Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արմատ» ձայնասկավառակի շնորհանդեսից առաջ Սիրուշոն բացում է փակագծերը

16:45, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
«Արմատ» ձայնասկավառակի շնորհանդեսից առաջ Սիրուշոն բացում է փակագծերը
     Հոկտեմբերի 29-ին նախատեսված է Սիրուշոյի նոր` «Արմատ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Իսկ մինչ այդ «Սիրուշո փրոդաքշըն»-ից տեղեկանում ենք, որ ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի: Ալբոմում տեղ է գտել 13 կատարում: Ձայնասկավառակում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների երաժշտության հեղինակը Սիրուշոն է: Երգերի խոսքերն արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն են: Կատարումներից մի քանիսի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Ձայնասկավառակում տեղ գտած երգերի վրա աշխատել են նաև Մուրադ Մշեցին, Հենրիկ Բախչինյանը, Սրբուհի Ստամբոլցյանը։ Անգլերեն և արևմտահայերեն երգերի խոսքերի հեղինակը Սիրուշոն է։
Ձայնասկավառակը հայկական երաժշտության նոր տեսակ է՝ հիմնված հին արժեքների վրա։ Ստեղծագործություններից յուրաքանչյուրն արտահայտում է հայկականն` ունի հայկական ծագում, երանգներ, ռիթմեր և ներկայացված է Սիրուշոյի ուրույն ձեռագրով` ժամանակակից լուծումներով ու մշակմամբ: Երգերը պատմում են հայի մասին՝ որպես առաջին քրիստոնյա ազգ, փոխանցում ֆիդայական ոգին, նկարագրում Դեր Զորի ճանապարհը, ներկայացնում հայի անպարտ ոգին խորհրդանշող «Սասնա ծռեր» էպոսից հատվածներ, անդրադառնում Սայաթ-Նովային: Կատարումների գործիքավորումների վրա աշխատել են Կարեն/Սևակ Փրոդաքշնը, Վաչե Տեր- Յեղիշյանը, Մուշեղ Մայիլյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Անանյանը, Արկադի Սարկիսյանը: Ալբոմի ձայնագրությունների ընթացքում Սիրուշոն համագործակցել է նաև Հրազդան Թոքմաջյանի, Արթուր Ութմազյանի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Սերգեյ Սմբատյան), «Հայ Երգասաններ»-ի և Կարինե Հովհաննիսյանի հետ:
Ձայնասկավառակի շապիկի ստեղծման հիմքում Մարաշի ասեղնագործությունից ոգեշնչումն է: Դիզայնն իրականացրել է ամերիկաբնակ հեղինակավոր հայ դիզայներ Սաքո Շահինյանը։ Շապիկի լուսանկարի հեղինակը Դամիան Հովհաննիսյանն է:
     Նշենք, որ երգչուհին յութուբյան իր պաշտոնական էջում տեղադրել է ձայնասկավառակում տեղ գտած երգերը:
6483 | 5
Facebook