Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Արարքներիդ համար հատուցման վախը քեզ մանյակ է դարձրել: Արտագաղթի՛ր քո իսկ ասֆալտապատած ճանապարհով». Վահան Շիրխանյանի նամակը` Սերժ Սարգսյանին

17:00, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
«Արարքներիդ համար հատուցման վախը քեզ մանյակ է դարձրել: Արտագաղթի՛ր քո իսկ ասֆալտապատած ճանապարհով». Վահան Շիրխանյանի նամակը` Սերժ Սարգսյանին
     ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վահան Շիրխանյանի նամակը Սերժ Սարգսյանին` փոխանցված «Հրապարակի» միջոցով.
    
    

Սիրելի լրագրողներ,

Շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք և եկաք: Ինձ մեղավոր եմ զգում, որ հրավիրեցի և չհանդիպեցի: Հայավարի չի: Ներեք ինձ: Պարզապես իմ և ձեր միջև հայտնվել են հայությունից ու հայկականությունից շատ հեռու մարդիկ:

Երեխեք ջան, դուք այսօր ներքին ճակատամարտի առաջնամարտիկներն եք: Եթե այդ գիծը հանձնեք Սերժին, Հայաստանից ոչինչ չի մնա: Պինդ, հաստատակամ և ուժեղ եղեք:

Մենք դեռ անպայման կհանդիպենք:

Հիմա ես ուզում եմ դիմել Սերժին:

Սերժ, դու միակն ես, ում հաջողվել է 23 տարի անընդհատ Հայաստանում զբաղեցնել բոլոր հնարավոր և անհնար բարձրագույն պաշտոնները: Բոլոր պաշտոններում քո պարտականությունը եղել է արդարության, օրինականության և օրենքի գերակայության հաստատումը: Սակայն դու առաջին օրվանից պետականաշինության այս կարևորագույն գործառույթները մի կողմ ես դրել և սկսել ես քո անձնական իմպերիայի կառուցումը: Հայաստանյան Արցախին և հայությանը այդ շինարարության հասցրած վնասը թվերով ներկայացնել և հաշվարկել հնարավոր չէ: Ես չեմ ուզում այս անգամ բացել քո մեկ պաշտոնից մյուսին անցնելու «նրբությունները»: Դա հետո: Հիմա դու արդեն ավարտել ես քո իմպերիայի կառուցումը: Բայց բացումը անելու ես 17-18-ին: Սերժ, ինչո՞վ ես դու մնալու պատմության մեջ: Լևոնը անկախ Հայաստանի հիմնադիր նախագահն է, Ռոբերտը նոր հայկական բուրժուազիայի հիմնադիր նախագահն է, իսկ դո՞ւ:

Դու շատ կոչումներ ես վաստակել:

Բերեմ մի քանիսը:

1. Անարդարության և կոռուպցիայի իմպերիայի հիմնադիր նախագահ

2. Արտագաղթի պետական ծրագրի ղեկավար, արտագաղթը հարուցող և հովանավորող նախագահ

3. Հավաքականորեն, 400 գյուղ և հայկական քաղաք ոչնչացրած նախագահ

4. Վաղվա օրվա, ապագայի հանդեպ ժողովրդի հույսը, հավատը իսպառ ոչնչացրած նախագահ

5. Արդարադատության ողջ համակարգը բացարձակ անարդարության վերածած նախագահ

6. Համահայկական միասնության կայացումը խափանող նախագահ

7. Ողջ ընտրական համակարգը ծաղրի առարկա դարձրած նախագահ (95-ին` մասնակի, այնուհետև` միանձնյա):

Ես կարող եմ այս բոլորը փաստացիորեն հիմնավորել, իսկ դու կարո՞ղ ես տակից դուրս գալ:

Վազգենի և Դեմիրճյանի մահը քեզ չվախեցրեց: Հետևողականորեն ոչնչացրիր նրանց բոլոր ծրագրերը և ժառանգությունը: Ի՞նչ կասեր կամ կաներ Վազգենը, եթե այսօր հանդիպեր քեզ: Արարքներիդ համար հատուցման վախը քեզ մանյակ է դարձրել: Ամբողջ ժողովուրդը պատանդ վիճակում ես պահում: Մի հատ հրապարակի, թե քանի հազար սպա են վարկի տոկոսների տակ, քանի հարյուր հազար մարդու գույք է կալանքի տակ, քանի հարյուր հազար մարդու հեռախոսներ ես գաղտնալսում: Սերժ, ի՞նչ ես անում: Հասար նրան, որ ամանորյա տոնածառս ես արգելում: Ես շատ ուրախ կլինեի, եթե մի օր փոխվեիր ու դառնայիր 92-ի Սերժիկը, բայց արդարությունից ու ճշմարտությունից դու վերջնականորեն հրաժարվել ես: Որպեսզի դու հատուցման վախից ու սարսափից ազատվես ու հազարավոր քո քանդած, ավերած օջախներին նորերը չավելացնես, լսիր Մաքիավելիին. «Երբ տիրակալը տեսնում է, որ հպատակները լցված են բացարձակ ատելությամբ, շտապ պետք է մերձավորների հետ հեռանա»: Սերժ, արտագաղթիր քո իսկ կառուցած, բետոնած ու ասֆալտապատած ճանապարհով և հետդ տար Հայաստանը ամայացնող քո հարյուրավոր ավտոբուսները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի վերականգնել քո քանդած երկիրը ու Արցախը պահել ու զարգացնել:

