Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

17:05, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2016թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ
     կառավարության ներկայացրած օրինագիծը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Նշված օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների գլուխը լրացվում է երկու հոդվածներով, այն է՝ 154.7. և 154.8: Մասնավորապես, երկրորդով պատասխանատվություն է նախատեսվում այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար:

Այս հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն ոչ միայն դիտավորությամբ, այլ նաև անփութությամբ «սուտ» հայտարարություն տալու համար, ինչը ՀՀ կառավարության և ոչ իշխանական քաղաքական ուժերի միջև ստորագրված հայտնի քաղաքական համաձայնությամբ նախատեսված չէր: Այս նպատակով հանցակազմի սահմանումը իրավաչափ չէ, հակասում է իրավական որոշակիության սկզբունքին (ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդված) և սահմանափակում է նման հայտարարություն տալու իրավունքով օժտված՝ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր սուբյեկտների ընտրական իրավունքի պաշտպանության հնարավորությունը:

Սա նշանակում է, որ հայտարարություն տվող սուբյեկտը, ունենալով այլ անձի/անձանց փոխարեն քվեարկելու կապակցությամբ տեղեկություններ, զրկվում է դրանք վարչական մարմին, մասնավորապես՝ ԸԸՀ կամ ԿԸՀ ներկայացնելու հնարավորությունից, եթե դիմումը ներկայացնելու պահի դրությամբ նա չի ստուգել այդ տեղեկությունների անհերքելի և աներկբա ճշմարտացիությունը: Օրինակ, եթե հայտարարություն ներկայացնողն ունի տեղեկություն այն մասին, որ որոշ անձինք ՀՀ-ում չեն գտնվում և/կամ հայտնել են, որ քվեարկության օրը Հայաստանում չեն գտնվելու, իսկ հրապարակված ընտրողների կողմից ստորագրված ցուցակներում առկա են նրա ստորագրությունները, նա քրեական պատասխանատվության սպառնալիքից դրդված՝ չի կարող ներկայացնել հայտարարություն այդ անձանց փոխարեն քվեարկության դեպքի կապակցությամբ, քանի դեռ չի ստուգել և հավաստիացել՝ արդյոք այդ անձինք ի վերջո քվեարկության օրը վերադարձել, գտնվել են ՀՀ-ում և մասնակցել են քվեարկությանը:

Սույն հոդվածով հայտարարություն տվող անձի վրա փաստացի դրվում է օրենքով չսահմանված պարտականություն՝ ինքնուրույն ճշտելու հայտարարության մեջ ներառված անձանց քվեարկության օրվա դրությամբ ՀՀ-ում գտնվելու և նրանց կողմից քվեարկությանը մասնակցելու հանգամանքները, ինչը հակասում է թե այն փոփոխությունների տրամաբանությանը, որոնց համաձայն պետությունն է ստանձնում այդ ստուգման պարտականությունը, թե ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածին. «(…) Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»): Այսպիսով, փաստորեն, պետությունն իր դրական պարտականությունը դնում է քաղաքացիների վրա:

Բացի սահմանված այս պարտականության ոչ իրավաչափ բնույթից, հայտարարություն տվող անձը նաև օբյեկտիվորեն չունի և ողջամտորեն չի էլ կարող ունենալ հայտարարության մեջ ներառված անձանց քվեարկության օրվա դրությամբ ՀՀ-ում գտնվելու և/կամ հատկապես քվեարկությանը մասնակցելու հանգամանքը 100 տոկոսանոց ճշգրտությամբ ստուգելու հնարավորություն, քանի որ այդպիսի տեղեկատվության ճշգրիտ ստուգման միակ հնարավորությունը ընձեռում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը, որը բնականաբար անհասանելի է հայտարարություն ներկայացնող սուբյեկտի համար:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում գտնվող, սակայն քվեարկությանը մասնակցելու մտադրություն չունենալու մասին հայտնած անձանց, ապա նրանց քվեարկությանը չմասնակցելու հանգամանքի անհերքելի ճշմարտացիությունը պարզելը հայտարարություն տվող սուբյեկտների համար ևս ողջամտորեն հնարավոր չէ, առաջինը՝ հայտարարություն տալու ժամկետային սահմանափակման, երկրորդը՝ սխալ տեղեկատվություն ստանալու հավանականության պատճառով:

Վերոգրյալից կարող ենք եզրահանգել, որ ՀՀ քրեական օրենսգրքում 154.8. հոդվածի լրացումը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ սահմանափակել ընտրական իրավունքի պաշտպանության միջոցների արդյունավետությունը և առհասարակ այդ միջոցներին դիմելու հնարավոր ցանկությունը, ինչը ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված ազատ ընտրական իրավունքի կոպիտ խախտում է:

Ակնհայտ է, որ հիշյալ խնդրահարույց, անորոշ և, ըստ էության, ընտրական իրավունքի բոլոր սուբյեկտներին սպառնացող քրեական պատասխանատվության սահմանումը չի նպաստելու ընտրական իրավունքի պաշտպանությանը և չի նպաստելու ընտրական համակարգի ու ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանն, այլ ընդամենը խորացնելու է ընտրական համակարգի ճգնաժամը:
     «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

2097 | 0
Facebook