Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիդերլանդներում, Ձյունիկ Աղաջանյանի կարգադրությամբ, եկեղեցու սպասավորներին արգելվել է ներկա գտնվել Սերժ Սարգսյանի ընդունելությանը

16:50, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Նիդերլանդներում, Ձյունիկ Աղաջանյանի կարգադրությամբ, եկեղեցու սպասավորներին արգելվել է ներկա գտնվել Սերժ Սարգսյանի ընդունելությանը

Սերժ Սարգսյանը մեկնել էր Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին Մաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
    
     Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ մինչ գագաթնաժողովի մեկնարկը, նախագահն այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ, «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայտնի է դարձել, որ նախագահի այցը խիստ գաղտնի է պահվել ոչ միայն Մաստրիխտի եկեղեցու ներկայացուցիչների, այլև հայ համայքնի ընդդիմադիր գործիչների համար, ինչն էլ, ի դեպ մեծ վրդովմունք է պատճառել տեղի հայ բնակչությանը:

Քրիստափոր սարկավագ Ֆրունճյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ում` նշելով, որ այս քայլով, որը կազմակերպվել էր ծխական խորհրդի կողմից, «արհամարհվել են և´ Մաստրիխտի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը և եկեղեցական կարգն ու կանոնը»:

Հիշեցնենք` տեր Արմեն Մելքոնյանն այն քահանան է, որը մասնակցել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ «Սասնա ծռեր»-ին սատարող ցույցին և կոչ արել բոլոր եկեղեցականներին` կանգնել «Սասնա ծռերի» կողքին, որից հետո նա պաշտոնանկ էր արվել:

Սարկավագը հայտնել է, որ Ս. Սարգսյանի այցից հետո, իրենց զանգահարել է Մաստրիխտի համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը և խոստովանել, որ Ձյունիկ Աղաջանյանն (Նիդերլանդներում ՀՀ դեսպան) անձամբ է զանգահարել և հրամայել, որ Տեր Արմեն քահանային և համայնքի անդամներին բացարձակապես արգելվում է ներկա գտնվել նախագահի ընդունելությանը:

«Սիրելի հաւատացեալներ երբ Մաաստրիխտին ծխական խորհուրդը ծառայաբար կը ենթարկուի նախագահական գրասենեակին եւ տիկին դեսպանուհիին, թէ Տէր Արմէնին եւ համայնքին արգիլուած է ներկայ ըլլալ եկեղեցում, անիկայ կը նշանակէ լուրջ արհամարհելը Եկեղեցական բոլոր կարգ ու կանոններուն եւ ժողովուրդին եւ անոր կողքին կեցած քահանային դաւաճանել եւ ծախել յանուն անօրէն նախագահին ընդունելութեան. Ես ուզում եմ ձեզ հարց տալ, երբեւիցէ դեսպաններուն եւ այլ քաղաքական գործիչներին թոյլ է տրւում խառնուեն եկեղեցական ներքին գործերում եւ որոշէն ով կարող է լինի եւ ով ոչ:

Սուրբ կարապետ Եկեղեցին եկեղեցի է թէ գոնսուլատ որ ենթարկուի ձիւնիկ դեսպանին հրամաններուն, մենք եկեղեցի ենք պահում եւ ֆինանսաւորում թէ գոնսուլատ, թող մեզ պատասխանեն էս ծխական խորհուրդը, գոնէ մէկ անգամ անկեղծ թող լինեն էս ժողովուրդին հանդէպ.

Մենք չենք ընդունիր այս արարքը քանզի եկեղեցին ժողովուրդն է եւ քահանան է, եւ համայնքը չպէտք է ընդունի այս վարչութիւնը որ իր անունով անարգեց դաշունահարեց Մաաստրիխտին եկեղեցիի անդամներին եւ եկեղեցականներուն»,- նշվում է Քրիստափոր սարկավագ Ֆրունճյանի գրառման մեջ:

4237 | 0
Facebook