Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են հնոտիավաճառներն իսկական որս սկսել «Զինգեր» կարի մեքենաների նկատմամբ

00:05, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչու են հնոտիավաճառներն իսկական որս սկսել «Զինգեր» կարի մեքենաների նկատմամբ

Ժամանակակից երիտասարդներից քչերը կհասկանան, թե ինչ է գտնվում այս փայտյա սնդուկանման տուփի մեջ, այնինչ ոչ այդքան վաղ անցյալում սրանք եղել են գրեթե բոլորի տներում:

Դեռ 30 տարի առաջ գրեթե բոլոր տնային տնտեսուհիները կարողացել են օգտվել այս ձեռքի կարի մեքենաներից, որոնց արտաքինն արվեստի գործ է հիշեցնում` զարդարված տարատեսակ նախշազարդերով: Կարի մեքենաների ամենահայտնի արտադրողն Ամերիկյան «Զինգեր» գործարանն է եղել, որը հիմնվել է 1851 թվականին: Դրա արտադրանքը հայտնի է եղել ողջ աշխարհում, անգամ ժամանակի հայ ունևորներն են հեղինակության հարց համարել` իրենց կանանց նվիրել «Զինգեր» կարի մեքենա:
     Սակայն 20-րդ դարասկզբին այս կարի մեքենաներն Ամերիկայից Ռուսաստան ու այնտեղից էլ` այլ երկրներ տեղափոխելն օվկիանոսի պատճառով դարձել է ոչ եկամտաբեր, քանի որ առաջ են եկել բազմաթիվ մրցակիցներ, որոնք նույն ապրանքն ստեղծել ու վաճառել են ավելի մատչելի գնով: Այդ ժամանակ «Զինգեր» ընկերությունը որոշել է Մերձմոսկվայում հիմնել նմանատիպ գործարան:

     Այս նպատակով հող է գնվել Պոդոլսկում, որն այդ ժամանակ փոքրիկ բնակավայր է եղել` 5 հազար բնակչով: Ընդամենը 10 տարուց «Զինգեր»-ի նոր գործարանը դարձել է խոշորագույնը Եվրոպայում, Առաջին համաշխարհային պատերազմից առաջ գործարանը թողարկելիս է եղել 600 հազար մեքենա մեկ տարվա ընթացքում: Միայն Ռուսաստանի տարածքում գործել է ընկերության ավելի քան 3000 ֆիրմային խանութ, բացի այդ, դրանք հաճախորդներին ուղարկվել են նաև փոստով:
     Պոդոլսկյան «Զինգեր»-ները մեծ պահանջարկ են վայելել նաև Չինաստանում, Ճապոնիայում, Իրանում: 1914 թվականին Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել կարի մեքենաների իրացման բնագավառում` վաճառելով տարեկան 63,5 միլիոն ռուբլու արտադրանք և զիջելով միայն ԱՄՆ-ին:

Սանկտ-Պետերբուրգում կառուցվել է ընկերության շքեղ գրասենյակը, որն այսօր էլ զարդարում է Նևսկի պողոտան:

Շենքն այժմ հանդիսանում է «ВКонтакте»-ի գրասենյակը:

Առաջին համաշխարհայինից հետո, բարեբախտաբար, գործարանի սարքավորումները մնացել են հիմնականում անվնաս և 1923-ին այն դարձյալ սկսել է գործել, միայն թե այժմ կարի մեքենաները թողարկվել են «Госшвеймашина» և «ПМЗ» (Подольский механический завод) անվանումներով:


     Տասնամյակներն անցել են, սակայն «Զինգեր»-ի կոնստրուկցիան այնքան կատարյալ է եղել, որ մնացել է անփոփոխ, պահպանվել է անգամ նրա վրայի զարդանախշերի ավանդույթը:
Ի դեպ, հին կարի մեքենաների հետ կապված խորհրդային ու հետխորհրդային ժամանակներում բազմաթիվ առասպելներ են պտտվել: Համաձայն մի լեգենդի, 1998-ին «Զինգեր»-ը հայտարարել է, թե փնտրում է իր` 1 թվանշանով սկսվող սերիական համարանիշ ունեցող կարի մեքենաները և պատրաստ է դրանց տերերին վճարել 30 հազարից մինչև 1 միլիոն դոլար: Այդ պատճառով հնոտիավաճառները դրանց իսկական որս են սկսել:
Մեկ այլ լեգենդի համաձայն էլ` այս մեքենաների վաղ նմուշներն իրենց մեջ պարունակել են պալադիում արժեքավոր մետաղն, իսկ վերջերս էլ շշուկներ էին տարածվել, թե դրանց օրիգինալ ասեղներում կա եզակի նյութ` կարմիր սնդիկ:

38216 | 2
Facebook