Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«4-5 տարի առաջ Սերժ Սարգսյանը Հալեպում ասաց` եկեʹք Հայաստան. եկել ենք և ի՞նչ...». հալեպահայեր

14:30, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
«4-5 տարի առաջ Սերժ Սարգսյանը Հալեպում ասաց` եկեʹք Հայաստան. եկել ենք և ի՞նչ...». հալեպահայեր

«Հալեպի Նոր գյուղ թաղամասում էինք, դա ամենավտանգավոր շրջանն է: Մեր տունը ճեմարանի մոտ էր, այնտեղ շատ պայթյուններ էին լինում, սարսափելի էր, մինչև առավոտ չէինք կարողանում քնել: Չորեքշաբթի ճամփա պիտի ընկնեինք, այնպես ստացվեց երեքշաբթի դուրս եկանք ու փրկվեցինք: Այդ օրը մեր փողոցի շենքը իջավ, կտոր-կտոր եղավ, ընտանիքներ մահացան»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տիկին Սիլվան, ով օրեր առաջ է Հալեպից վերադարձել Հայաստան:

«26-ին արդեն շատ վատ էր վիճակը, այդ տասը հոգին, որ մահացան, մենք արդեն ճանապարհին էինք, և այդ օրը, եթե դուրս չգայինք, կմնայինք այնտեղ»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով` ճանապարհին անընդատ պայթյուններ էին լինում, և շատ դժվար են հասել Հայաստան:

«Շատ վատ օրեր անցկացրեցինք, ուտելիքի երես չտեսանք, շաբաթներով առանց էլեկտարականության մնացինք, միշտ պայթյուններ կային: Գիշերն էլ չէինք կարողանում քնել, վախից անմիջապես ցատկում էինք, որ տեսնեինք` այս անգամ ուր ընկավ: Հույս չունեի, որ այստեղ կհասնենք, անհույս էի, բայց Աստված մեր կողքին էր, հասանք»,- նշեց նա:

Տիկին Սիլվայի ամուսինը 20 տարի առաջ է մահացել: Նա երեք զավակների մայր է: Պատմեց, որ այստեղ միայն մի տղան է աշխատում, ով 3 տարի առաջ է եկել Հայաստան:

«Աղջիկս ատամնատեխնիկ է, փորձում է այստեղ աշխատանք գտնել: Տղայիս աշխատավարձով անգամ տան վարձը չենք կարողանում վճարել: Մենք հիմա տաք անկողին էլ չունենք, որ ավելի ցուրտ լինի, չգիտեմ` ինչպես պիտի քնենք: Թող ողջ մնան մեզ բերողները, որ մեր կողքին եղան ու անվճար բերեցին, բայց միայն գալը բավարար չէ, պետք է նաև կարողանանք ապրել»,- ասաց մեր զրուցակիցը:

Տիկին Սիլվայի որդին` Լևոնը պատմեց, որ աշխատում է Աբովյան քաղաքում, բայց հարկերի պատճառով չի կարողանում նորմալ աշխատել. «Ես շարժիչի մասնագետ եմ, ամռանն աշխատում եմ, մի կերպ յոլա գնում, բայց ձմռանը գործը թուլանում է: Արդեն 2 շաբաթ է` չնչին գումարով եմ տուն գալիս. գործ չկա: Բացի այդ, հարկայինը մեր գլուխը շատ է ցավացնում, սկզբում չգիտեի, որ պետք է կտրոն տամ, հարկայինը 150 հազար ակտ գրեց, ասացի, որ սիրիահայ եմ, պատասխանեցին` սիրիահայ ես, ինչ ես, չգիտեմ... իրենց ակտը գրեցին, գնացին: Եթե այս հարկային դաշտը մի քիչ կարգավորվի, լավ կլինի»: Լևոնը դժգոհեց, որ Հայաստանում աշխատավարձը շատ ցածր է: «Այն գործը, ինչ անում եմ այստեղ, եթե Սիրիայում անեի, լավ գումար կստանայի, իսկ այստեղ` ոչ: Այստեղ ծանոթներ ու բարեկամներ ունենք, բայց ամեն մեկն իր համար հազիվ յոլա է գնում»,- ասաց նա:

Տիկին Սիլվայի խոսքով` 10 օր առաջ լուր է ստացել, որ քույրն այնտեղ մահացել է: «Երկու զավակ ունի, բայց նրանցից լուր չունենք: Շատերը կան, որ ուզում են գալ, բայց գումար չունեն: Սիրական միությունը միայն տոմսի գումարն է ապահովում, բայց դա բավարար չէ Հայաստան հասնելու համար: Մեզնից ավելի վատ վիճակում գտնվող հայեր կան, ովքեր տաքսու գումար չունեն, տուն, տեղ, ուտելիք»:

Մեզ հետ զրույցում Լևոնը հիշեց, որ դեռ 4-5 տարի առաջ Սերժ Սարգսյանը Հալեպում ժողովրդի հետ հանդիպեց. «Ասաց, որ եկեʹք Հայաստան, ձեր հայրենիքն է... հիմա եկել ենք, բայց ոչ մի բան չենք կարողանում անել: Կուզենք, որ այստեղի Կառավարությունը մի քիչ տեր կանգնի մեզ, սիրիահայեր կան, որ շատ լավ արհեստավորներ են, բայց ոչ ոք գործ չի գտնում, ստիպված շաուրմա են սարքում»,- նշեց նա:

«Եթե աղջիկս էլ գործ չգտնի, չկարողանանք ապրել, ինչ պիտի անենք, հետ կվերադառնանք Հալեպ, այնտեղ կմեռնենք, կվերջանանք...»,- հավելեց տիկին Սիլվան:

5371 | 3
Facebook