Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր շահերից է բխում, որ սպորտը բացարձակ արդար լինի». Արթուր Գևորգյան

19:25, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Մեր շահերից է բխում, որ սպորտը բացարձակ արդար լինի». Արթուր Գևորգյան

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացած բռնցքամարտի Հայաստանի առաջնությունից հետո բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ամփոփեց մրցաշարը

«Գոհ եմ, որակապես բավականին փոխվել է բռնցքամարտը։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Մեր երիտասարդ բռնցքամարտիկներն, ովքեր իրենց տարիքային խմբում լավ արդյունքներ ցույց տվեցին Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, այսօր իրենց դրսևորում են նաև մեծահասակների մեջ, տեսնում ենք, որ շատ քաշային կարգերում հաղթող են դառնում հենց երիտասարդները։ Մասնավորապես Վահե Բադալյանը (խմբ․՝ 56 կգ քաշային կարգ) այս տարի դեռ երիտասարդների աշխարհի առաջնություն ունի մասնակցելու, բայց նա արդեն մեծահասակների Հայաստանի չեմպիոնն է»,- նշեց Գևորգյանը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

Խոսելով մեծահասակների հավաքականի կազմի ձևավորման մասին՝ ֆեդերացիայի նախագահը նշեց, որ տեղի կունենա ուսումնամարզական հավաք, որից հետո գլխավոր մարզիչը կհայտարարի վերջնական կազմը։

«Մեծահասակների հավաքականը հիմնականում համալրվում է Հայաստանի առաջնության արդյունքներով։ Մրցաշարի ավարտից հետո գլխավոր մարզիչն ուսումնամարզական հավաք կանցկացնի, ինչից հետո վերջնական որոշում կկայացնի»։

Հարցին, թե ե՞րբ տեղի կունենա ֆեդերացիայի համագումարը, որի ընթացքում նոր մարզիչներ կնշանակվեն, Գևորգյանը պատասխանեց․

«Առջևում է երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Կսպասենք այն ավարտվի, որպեսզի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը նույնպես հաշվետվություն ներկայացնի, ինչից հետո տեղի կունենա համագումարը, որի ընթացքում նոր մարզիչներ կնշանակվեն»։

Խոսելով աշխարհի երիտասարդական առաջնությունից իր ակնկալիքների մասին՝ Գևորգյանը նշեց, որ հույս ունի տեսնել մեր տղաների պոտենցիալ հնարավորությունները․

«Աշխարհի երիտասարդական առաջնությունից մեծ են սպասելիքները։ Բայց Սանկտ Պետերբուրգում է անցկացվելու, իսկ Ռուսաստանում անցկացվող մրցաշարերին բախվում ենք մրցավարական անարդարության հետ։ Վերջին տարիներին փորձում են ազդել իրավիճակի վրա։ Կարծում եմ՝ վերջին տարիների, մասնավորապես Ռիոյի օլիմպիական խաղերից հետո, մրցավարների որակազրկումները դրական ազդեցություն կունենան։ Մենք միայն կողմ ենք արդար մրցավորությանը։ Երբևէ չենք եղել այն երկիրը, որը սպորտում ձգտել է անարդար ճանապարհով հաջողություններ գրանցել։ Մեր շահերից է բխում, որ սպորտը բացարձակ արդար լինի։ Հուսանք, որ այս անգամ անարդարություն չի լինի և մեր տղաների պոտենցիալ հնարավորությունները կտեսնենք։ Թիմը բավականին լավն է»։

Արթուր Գևորգյանն անդրադարձավ նաև պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշած Նարեկ Աբգարյանին․

«Համարձակ որոշում կայացրեց, հասուն որոշում։ Ժամանակն է, որ իր ուժերը փորձի պրոֆեսիոնալ ռինգում և արդեն գումար վաստակի, իր ապագայի մասին մտածի: Նա արեց իր առաջին քայլը, դեռ ամեն ինչ առջևում է, դա ուրիշ բնագավառ է, այնտեղ շատ ավելի շատ է պետք աշխատել: Նրա մեջ պոտենցիալ, իհարկե, տեսնում եմ։ Նարեկը պատահական բռնցքամարտիկ չէ, օլիմպիական խաղերի մասնակցեց և վատ չմասնակցեց։ Թող փորձի, տեսնենք՝ ինչ կստացվի»։

4282 | 0
Facebook