք ձգտում ենք ապահովել անվտանգություն, խնայողություն և բնապահպանություն: Սա մի նախաձեռնություն է, որն ունենալու է և՛ կարճաժամկետ և՛ երկարաժամկետ արդյունք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

     Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:
     Լուսատուները բնակավայրի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

5543 | 0
Facebook