Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղձքում պայքարն արդյունք տվեց. դպրոցի նորանշանակ տնօրենը հեռացվեց պաշտոնից

12:05, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
Աղձքում պայքարն արդյունք տվեց. դպրոցի նորանշանակ տնօրենը հեռացվեց պաշտոնից
     Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել էին MAMUL.am լրատվականի խմբագրություն և բողոքում էին, որ դպրոցի տնօրենին` Հարություն Սուքիասյանին անհիմն հեռացրել են աշխատանքից, փոխարենը մարզպետը տնօրեն է նշանակել իր ծանոթներից մեկին, ով նույնիսկ հավաստագիր չունի: «Սուքիասյանը 1997-ից դպրոցի տնօրեն է եղել, իսկ անցյալ տարի Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է որպես լավագույն ուսուցիչ: Երբ մեր նախկին տնօրենը մոտեցել է մարզպետին, բողոքել է, որ Սոնան, ում հիմա նշանակել են որպես տնօրեն, անգամ հավաստագիր չունի: Մարզպետն էլ կոշտ պատասխանել է` «չունի` կունենա»: Մեր մարզպետը դաշնակցական է, և իր խմբակիցներից մեկին է բերել որպես տնօրեն, մեզ էլ սպառնում է, թե քաղաքական խաղեր են, դուք դեռ չգիտեք ձեր գլխի գալիքը»,- պատմել էին մեր զրուցակիցները` հավելելով, որ աշակերտները չեն պատրաստվում դասերին ներկայանալ, մինչև նախկին տնօրենը չվերադառնա:
    
     MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Աղձքի գյուղապետ Արսեն Ավդալյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ դասադուլը դադարեցված է, քանի որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Միքայելյանը մարզպետի որոշմամբ հեռացվել է պաշտոնից: «Դասերը վերսկսել են, ծնողներն ու աշակերտները բավարարված են պայքարի արդյունքով: Այս պահին տնօրենի ժ/պ է նշանակվել փոխտնօրեն Տիգրան Գասպարյանը: Գյուղացիների համար կարևոր էր, որ տնօրենը դրսից չլիներ, ու ինչպես արդեն նշեցի` Սոնա Միքայելյանն ազատվեց»,- ասաց նա: Հարցին` նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանի վերադարձը հնարավոր համարո՞ւմ եք, պատասխանեց, որ դեկտեմբերի 26-ին խորհրդի անդամները տնօրեն են ընտրելու, իսկ թեկնածուներից մեկը Հարություն Սուքիասյանն է:
4283 | 1
Facebook