Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարդասիրական օգնությունը բաժանվել է ոչ միայն Հալեպի, այլև` Լաթաքիայի, Քեսապի, Թարթուսի և Դամասկոսի բնակիչներին` մի շարք կազմակերպությունների ներկայությամբ. «Գանձասար» շաբաթաթերթ

17:15, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Մարդասիրական օգնությունը բաժանվել է ոչ միայն Հալեպի, այլև` Լաթաքիայի, Քեսապի, Թարթուսի և Դամասկոսի բնակիչներին` մի շարք կազմակերպությունների ներկայությամբ. «Գանձասար» շաբաթաթերթ

MAMUL.am-ն արդեն անդրադարձել էր տարածված մի տեղեկատվության, ըստ որի, Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունը չի բաժանվում հալեպահայերին կամ շատ չնչին մասն է միայն բաժանվում։ Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Անթիլիասում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, քանզի Հալեպի հայ համայնքը նրա հովանավորության ներքո է գտնվում:
     Կաթողիկոսությունից հայտնեցին, որ խնդրի առնչությամբ պարզաբանում պետք է ստանալ Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթից:
     Շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Բողիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ի կողմից Սիրիա առաքված 40 տոննա կշռող օգնության մի մասը տրամադրված էր Լաթաքիայի, Քեսապի, Թարթուսի և Դամասկոսի բնակիչներին, իսկ գերակշռող մասը` Հալեպի հայ և արաբ կարիքավոր քաղաքացիներին (օգնություն է ստացել շուրջ 3341 հալեպահայ ընտանիք- Զ.Բ.):
    
Ըստ «Գանձասարի» խմբագրի` մարդասիրական օգնությունը բաժանելու պատասխանատու գործն ստանձնել է ՀՀ-ում Սիրիայի գլխավոր հյուպատոսը` երեք հայ համայնքապետերի, ինչպես նաև սիրիահայության Շտապ Օգնության և Վերականգնողական Կենտրոնական Մարմնի մաս կազմող երեք հայ կազմակերպությունների, ՀԲԸՄ-ի և ՍՕԽ-ի ներկայացուցիչների ներկայությամբ։ «Օգնությունը պարունակում էր հագուստ, սննդամթերք և ծխախոտ»,- տեղեկացրեց Զ. Բողիկյանը` նշելով, որ օգնությունից բաժին է հասել նաև հայկական ծերանոցին, Ազգային Պատսպարանին և հայկական վարժարաններին:
     Հարցին, թե այս պահին կա՞ հստակ վիճակագրություն` որքան հայ է մնացել Հալեպում և ինչ վիճակում են նրանք, մեր զրուցակիցն ասաց, որ հալեպահայության թիվը, նախքան պատերազմի սկսվելը, մոտավորապես 45.000 էր, ներկայում 40 000-ը դեռ շարունակում է ապրել Հալեպում:
     Խոսելով ներկա իրավիճակի մասին` ասաց, որ բաշխումները մինչ այս պահը շարունակվում են:
     Հիշեցնենք, օրեր առաջ սիրիահայության խնդիրներով մտահոգ սփյուռքահայ հասարակական և քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը` պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե այս պահի դրությամբ որքան հայ է մնացել Հալեպում, ասել էր, որ, ըստ իր աղբյուրների, մոտավորապես 8-9 հազար հայրենակից կա այնտեղ:

2048 | 0
Facebook