Հա, ի դեպ, կախարդական փայտիկի մասին: Իհարկե, դու այն չէիր կարող ունենալ: Դա Վազգենինն է և ունի հետևյալ բաղադրիչները:

1. Երկրի և ազգի խնդիրների խորը իմացություն

2. Անմնացորդ և սրտացավ հայրենասիրություն

3. Խիզախություն և վճռականություն: Այսօր էլ այդ կախարդական փայտիկը վարչապետի գրասեղանի դարակում է: Միգուցե, շատ երկար սպասելուց և ցանկանալուց է, որ Կարենի խոսքերում երբեմն երբեմն որսում եմ վազգենական տոնայնություն: Բայց քանի դու կաս, կախարդական փայտիկը օգտագործել չի կարողանալու:

Հեռացիր, Սերժ, աղքատության մեջ տառապող հայ ժողովուրդը համենայնդեպս մեծահոգի է, կարող է և ների: Եւ անպայման հետդ տար բոլոր կառույցներում տաքուկ բարուրված մուկուչյանններին, որպեսզի Հայաստանում գան իշխանության ժողովրդին ծառայող և նրա առաջ պատասխանատվություն կրող մարդիկ: Որպեսզի Հայաստանը դադարի խաբել ինքն իրեն, Ռուսաստանին, Եվրոպային, ողջ սփյուռքին: Հեռացիր ու հետդ տար ստի, չէ, մշտական ու անամոթ ստի քո սուպերմարկետ-համակարգը, որը կարող էր ստեղծել միայն կրթվածությունից շատ հեռու, իրեն աշխարհի ամենախելոքը համարող մարդը: Այցելիր քո ամայացած գյուղերը, քաղաքները, անմեղ մարդկանցով լցված բանտերը, եթե կարողանաս հաղթահարել վախդ, ահ ու սարսափդ` հանդիպիր Ժիրայրի որդեկորույս, կարիքի մեջ խեղդվող ծնողներին քո օֆշորավոր, դղյակավոր մանկլավիկների հետ: Միգուցե, մարդկային ինչ-որ բան արթնանա ու քո մեջ համոզվես, որ քո հեռանալն է միայն ելքը:

Դու նաև ուրախանալու առիթ ունես: Ինձ բանտարկեցիր առողջ վիճակում, երբ կարողանում էի ժամերով քայլել թոռնիկիս հետ, երբեմն գրկելով նրան: Հիմա չեմ կարողանում քայլել: Պարգևել ես թոքի ինֆարկտով: Մարմնիս մեջ 30 սանտիմետր մետաղական առարկայով, գլխուղեղիս վրա տրոմբի գնդիկներով և այլն: Այս տեմպերով եթե գնա, շուտով պատրաստվի պարգևատրելու քննչականի պետ Համբարձումյանին ու էլի մի քանիսին քո կողմից նրանց առջև դրված` ինձ սպանելու խնդիրը «պատվով» կատարելու համար: Ես առավել քան հանգիստ եմ, քո հրամանով քո բանտում:

5. Սպանվելը շատ ավելի պատվաբեր է, քան նույնիսկ թուրքի գնդակից զոհվելը: Հոգնեցի, մյուսը հետո: «Մարտական խաչ» առաջին ատսիճանի շքանշանի ասպետ, Վազգենի մարտական զինակից և ուղեկից Վահան Շիրխանյան: Հա, մի խնդրանք: Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր պաշտոնյա կալանավորն եմ: Անարդարության, այսինքն, քո չափանիշների մեջ դա չի տեղավորվում: Զավակներիցս երկուսը գործազուրկ են, մեկն էլ վարձով է ապրում: Ուղարկի իմ մոտ 1-2 վարչապետ (դղյակավոր, օֆշորավոր) կամ գոնե Նժդեհի նորագույն ուսմունքի հեղինակներիդ, ԱԺ նախագահ, նման բան: Կարող է, 70 տարեկան հասակում այդ երիտասարդներն ինձ ինչ-որ բան բացատրեն: Միևնույն է, դրանց վերջն այստեղ է, եթե ոչ քո հրամանով, ապա ժողովրդի վճռով:

17244 | 14
Facebook