Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի՞նչ կփոխվի աշխարհում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո

11:45, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Ի՞նչ կփոխվի աշխարհում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է լրջորեն ազդել ԱՄՆ-ի և աշխարհաքաղաքական խոշոր մյուս դերակատարների միջև հարաբերությունների վրա: Այս մասին ծավալուն հոդվածով հանդես է եկել BBC լրատվականը:

ՆԱՏՕ-ն ցնցման է սպասում
     Դոնալդ Թրամփը հայտնի է ՆԱՏՕ-ի հասցեին իր կոշտ քննադատությամբ: Հայտնի փաստ է, որ իր գոյության 60 տարիներին Հյուսիսատլանտյան դաշինքն ԱՄՆ արտաքին քաղաքականության անկյունաքարն է: ԱՄՆ նորընտիր նախագահը կարծում է, որ դաշինքն իր դարն ապրել է, իսկ նրա անդամներն, ըստ Թրամփի, անշնորհակալ դաշնակիցներ են, որ բարգավաճում են ամերիկյան առատ ներդրումների հաշվին: ԱՄՆ-ն այլևս չի կարող իրեն թույլ տալ պաշտպանել եվրոպական ու ասիական երկրներն` առանց համարժեք փոխհատուցման: Թրամփն առաջարկել է հանել այդ երկրներից ամերիկյան զորքերը, եթե դաշնակիցներն ի վիճակի չեն հոգալ նրանց կեցության ծախսերը:
     Թրամփի հայտարարությունը կարելի է մեկնաբանել իբրև նախատինք` հասցեագրված ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասին: Թրամփի հայտարարություններն արդեն իսկ անհանգստացրել են դաշինքի` մասնավորապես արևելաեվրոպական երկրներին, որոնք ՆԱՏՕ-ն ընկալում են իբրև ամրոց` Ռուսաստանից պաշտպանվելու համար:
    
     Ավելի ջերմ հարաբերություններ Ռուսաստանի հետ
     Դոնալդ Թրամփը լիահույս է, որ իրեն կհաջողվի մեղմացնել Ռուսաստանի հետ լարվածությունը: Ինչպես հայտնի է, նա բազմիցս դրվատանքի խոսքեր է ասել Պուտինի հասցեին` նրան ուժեղ առաջնորդ որակելով:
     Իր նախագահության մեկնարկին Բարաք Օբաման հայտարարել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկման մասին, բայց դրանից հետ Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հարաբերություններն ավելի են լարվել, իսկ Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում ունեցած տարակարծությունների համատեքստում այդ լարվածությունը հասել է իր գագաթնակետին:
     Այդուհանդերձ, Թրամփը գրեթե չի խոսել այն մասին, թե ինչպես պետք է կարգավորվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, բացառությամբ ՌԴ-ի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքար ծավալելու պատրաստակամության:
     Ըստ լրատվականի, Թրամփը պետք է կողմնորոշվի` կարելի՞ է արդյոք գործնականում ռուսների հետ համաձայնության գալ և առնչություն ունենալ: Սակայն Թրամփը վստահ է, որ կարող է լեզու գտնել Պուտինի հետ, ավելի լավ, քան Հիլարի Քլինթոնն ու Բարաք Օբաման:

Ազատ առևտրի մասին համաձայնագրի ճակատագիրը
     Արտաքին առևտրային քաղաքականության հարցում Թրամփի քաղաքականությունը կարող է լրջորեն ազդել Միացյալ Նահանգների` այլ երկրների հետ ունեցած հարաբերությունների վրա:
     Նորընտիր նախագահը բազմիցս սպառնացել է դուրս գալ ազատ առևտրի մասին գոյություն ունեցող մի շարք պայմանագրերից, այդ թվում` ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև կնքված Հյուսիսամերիկյան պայմանագրից: Ըստ Թրամփի` այդ պայմանագիրը գործազրկության մակարդակի աճի պատճառ է:
     Թրամփը չի բացառել նաև ԱՄՆ-ի` Առևտրի համաշխարհային կազմակերպությունից դուրս գալը: Նորընտիր հանրապետական նախագահը աջակցում է ներմուծման հարկի սահմանման գաղափարին և չի բացառում Չինաստանից ներմուծման վրա 45%-ի չափով հարկային պարտավորվածության սահմանումը: Նա նաև կողմ է մեքսիկական ապրանքների վրա 35%-հարկային պարտավորվածություն սահմանելուն:

Իրանական միջուկային գործարք
     Օբամայի համար Իրանի հետ գործարքը, որի շրջանակներում իրանական իշխանությունների կողմից միջուկային զենքի մշակումից հրաժարվելու պայմանով չեղարկվեցին այդ երկրի հանդեպ գործող միջազգային պատժամիջոցները, «պատմական փոխըմբռնման» պահ էր:
     Թրամփի համոզմամբ` դա երբևէ ձեռք բերված վատագուն համաձայնագիրն էր: Նրա համար այդ գործարքից հրաժարվելն առաջնահերթություն է:
     Նման քայլը կարող է լուրջ հետևանքներ թողնել Մերձավոր Արևելքում, որտեղ Իրանն իրաքյան և սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային դերակատար է և մրցակցում է հատկապես Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ:
     Իրանի արտգործնախարար Մահամմեդ Ջավադ Զարիֆն արդեն իսկ հայտարարել է, որ հորդորել է Թրամփին հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրի տառին և հարգանքով վերաբերվել այն գերտերություններին, որոնց առաջնորդներն ստորագրել են այդ համաձայնագրի տակ:

Ասիայում միջուկային զենքի տարածում
     Դոնալդ Թրամփի նախագահությունը բարձրացնում է Ասիայի միջազգային անվտանգության հարցը:
     Չինաստանը, ենթադրաբար, կողջունի Թրամփի հաղթանակը:
     Ինչ վերաբերում է Ճապոնիային և Հարավային Կորեային, ապա այդ երկրների հասցեին հայտարարություններ անելիս Թրամփը նշել է, որ նրանք գերկախվածություն ունեն ԱՄՆ-ից: Նա անգամ հայտարարել է, որ 2 երկրներն էլ միայն կշահեն, եթե միջուկային սեփական զինանոցն ունենան:
     Տարածաշրջանում հալածյալ մի պետություն կա` Հյուսիսային Կորեան, որ արդեն իսկ սեփական միջուկային զենքն է մշակում: Դոնալդ Թրամփը կբախվի հյուսիսկորեական միջուկային հավակնությունները զսպելու խնդրին, որը չեն կարողացել լուծել ամերիկյան շատ նախագահներ: Վերջին ամիսներին Թրամփը Հյուսիսային Կորեայի նախագահին անվանել է «վատ տղա», սակայն չի բացառել նրա հետ երկխոսության հնարավորությունը:
     Այսպես, թե այնպես, Թրամփն, ով նախագահի ամենաանկանխատեսելի թեկնածուն էր համարվում, աշխարհի ամենաանկանխատեսելի պետությունների հետ բանակցելու փորձերով կարող է Հյուսիսային Կորեան վերածել հերթական թեժ կետի:

8622 | 5
Facebook