Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

16:40, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
Մեկնարկեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Նոյեմբերի 11-ին մեկնարկեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, Էօն-ում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ- սրճարանում: Բացման արարողությանը հաջորդել է «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։ Ֆիլմը հավաքել է արտիստների և ակտիվիստների մի խումբ, որպեսզի աշխարհին ցույց տա ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների և նրանց զանգվածային ոչնչացման մասին պատմող երբևէ չցուցադրված պատկերներ։ Թափանցելով տխրահռչակ սև շուկաներ, թե հետազոտելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, «Ոչնչացման մրցավազքը» կոչված է փոխելու մեր աշխարհայացքը: Նոյեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնի II հարկի նախասրահում բացվել է նաև աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 14-ը։ Բնապահպանական կարևոր խնդիրների անդրադարձող «Արևորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է և խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաև նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը: Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին: Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվելու են 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։ Փառատոնի շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Հայաստանում առաջին մասնավոր պահպանվող տարածքի՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի» ստեղծմանը հիմնապես աջակցելու, «Արևորդի» բնապահպանական էկո-ակումբների կայացմանը նպաստելու և բնապահպանական գաղափարախոսությունը համայնքում ինտեգրելու, կայուն էկո-միջավայր ձևավորելու համար ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին շնորհվեց «Բնապահպանության ասպետ»-ի բարձր տիտղոսը: Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նույեմբերի 14-ին, 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում։ Արարողությանը կհաջորդի Գրահամ Թովնսլիի հեղինակած «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը նոտաներով ներշնչված երազանքի մասին է: Հուզական ու սրտառուչ պատմություն այն մասին, թե ինչպես են թափոններից պատրաստված երաժշտական գործիքները հույս ու արժանապատվություն բերում երեխաներին: Ֆիլմ «Վերամշակված նվագախմբի»՝ Պարագվայի ետնախորշերում ապրող մի խումբ երեխաների մասին, որոնք նվագում են ամբողջությամբ թափոններից պատրաստված գործիքներով: Սա երաժշտության փոխակերպող ուժն արտացոլող գեղեցիկ պատմություն է, որը նաև բարձրաձայնում է մեր ժամանակների երկու կենսական խնդիրների՝ աղքատության և թափոնային աղտոտվածության մասին:
     Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ- ի աջակցությամբ։

5569 | 0
Facebook