Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գերագույն հաճույք է, երբ միմյանց բեմում զգում ենք». պրեմիերա` «Հրեշը լուսնի վրա»

14:10, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Գերագույն հաճույք է, երբ միմյանց բեմում զգում ենք». պրեմիերա` «Հրեշը լուսնի վրա»

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կայացավ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման պրեմիերան, որը պատմում է Ցեղասպանությունից փրկված ու որբացած հերոսների կյանքի պատմությունը: Բեմադրության ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է, իսկ հերոսներին մարմնավորում են Սամվել Թոփալյանը, Քնարիկ Զաքարյանն ու Վահագն Մեսրոպյանը: Այս ներկայացումով դերասանուհի Քնարիկ Զաքարյանը տևական դադարից հետո կրկին բեմ վերադարձավ:

«Այս ընթացքում աղջիկս ծնվեց, և ես 2 տարի դադար վերցրեցի, երբ վերադարձա թատրոն, կարծես 0 կետում էի հայտնվել, որովհետև խաղընկերս` Հայկ Սարգսյանն արդեն թատրոնում չէր, և այն տասնյակ դերերը, որ ես ունեի` այլևս չկան»,- պրեմիերայից րոպեներ առաջ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց դերասանուհին:

«Ներկայացումը բավական երկար խմորվում էր, որովհետև ցանկությունը վաղուց կար, բայց իմ, Սամվելի և Գրիգորի խիստ զբաղվածության պատճառով մեր փորձերն անդադար հետաձգվում էին: Դա նպաստեց այն առումով, որ այդ էտապում կերպարը մեր մեջ հասունանում էր: Շնորհակալ եմ խաղընկերոջս` Սամվել Թոփալյանին. երբ խաղում ես ուժեղ խաղընկերոջ հետ, երբ զգում եք միմյանց բեմում, դերասանի համար դա գերագույն հաճույք է»,- անկեղծացավ դերասանուհին, ում համար այս ներկայացումը չափազանց թանկ է:

«Այն հաճախ բեմադրվել է տարբեր բեմերում. թեʹ Հայաստանում, թեʹ Հայաստանից դուրս, բայց կարծում եմ մեզ մոտ` իր գույնով առանձնահատուկ է: Հուսամ` հանդիսատեսն էլ կսիրի»:

Դերասան Սամվել Թոփալյանը միևնույն ժամանակ աշխատում է Հենրիկ Մալյանի անվան և «Գոյ» թատրոններում: Մեզ հետ զրույցում նա խոստովանեց, որ բավական ծանրաբեռնված է աշխատում, և մինչև այստեղ գալն արդեն հասցրել է երկու ներկայացում խաղալ, սակայն թույլ չի տալիս, որ իր հոգնածությունն ինչ-որ կերպ զգացվի ու տարածվի բեմի վրա:

Նրա բնորոշմամբ պիեսը շատ նուրբ է գրված: «Թեև հեղինակը հայ չի, բայց շատ լավ քննել ու ուսումնասիրել է մեր տեսակը: Ինձ համար շատ ուրախալի, բայց նաև շատ բարդ աշխատանք է, որովհետև պետք է շատ իսկական լինել: Առավելագույնս փորձել եմ ազնիվ լինել իմ արածի մեջ»,- ամփոփեց դերասանը:

4196 | 0
Facebook