Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը հանձնարարել է վերանայել վարկային բոլոր ծրագրերը

17:20, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Վարչապետը հանձնարարել է վերանայել վարկային բոլոր ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ նախարարների, մարզպետների, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:
     Դիմելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:

ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին՝
     - Ներկայացնել մինչև ամսվա վերջ նախարարությունների, գերատեսչությունների կառուցվածքը, կազմը, գործառույթները՝ կրճատելով բոլոր ավելորդ գործառույթները: Տալ առաջարկություններ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների կրճատման, կենտրոնացման և գնումների վերաբերյալ:
     - Տալ առաջարկություններ, թե որ որոշումները և գործառույթները պետք է կատարվեն նախարարության մակարդակով և չտեղափոխվեն կառավարություն:
     - Կառավարության ընդունված ծրագիրն ադապտացնել նախարարություններին և գերատեսչություններին, մշակել հատուկ ծրագիր՝ պատասխանատուներով, ժամանակացույցով և համապատասխան միջոցառումներով:
     - Վերանայել հանձնարարականների կատարման կարգապահությունը և ժամկետները: Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով:
     - Այսօրվանից սկսել աշխատանքները երկարատև զարգացման ծրագրերի վերաբերյալ:
     - Վերանայել բոլոր վարկային ծրագրերը, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը՝ ուսումնասիրելով նպատակահարմարությունը և տալով հաշվելի գնահատականներ՝ պետք են, թե ոչ, ինչ օգուտ, մուլտիպլիկատիվ ինչ էֆեկտ են տալիս այդ նախագծերը:
     - Տալ առաջարկություններ՝ ինչ ներդրումային նախագծեր, ծրագրեր կարող են կատարվել համապատասխան ոլորտներում, ձևակերպել, նպատակահարմարության դեպքում տեղափոխել նոր ստեղծվող ներդրումային ֆոնդ:
     - Հասարակությանը և հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում:
     - Յուրաքանչյուր նախարարության և գերատեսչության մասով ներկայացնել առաջարկ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է կառավարությունը գնահատելու աշխատանքի արդյունավետությունը՝ ներգրավելով անհրաժեշտ բոլոր հայտանիշները, այդ թվում նաև՝ ներդրումներ, աշխատատեղեր, մասնագիտական կրթական ծրագրեր, դրամաշնորհներ և այլն:
     - Արտաքին գործերի նախարարությանը՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետևյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առևտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի և մեր երկրի միջև:
     - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն տրամադրել Հայաստանում իրականացվելիք ծրագրերի և նախագծերի վերաբերյալ, որպեսզի ՀՀ դեսպանատները, արտաքին բլոկը տեղյակ լինեն և որոշակիացնեն այդ նյութերի հետ աշխատանքը:
     Վարչապետի հանձնարարականներին ամբողջությամբ ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ:

6906 | 0
Facebook