Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է այնպես անել, որպեսզի մատակարարը գերշահույթ չունենա». Պաշտպանության նախարարն անդրադարձել է վարդենիսցիների կարտոֆիլի մթերման խնդրին

16:40, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
«Պետք է այնպես անել, որպեսզի մատակարարը գերշահույթ չունենա». Պաշտպանության նախարարն անդրադարձել է վարդենիսցիների կարտոֆիլի մթերման խնդրին

Օրեր առաջ MAMUL.am-ն անդրադարձել էր վարդենիսցիների բողոքին, ովքեր դժգոհում էին կարտոֆիլի մթերման գներից:
     Հիշեցնենք, գյուղացիները հայտնել էին, որ Պաշտպանության նախարարության մատակարարներն այս տարի աննախադեպ գնով են գնել կարտոֆիլը` 35-45 դրամով (նախորդ տարի` 40-45 դրամ էր), փոխարենը ՊՆ-ին հանձնել 80-104 դրամով: Այս հանգամանքը վրդովեցրել էր կարտոֆիլագործներին: Որպեսզի շուկայում կարտոֆիլի գինը կարգավորվի և իրենք նվազագույն շահույթ ունենան, վերջինները պահանջել էին, որպեսզի ՊՆ-ն նվազագույնը գոնե 55-60 դրամ կարտոֆիլի գնման գին սահմանի: Խնդրի հետ կապված` գյուղնախարարը խոստացել էր այցելել Գեղարքունիքի մարզ` գյուղացիների հետ քննարկելու այդ հարցը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը մեր թղթակցին տեղեկացրեց, որ նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Վարդենիս և հանդիպել կարտոֆիլագործների հետ. «Գյուղացիները դժգոհել են ՊՆ-ին մատակարարվող կարտոֆիլի գներից և խնդրել, որ մթերումն իրականացվի առնվազն 60 դրամով: Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է ՀՀ պաշպանության նախարարի հետ: Որպես շահավետ լուծում` նախարարն առաջարկել է գյուղացիներին միավորվել, ստեղծել համատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա»,- փոխանցեց Ա. Սմբատյանը` հավելելով, որ նախարարը գյուղացիների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ նոր կառավարության ծրագրով նախատեսվում է դրամաշնորհային միջոցների հաշվին բարձրակարգ գյուղտեխնիկայով ապահովել գյուղացիներին, ինչը բերքատվության ավելացման վրա դրական արդյունք կունենա:

Ի դեպ, երեկ ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ՊՆ-ին մատակարարվող կարտոֆիլի հարցը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանելով պատգամավորի` ՊՆ մատկարարների գերշահույթին վերաբերող հարցին, ասել է, որ գնի նման տատանումն ուղղակիորեն կապ ունի զորամասի հեռավորության հետ, որտեղ հասցնում են կարտոֆիլը: «Ընդհանուր առմամբ գնումների խնդիրը ՊՆ առաջնահերթություններից է ու այդ ոլորտում լուրջ խնդիրներ ու անելիքներ ունենք: Այժմ շատ խիստ դրվել է, որ բոլոր մատակարարներն, ովքեր գործ ունեն բանակի հետ, կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները», - ասել է Պաշտպանության նախարարը: Նա ավելացրել է, որ պետք է այնպես անել, որպեսզի մատակարարը գերշահույթ չունենա: «Մենք առաջարկել ենք գյուղնախարարի հետ միասին, գյուղացիներին, որ իրենք էլ մասնակցեն մատակարարման մրցույթներին, բայց նրանք պետք է հասկանան, որ միայնակ, միայն իրենց ապրանքը՝ 100 կգ կամ 500 կգ կարտոֆիլը, չեն կարող վաճառել որևէ խոշոր ընդունողի»:

2386 | 0
Facebook