Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե քեզ ամեն օր պատերազմով ու ֆիզիկական բնաջնջմամբ են սպառնում, ապա ստիպված ես ձեռնարկել համապատասխան քայլեր». ՀՀ նախագահի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովի հետ

12:05, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
«Եթե քեզ ամեն օր պատերազմով ու ֆիզիկական բնաջնջմամբ են սպառնում, ապա ստիպված ես ձեռնարկել համապատասխան քայլեր». ՀՀ նախագահի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովի հետ
     Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Russia Today միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին: Հարցազրույցի առանցքում են եղել արցախյան հակամարտության կարգավորումը, նաև հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման տեսլականները:
    
     Հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա որևէ օգուտ կբերի արցախյան կարգավորման գործընթացին:
    

«Մենք երբեք չենք հրաժարվել որևէ հանդիպումից, լինի նախագահի, ԱԳ նախարարի, անգամ` աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ կողմ ենք, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, ինչ-որ առաջընթաց լինի: Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետո չեն կատարվում պայմանավորվածություններն, ի՞նչ օգուտ այդ հանդիպումներից:
     ...Հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է հենց վաղը, հենց այսօր երեկոյան համաձայնագիր ստորագրել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննությունների մեխանիզմի ստեղծման մասին: Մենք ուզում ենք, որ ևʹ համանախագահները, ևʹ միջազգային հանրությունը հստակ իմանան, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
     «Մենք ճանաչում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունն, այդ թվում` Ադրբեջանի, բայց ժողովուրդների ինքնորոշումը որևէ կերպ չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի և ժողովրդի, որը կոմպակտ ապրում է այդ տարածքում, առավել ևս` իր պատմական հայրենիքում: Քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման: Եթե մենք հերքում ենք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքն, ապա մենք չպետք է դուրս գայինք ԽՍՀՄ կազմից, քանի որ դա տեղի է ունեցել հենց այդ սկզբունքի հիման վրա: Հետևաբար, այդ սկզբունքները չեն հակասում իրար»,- ասել է Սարգսյանը` նկատելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
    
     Հարցազրուցի ընթացքում խոսվել է նաև ՀՀ տարածքում «Իսկանդեր» ռուսական հրթիռային համալիրների տեղակայման մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ դա պարտադրված քայլ է եղել. «Կարծում եմ՝ դա պարտադրված քայլ էր, որպեսզի ինչ-որ կերպ հավասարակշռվի իրավիճակը մեր տարածաշրջանում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին պարբերաբար ձեռք է բերել նորագույն սպառազինություններ։ Մենք չունենք Ադրբեջանի պես հնարավորություններ, նկատի ունեմ՝ ֆինանսական հնարավորություններ, սակայն անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրադրությունը՝ գտնելով հակաթույն։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում «Իսկանդեր»-ը հենց այդ հակաթույնն է»։
     Ըստ Սարգսյանի` եթե «քեզ ամեն օր պատերազմով ու ֆիզիկական բնաջնջմամբ են սպառնում», ապա ստիպված ես ձեռնարկել համապատասխան քայլեր։
     Սերժ Սարգսյանը հրաժարվել է կանխատեսումներ անել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման մասին: «Հիշում եմ ձեր հարցազրույցը Ադրբեջանի նախագահի հետ: Այդ ժամանակ նա ասում էր, որ նրանք, այսինքն` հայերը, պետք է հարակայուն ճնշման տակ ապրեն` մտածելով, որ ամեն պահի ինչ-որ բան կարող է կատարվել: Նման բացահայտ սպառնալիքից հետո էլ ի՞նչ կանխատեսման մասին կարող է խոսք լինել: Այդ հարցն ինձ չպետք է հասցեագրվի: Եթե մեզնից կախված լիներ, ապա ես 100% վստահությամբ կասեի, որ մենք երբեք նախահարձակ չենք լինի, ու, հետևաբար, իրադրությունը երբեք ռազմական բախման չի վերածվի, իսկ երբ գործ ունես մեկի հետ, ով իր առջև խնդիր է դրել պատերազմական ճանապարհով լուծել խնդիրն, ապա դժվար է ասել կամ կանխատեսել որևէ բան»,- շեշտել է Սարգսյանը:

Սարգսյանը կարևորել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Ըստ ՀՀ նախագահի` մեծ է եղել Ռուսաստանի դերը հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
     Հարցին` հնարավո՞ր է արդյոք ՀՀ-ում ռուսական ևս մեկ ռազմաբազայի տեղակայումը, Սարգսյանը պատասխանել է` դրա անհրաժեշտությունը չկա: «Փոքրիկ Հայաստանում 1 ռազմաբազան էլ բավարար է, անհրաժեշտ է պարզապես հզորացնել այն»:
     Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով ` Սերժ Սարգսյանը նկատել է. «Այոʹ. մենք հետաքրքիր տարածաշրջանում ենք ապրում»: Նա հայտել է, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կապում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ: Այնինչ, ըստ Սարգսյանի, հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ Երևանի և Անկարայի փոխադարձ համաձայնությամբ՝ առանց նախապայմանների:
    
     Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ աջակցում է Ռուսաստանի` Սիրայում վարող քաղաքականությունը:
     Եզրափակելով զրույցը` ՀՀ նախագահը նշել է. «Ո՞րն է ազգային գաղափարը. դառնալ հզոր պետություն, ամուր պետություն: Չունենալ խնդիրներ ոʹչ Ադրբեջանի, ոʹչ Թուրքիայի հետ: Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Ղարաբաղը կլինի կաʹմ ՀՀ կազմում, կաʹմ անկախ պետություն: Երիտասարդ տղաները տուն դառնան, ու մենք չմտածենք` ինչպես ամոքեք զոհված տղաների ծնողների վիշտը: Ես ցանկանում եմ, որ մեր սահմանը բաց լինի Թուրքիայի հետ: Ուզում եմ, որ թուրթ երիիտասարդները հասկանան, որ իրենք մեղավոր չեն այն բանի համար, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է եղել....»:

7744 | 14
Facebook