Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանում թունավորել և գաղտնի հողին են հանձնել Իսլամ Քարիմովի դստերը` Գյուլնարա Քարիմովային. ԶԼՄ-ներ

16:15, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Ուզբեկստանում թունավորել և գաղտնի հողին են հանձնել Իսլամ Քարիմովի դստերը` Գյուլնարա Քարիմովային. ԶԼՄ-ներ

Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը Centre-1 լրատվականին հայտնել է, որ Ուզբեկստանի 1-ին նագագահ Իսլամ Քարիմովի ավագ դստերը` 44-ամյա Գյուլնարա Քարիմովային, նոյեմբերի 5-ին թունավորել են, նույն օրը նա մահացել է: Հենց նույն գիշերն էլ նրան գաղտնի հողին են հանձնել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանն, այնուհետև հողին են հավասարեցրել գերեզմանը:
     Աղբյուրի հաղորդմամբ` ինքն անձամբ է մասնակցել Գյուլնարա Քարիմովայի հուղարկավորությանը: Աղբյուրը չի հայտնել իր անունը, սակայն նշել է, որ հեռախոսազրույց է տվել Centre-1 լրատվականին, քանի որ անհանգստացած է Գյուլնարա Քարիմովայի զավակների ճակատագրի համար, ովքեր այժմ անօգնական և ձայնազուրկ վիճակում են:
     Գյուլնարա Քարիմովայի սպանության մասին լուրերն արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում:
     «Ցույց տվեք Գյուլնարային» անվամբ թվիթերյան օգտատերը դիմել է լրագրողներին ու միջազգային իրավապաշտպաններին` պահանջելով հետաքննել այդ միջադեպը: Օգտատերը նաև պահանջել է, որ եթե Քարիմովան ողջ է, թող հայտնվի հանրության առջև կամ տեսաուղերձով հանդես գա:
     Twitter-ում Քարիմավոյի անունով էջ է հայտնվել, սակայն «Ազատություն ռադիոկայան»-ի ուզբեկական ծառայության լրագրողները բացահայտել են, որ դա կեղծ էջ է: Այդ օգտատերը վերջին մի քանի օրերին կասկածելի ակտիվություն է ցուցաբերում, ինչն ավելի ու ավելի է հաստատում այն լուրերը, որ Գյուլնարա Քարիմովան ողջ չէ:
     Centre-1-ը փորձել է տեղեկատվությունը ճշտել երկրի իշխանություններից, սակայն պատասխան չի ստացել:
     Հիշեցնենք, որ մինչև 2013-ի հոկտեմբեր ամիսը Քարիմովան համարվում էր հոր շարունակողը երկրի ղեկավարման գործում, սակայն այդ ժամանակից ի վեր նրա ու հոր հարաբերությունները կտրուկ վատացել են, երբ փաստեր են ներկայացվել, թե նա Ազգային անվտանգության ծառայության մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ միասին փորձել է տապալել հոր իշխանությունը: Վարկածներ կան, որ հայրը ծեծի է ենթարկել աղջկան, ինքը՝ Գյուլնարան պնդել է, որ իրեն փորձել են թունավորել: Նա քանիցս համացանցում քննադատել է Իսլամ Քարիմովի վարած քաղաքականությունը՝ այն որակելով բռնապետական:

Հոր կարգադրությամբ կասեցվել է Գյուլնարային պատկանող հեռուստաալիքների ու ռադիոկայանների հեռարձակումը, նրա բիզնեսը ենթարկվել է ճնշումների: 2013-ի հոկտեմբերից ի վեր նա տնային կալանքի տակ է եղել: Գյուլնարային այս տարվա սեպտեմբերին նույնիսկ թույլ չի տրվել մասնակցել հոր հուղարկավորությանը: Ավելի վաղ նա համացանցում տեղեկություններ է տարածել, որ հայրն ու մայրը մտադիր են ֆիզիկապես ոչնչացնել իրեն:

12930 | 1
Facebook