Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե 14 րոպե 58 վայրկյան կանգնել ես, դուրս եկել ու նորից հետ եկել, չես տուգանվում». Արսեն Պետրոսյանը հորդորում է վարորդներին չխաբվել

17:45, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
«Եթե 14 րոպե 58 վայրկյան կանգնել ես, դուրս եկել ու նորից հետ եկել, չես տուգանվում». Արսեն Պետրոսյանը հորդորում է վարորդներին չխաբվել
     Վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը, ինչպես հայտնի է, 2014-ից որոշվեց գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե: Վարորդները, սակայն, բողոքում են, որ ոլորտում խախտումներ են տեղի ունենում, ինչի պատճառով ստիպված են լինում վճարումներ կատարել:
    
     MAMUL.am-ի խմբագրություն դիմած վարորդներից Վարդան Հակոբյանն ասաց. «Օրվա մեջ նույն տեղում 5 րոպե կանգնում եմ, ապա գնում իմ գործերով, հետո վերադառնում, նորից 5 րոպե կանգնում, բայց իրենց մոտ ընդհանուր 20 րոպե են հաշվում ու ակտ ուղարկում: Մի քանի ամսվա մեջ 15-20 հազար դրամի չափով տուգանք եմ վճարել»,- ասաց նա:
    
     «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի համար երևույթը ծանոթ էր, ասում է` իրենք ևս բազմաթիվ բողոքներ են ստանում վարորդներից, ուստի հորդորեց Հակոբյանին դիմել վարչական դատարան: «15 րոպե անընդմեջ կանգնելուց հետո է միայն տուգանքը գալիս: Եթե 14 րոպե 58 վայրկյան կանգնել ես, հետո դուրս եկել ու նորից հետ եկել, չես տուգանվում: Կարող ես օրվա ընթացքում 20 անգամ կանգնել 10-ական րոպեով, միևնույնն է, չպետք է տուգանվես: Ես ինքս նման խնդրի բախվել եմ, բայց վերջում Վարչական դատարանում գործը շահել եմ»,- նշեց մեր զրուցակիցը:
    
     Վարորդ Վարդան Հակոբյանը «կարմիր գծերի» հետ կապված մեկ այլ խնդրի մասին էլ էր բարձրաձայնել. խոսքը չերևացող «կարմիր գծերի» մասին է. «Արաբկիրում` Վրացական փողոցի հատվածում, կարմիր գծերը ջնջված են, չեն երևում: Կանգնելուց հետո պարզվում է` գծեր կային ու պետք է վճարենք: Այս խնդիրների հետ կապված` մի քանի անգամ դիմել ենք «Սեքյուրիթի դրիմի» նկարահանող մեքենաներին: Ասում են` մենք վարորդ ենք, կապ չունենք, մեզ ինչո՞ւ եք դիմում»:
    
     «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը հորդորեց Հակոբյանին դիմել Երևանի քաղաքապետարան. «Տեսանկարահանում գոյություն ունի, վարորդը կարող է ապացուցել, որ գծերը չեն երևում, իսկ դա արդեն հիմք է, որ չտուգանվի: Եթե տեսանելի չեն, ուրեմն խախտում չի համարվում: Անցյալ տարի ձմռանը նման ահազանգեր շատ եղան: Լավ չէին մաքրել, գծերը չէին երևում, բարձրաձայնեցինք: Նմանօրինակ մի քանի դատական գործ շահել ենք»,- ընդգծեց Պետրոսյանը:
    
     Նշենք, որ «կարմիր գծերի» վերաբերյալ օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանին բաց նամակ էր հղել նաև քաղաքացի Աշոտ Սարգսյանը: Նրա բողոքը ծառայության արժեքի ու տուգանքների չափի անհամապատասխանության մասին էր:
5981 | 0
Facebook