Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արկտիկայում հայտնաբերվել է նացիստների գաղտնի օդերևութաբանական կենտրոնը

23:10, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Արկտիկայում հայտնաբերվել է նացիստների գաղտնի օդերևութաբանական կենտրոնը

Ռուս գիտնականներն Արկտիկայում հայտնաբերել են գաղտնի օդերևութաբանական կայանի մնացորդներ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծել են գերմանացիները: «Գանձախույզ» (Schatzgraber) անվամբ կայանը կառուցվել է Ալեքսանդրա կղզում, որը ներառվում է Ֆրանց Իոսիֆի երկիր կղզիախմբի մեջ: Օգոստոսից հոկտեմբեր տևող գիտարշավի ընթացքում հետազոտողներին հաջողվել է գտնել շուրջ 500 արտեֆակտ, այդ թվում` ռազմական համազգեստ, զինամթերք, օդերևութաբանական սարքավորումներ, կենցաղային ու անձնական իրեր:

Որոշ իրեր թվագրված են եղել 1942 թվականով, որոշների վրա նշված է եղել նացիստական նշանը: Մինչ այս հայտնաբերությունը եղել են նացիստների առկայությունն այս տարածքում ապացուցող միայն գրավոր փաստեր, սակայն այժմ դրանց ավելացել են նաև նյութական ապացույցները, նշել է ռուս հնագետներից մեկը:

Նշենք, որ օդերևութաբանական կենտրոնը գերմանացիներին պետք է եղել Հյուսիսային ծովային ուղու վրա հարձակումների ժամանակ նավերի ու սուզանավերի նավիգացիան կարգավորելու համար: Այն կառուցվել է 1943 թվականին` ափից 500 մ հեռավորության և ծովի մակերևույթից 30 մ բարձրության վրա: Աշխատել է 1943-ի սեպտեմբերից մինչև 1944-ի հուլիս ընկած ժամանակահատվածում` փոխանցելով ավելի քան 700 հաշվետվություն:

Հետազոտողների խոսքերով` երբ կայանի մասնագետներն սկսել են սովել, որպես սնունդ օգտագործել են սպիտակ արջի միսն ու հիվանդացել տրիխինելոզով: Նրանց տարհանել են, իսկ կայանը ոչնչացրել:

Հայտնաբերված գտածոները կտեղափոխվեն Արխանգելսկ` հետագա ուսումնասիրության համար, ապա ավելի ուշ կցուցադրվեն հանրությանը:

7286 | 0
Facebook