Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Երբ վթարից մարդ է մահանում, ապահովագրությունը պետք է հոգա թաղման ծախսերը՝ 1.000.000 դրամի չափով: «Ռոսգոսստրախ»-ը ոչ մի գումար չվճարեց». Հովհաննես Մաթևոսյան

12:40, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
«Երբ վթարից մարդ է մահանում, ապահովագրությունը պետք է հոգա թաղման ծախսերը՝ 1.000.000 դրամի չափով: «Ռոսգոսստրախ»-ը ոչ մի գումար չվճարեց». Հովհաննես Մաթևոսյան
     MAMUL.am լրատվականի ընթերցողներից Հովհաննես Մաթևոսյանը դժգոհում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից: Հովհաննեսը 2010-2011 թվականներին նշված ընկերությունում կատարել է իր բնակարանի, կյանքի, ճանապահորդության և 3 ավտոմեքենաների ապահովագրությունները: «2014թ. ունեցա վթար, որի ժամանակ, ցավոք սրտի, մարդ մահացավ: ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ ԱՊՊԱ պայմանագրերով վթարների դեպքերում, երբ մարդ է մահանում, պետք է ապահովագրական ընկերության կողմից որպես թաղման ծախս փոխհատուցվի միանվագ գումար՝ 1.000.000 դրամի չափով: Դատավարությունը տևեց մոտ մեկ տարի, որի ընթացքում «Ռոսգոսստրախ»-ը ոչ մի գումար չվճարեց` սպասելով դատավարության ավարտին: Դատավարության ընթացքում տուժողի իրավահաջորդը թե նախաքննական մարմնում և, թե դատարանում հայտնել էր, որ որևէ բողոք չունի իմ նկատմամբ, իսկ փոխհատուցում չի պահանջում, քանի որ որոշ փոխհատուցում տվել եմ, իսկ մնացած գումարից հրաժարվում է, քանի որ ՀՀ-ում գործող ԱՊՊԱ-ն փոխհատուցում է ու կստանան ԱՊՊԱ-ից: Տուժողի այս դիրքորոշումը դատարանը դատավճռում ձևակերպել էր կարճ խմբագրությամբ` նշելով, որ .Տուժողը բողոք չունի, քանի որ վնասը փոխհատուցվել է ամբողջությամբ»: «Ռոսգոսստրախ Արմենիան» կառչելով դատարանի այս խմբագրությունից, առանց հաշվի առնելու տուժողի բացատրությամբ ու դատարանին հայտնած գրավոր դիրքորոշմամբ ներկայացված փոստերը, հրաժարվեց վճարել ապահովագրական գումարը: Դիմեցինք դատարան, դատավճռում սխալն ուղղելու և տուժողի հայտնած դիրքորոշումն ամբողջությամբ շարադրելու դիմումով, սակայն երեք ատյան անցնելով` մերժվեցինք: Դատարանները պատճառաբանեցին, որ տուժողը հայտնել է, թե բողոք չունի, ուստի դա բավարար է դատարանի համար` գնահատելու, որ փոխատուցում ստացել է: Այնուհետև տուժողը դիմեց դատարան` «Ռոսգոսստրախ Արմենիա»-ից գումար բռնագանձելու պահանջով, որի ընթացքում ապահովագրող ընկերությունն ամեն գնով պայքարեց, որպեսզի չվճարի ապահովագրական գումարը: Այս անգամ դատարանը մերժեց հայցը` նշելով, որ ծախսերի վերաբերյալ վճարման անդորրագրեր չի ներկայացվել, իսկ ՀՀ օրենքով նախատեսված 1.000.000 դրամ փոխհատուցման վերաբերյալ դրույթը կիրառելի չէ: Ստացվեց այնպես, որ վճարման անդորրագրերի փաստը գերազանցեց ՀՀ օրենսդրությանը: Օրենքի այսպիսի կիրառությունը պարզապես խայտառակություն է:
