Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանն ու Ռուսաստանը հիմնական մարտական տանկերի արդիականացման ծրագիր են սկսել. Известия

15:20, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Հայաստանն ու Ռուսաստանը հիմնական մարտական տանկերի արդիականացման ծրագիր են սկսել. Известия

Հայաստանն ու Ռուսաստանն սկսել են ՀՀ ԶՈՒ սպառազինությունում առկա Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիրը: Տանկերն արդիացվելու են մինչև Տ-72Բ4 մակարդակի, որոնցով հանդես են եկել «Տանկային բիաթլոնի» մասնակից թիմերը: Այս մասին գրում է Известия թերթը:
     Հատկանշական է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պլանավորում էր տանկերի արդիականացման վերաբերյալ պայմանագիր կնքել լեհական Bumar Łabędy ընկերության հետ:
     Ինչպես հայտնել է թերթին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, տանկերի կատարելագործման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Արդիականացվող մարտական մեքենաների և աշխատանքների վերջնաժամկետը չի հստակեցվում:
     Տեղեկատվական աղբյուրը պատմել է թերթին, որ խոսքը վերաբերում է տեխնիկայի մի քանի տասնյակ միավորի:
     «Տանկերը կարդիականացվեն մինչև բիաթլոնային տարբերակի մակարդակի, այսինքն՝ Տ-72Բ4-ի, որն ունի բարելավված մարտավարական բնութագրեր և մարտական ցուցանիշներ,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը: -Ընդ որում՝ հիմնական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանում, ինչը թույլ կտա հայկական կողմին դրանք ավելի քիչ ծախսատար դարձնել, իսկ դա նշանակում է՝ ավելի շատ տանկեր արդիականացնել»:
     Ռուսական բանակի սպառազինությունում առկա Տ-72Բ3 տարբերակից բիաթլոնային տարբերակը տարբերվում է ամբողջովին փոխարինված ծածկային սարքավորմամբ ու ագրեգատներով: Հայկական տանկերը կստանան շարժիչ, որի հզորությունն ավելացվել է մինչև 1130 ձիաուժ՝ առանց ռեսուրսի համար վնասների, ինչը հնարավոր է դարձել սառեցման համակարգի կատարելագործման հաշվին: Տ-72Բ3-ը հավելյալ հագեցվում է հատուկ նախշով նոր թրթուռներով, ինչը լավագույն կցորդումն է ապահովում գետնի հետ:
     Բ4 մոդելն ունի «Սոսնա–Ու» ժամանակակից բազմալիքային նշանառություն, որը տանկն ավելի է ադապտացնում գիշերային գործողություններին։ Որպեսզի տանկի հրամանատարն ավելի լավ տեսնի իրավիճակը, Տ–72–ի բիաթլոնային տարբերակի վրա տեղադրվել է շրջանային տեսադաշտի կոմպակտ համալիր, որը թույլ է տալիս օրվա ցանկացած ժամի նկատել թիրախն ու հայտնել այդ մասին։ Այդ համալիրը մտնում է Տ-90ՄՍ տանկերի վրա տեղադրվող «Կալինա» կրակի կառավարման համակարգի կազմի մեջ: Այն նաև կարող է աշխատել կառավարվող զենքով և հեռակառավարմամբ պայթող սպառազինություններով։
     «Եթե համեմատենք Տ–72Բ4 տանկը Տ-90–ի հետ, ապա բիաթլոնային տարբերակը գերազանցում է շարժունակությամբ՝ շնորհիվ ավելի հզոր շարժիչի և թեթև զանգվածի։ Բ4–ը նաև կրակի կառավարման ավելի արդյունավետ համակարգ ունի, մեծացրած տեսադաշտ և ավելի լավ է հարմարեցրած գիշերային մարտական գործողություններին բազմալիքային նշանառության հաշվին։ Միաժամանակ Տ–90–ն ավելի լավ է պաշտպանված հաստ զրահով և ունի հրամանատարի հեռակառավարվող գնդացրային սարք, որը թույլ է տալիս կրակ բացել առանց դիտանցքից դուրս գալու»,- պատմել է թերթին անկախ ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը:
     Ընդ որում, ինչպես պատմել է փորձագետը, հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած սպառազինությունների ArmHiTec-2016 ցուցահանդեսին ներկայացված Տ-72Բ4 արդիականացված տանկը զինված է եղել հենց հեռակառավարվող գնդացիրով, ինչը նշանակում է, որ այն հնարավոր է տեղադրել արդիականացվող Տ-72 տանկերի վրա:
     Փորձագետը հավելել է, որ բացի Հայաստանից՝ Տ-72Բ4-ի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել Ղազախստանն ու Անգոլան, իսկ Նիկարագուան արդեն արդիականացնում է իր տանկերը՝ հասցնելով առավել բյուջետային Բ1 տարբերակի:

5553 | 0
Facebook