Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման հարցը՝ բուռն քննարկումների պատճառ

17:25, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման հարցը՝ բուռն քննարկումների պատճառ

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման հարցը շարունակում է բուռն քննարկվել: Գերեզմանոցը վնասազերծելու նպատակով Հայաստանի կառավարությունը և միջազգային կառույցները առաջարկում են Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքի մոտ, ստեղծել ազգային պահեստ և Նուբարաշենի թունաքիմիկատները տեղափոխել այնտեղ և նախապես ապահովել թունաքիմիկատների անվտանգ փաթեթավորում: Ինչ վերաբերում է չեզոքացման միջոցառումներին, ապա «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանի խոսքերով՝ ծրագրի պայմանն է, որ թունաքիմիկատները կարող են ոչնչացվել միայն եվրոպական չափանիշների համաձայն:
    
     Ծրագիրն իրականացվում է Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ:
    
     Թունաքիմիկատները աղտոտել են հողը, որը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է 7000 տոննա: Այս բարձր աղտոտվածություն ունեցող հողի տեղադրման և վնասազերծման հարցը մնում է բաց:
     Հոկտեմբերի 20-ին Երևանի Օրհուս կենտրոնում անցկացվել է խնդրի հերթական քննարկումը: Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ Նուբարաշենի գերեզմանոցը համարվում է Երևանի վարչական տարածքում գտնվող ամենավտանգավոր օբյեկտներից մեկը: Այն, որ գերեզմանոցը պետք է վնասազերծվի, համաձայն են բոլորը, բայց տարբերակները վիճելի են:
     «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը նշել է, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում, և սողանքների հետևանքով արդեն բավականին ներքև է իջել: «Թաղված թունաքիմիկատների մոտ 60%-ը կայուն քլորօրգանական թունաքիմիկատներ են, որոնք տասնյակ տարիներ մնում են հողում: Հետազոտություններ են արվել, և պարզվել է, որ թունաքիմիկատների մնացորդային քանակներ են հայտնաբերում, որոնք բավականին բարձր են, և քանի որ գերեզմանոցը շատ թեք տեղում է, դրանք կարող են հոսանքի, ջրերի հետ տարածվել: Փաստը մնում է փաստ, որ այդ գերեզմանոցը այդտեղից պետք է վերանա», - նշել է Լիլիկ Սիմոնյանը:
     «Մենք կողմ ենք դրան, բայց այդ տարածքում (ԷկոԼուր՝ Հրազդանի պահեստարանում) դա անընդունելի է: Կոտայքի մարզի այդ տարածքը չի կարելի օգտագործել որևէ թափոն տեղադրելու համար»,- ասել է «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
     «Այսպիսի ծրագրի համար պետք է տրվի սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատական: Մենք արդեն այսօր ունենք մտահոգություն Հրազդանի բնակիչների կողմից, իսկ երբ կսկսվի ծրագրի իրականացումը, այնտեղ կարելի է սպասել շատ մեծ դիմադրության»,- նշել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
     «Տարածքներ տարբեր կան, խորհրդային տարիներից մնացած, լքված պահեստներ: Պոտենցիալ ալյընտրանք կարող է դա լինել: Բայց դա բարդ գործընթաց է, և եթե մենք գնանք այդ ուղիով, մենք պետք է կանգնեցնենք այս ծրագիրը»,- ասել է ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը:
    
Նա նշել է, որ իրենց համար կարևոր և գոհացուցիչ հանգամանքներից մեկն էլ այն է, որ Հրազդանի պահեստարանի վերահսկողությունը իրականացնելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Այս տարածքը ԱԻՆ-ի հսկողության տակ է: Եկեք հսկենք, որ դա որակյալ արվի: Մենք ուզեմ ենք ունենալ կարգավորված, վերահսկվող պահեստ այս երկրում»,- նշել է Գ. Ղարագեբակյանը:


     Հաջորդ մտահոգությունը կապված է 7000 տոննա հողի վերամշակման հետ:
     «Ինձ հուզում է 7000 տոննա աղտոտված հողը: Նուբարաշենում մենք դա չենք կարող վնասազերծել: Նախ այնտեղ սողանքային գոտի է, հետո էլ հենց անմիջապես կողքը հացահատիկի արգելոցն է (ԷկոԼուր՝ էրեբունի արգելոց): Եթե մենք այնտեղ ինչ-որ բան այրենք, վերամշակենք, բնականաբար, արտանետումները կգան այդ տարածքի վրա»,- ասել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը:
     «Հողը պետք է վերամշակվի տեղում, տարբերակներ շատ կան, տեխնոլոգիաներ շատ կան, որոնք ընդունելի են»,- ասել է ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Վարդան Ծերունյանը:
     Ծրագրով նաև նախատեսված է, որ Հրազդանի պահեստարանում ժամանակավոր պահվելուց հետո թունաքիմիկատները պետք է դուրս բերվեն երկրից և ոչնչացվեն: Սակայն լուծում դրան տրված չէ: «Մենք խնդիր ունենք Վրաստանով արտահանելու: Այս պահի դրությամբ վրացական օրենսդրությունը թույլ չի տալիս: Մենք պետք է բանակցենք՝ կարող է թույլ տան, կարող է՝ ոչ»,- հայտնել է Գայանե Ղարագեբակյանը: Իսկ ինչ վերաբերում է 7000 տոննա հողին, ծրագրի համակարգողի խոսքով՝ այդ զանգվածը արտահանել ընդհանրապես հնարավոր չէ. «7000 տոննա հողը արտերկիր տանելը հնարավոր չէ ոչ տնտեսապես, ոչ տեխնիկապես»:
     Ծրագրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Հաջորդ քննարկումը նախատեսված է անցկացնել ս.թ. նոյեմբերի 7-ին:
     Նշենք, որ ընդհանուր ծրագրի իրականացման համար ԳԷՀ-ը տրամադրել է 4.7 միլիոն դոլար, իսկ 16 միլիոն 20 հազար դոլարի ներդրում կատարելու հանձնառություն վերցրել է Հայաստանի կառավարությունը, հայտնում է «ԷկոԼուր» ՀԿ-ն:

2365 | 0
Facebook