     Նշված դատավարութոյւններից հետո, տուժողը պահանջ ներկայացրեց, որ եթե իմ ապահովագրական ընկերությունը չի վճարում, ապա պետք է ես վճարեմ, հակառակ դեպքում բողոք կներկայացնի իմ դեմ: Նախ պետք է նշեմ, որ կատարված դեպքն առանց այն էլ հաճելի երևույթ չէր, մահացած անձի դեպքը տարիներ շարունակ քննարկելը թե ինձ համար, թե տուժողի իրավահաջորդի համար և, երկրորդ հերթին հաշվի առնելով, որ ժամանակին մարդիկ բողոք չներկայացրեցին իմ դեմ, մարդկային չէր լինի անտարբեր մնալ ու անտեսել: Ես առանց այն էլ վարկերով ծանրաբեռնված լինելով հանդերձ, կրկին վարկ վերցրեցի՝ տարեկան 22% տոկոսադրույքով և վճարեցի այդ փոխհատուցման գումարը: Այսքանից հետո «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն այդպես էլ տեղից չշարժվեց, ինչի արդյունքում 2015 թվականից փոխեցի ապահովագրական ընկերությունն այլ ապահովագրական ընկերության հետ:
     Դժգոհ մնալով «Ռոսգոսստրախ»-ի գործողություններից` ինչպես նաև՝ տեղեկանալով, որ որոշ վթարների դեպքերով պատճառված վնասների գնահատումները ծանոթներին մեջտեղ խառնելով (անձանց անունները չեմ կարող տալ) կատարվում են չափազանց բարձր գներով, օրինակ՝ գնահատման հիմքում դրվել են պահեստամասերի չօգտագործված ու թանկ գներն, ինչը սովորաբար չեն անում, պատճառաբանելով մեքենաների մաշվածության փաստն ու տարեթվերը: Ես իմ բարկությունն արտահայտեցի «Ռոսգոսստրախ»-ի ֆեյսբուքյան էջում, նրանց էջում տեղադրեցի իմ կողմից կատարված վճարման անդորրագիրը: Այնուհետև կրկին մեկ այլ հրապարակման տակ տեղադրեցի այդ կտրոնը, կրկին արտահայտելով իմ վատ վերաբերմունքն իրենց հանդեպ, որից հետո ընկերներիցս մեկը հայտնեց, որ իմ քոմմենթները ջնջվել են նրանց կողմից, փորձեցի ստուգել, պարզվեց, որ բացի նրանից, որ նրանք ջնջում են իմ քոմմենթներն, նաև արգելափակել են ինձ ու ես չեմ կարող մտնել իրենց ֆեյսբուքյան էջը: Սա իմ կողմից գնահատվում է որպես ծայրահեղ անհարգալից վերաբերմունք՝ իրենց ծառայություններից օգտվող, կամ թեկուզ չօգտվող քաղաքացիների նկատմամբ: Այսինքն հրապարակում են միայն իրենց հանդեպ գովեստի հրապարակումները` թաքցնելով, ջնջելով ու արգելափակելով իրենցից դժգոհողների հրապարակումները, դա արդար մրցակցություն չէ, դա անբարոյականություն է, ինչն ավելի է բարկացնում ինձ: Այստեղ գումարի հարցը չէ, այստեղ քաղաքացիների հանդեպ անհարգալից, անշնորք ու վատ վերաբերմունքն է: Թե այսպիսի թափթփուկ ընկերությունների, թե հոգեվարքի մեջ գտնվող դատարանների, ովքեր աշխատում են ծայրահեղ անարդար գործելաոճով, թե պետական մարմինների արհամարհական վերաբերմունքի արդյունքում՝ ինչպես շատերն, այնպես էլ ես, այսօր լքել եմ երկիրը»,- իր հաղորդագրության մեջ նշել է Հովհաննես Մաթևոսյանը:
4577 | 0
Facebook