Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արմեն Մելիքսեթյանի գնալուց հետո թատրոնում կայունացավ մթնոլորտը». Կամերային երաժշտության թատրոնի տնօրեն

16:20, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
«Արմեն Մելիքսեթյանի գնալուց հետո թատրոնում կայունացավ մթնոլորտը». Կամերային երաժշտության թատրոնի տնօրեն

Ամիսներ առաջ անդրադարձել էինք Կամերային երաժշտության թատրոնում տիրող լարված մթնոլորտին, որի հիմնական մեղավորը` դերասանների հավաստմամբ, գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն էր, ով թատրոնի տնօրենի հրամանով ազատվեց աշխատանքից: Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փոխվեց Արմեն Մելիքսեթյանի հեռանալուց հետո.

«Թատրոնում ներքին մթնոլորտը կայունացավ: Նախ շունչ մտավ թատրոն, վստահություն, դերասանների մոտ առաջացավ հավատ իրենց ուժերի ու անելիքների նկատմամբ: Ոչ ոք չի ասում, որ բոլոր դերասանները բազմաշնորհ են, բայց ես բազմիցս ասել եմ, որ «աստղեր» չեմ ընդունում թատրոն, ես կարիք ունեմ աշխատող դերասանների: Ստեղծվել է հոգեբանական կայուն դաշտ, որը թույլ է տվել, որ շատ շուտով նոր ներկայացում հանձնենք հանդիսատեսի դատին»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենը:

Վարդան Գրիգորյանը նշեց, որ թեև թատրոնում գեղարվեստական ղեկավարի պահանջ չկա, սակայն, գլխավոր ռեժիսորի առկայությունը խիստ անհրաժեշտ է: «Ամեն մեկը պիտի իմանա իր գործը, չի կարող տնօրենը գեղարվեստական հարցերով զբաղվել: Կան մասնագիտական բաներ, որոնք տնօրենի իրավասությունների շրջանակներում չեն»:

Վարդան Գրիգորյանն ասաց, որ գլխավոր ռեժիսորի պաշտոնի համար թեկնածուներ կան, սակայն չի ցանկանում անուններ բարձրաձայնել. «Քննարկվում են, նախարարության հետ կհամաձայնեցնենք, և, եթե ոչ այս տարի, հաջորդ տարվանից կունենանք նաև գլխավոր ռեժիսոր»,- եզրափակեց նա:

2822 | 0
Facebook