Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հորդորում եմ լիցենզիա ստանալ. օրենքով է նախատեսված». Դավիթ Մելքոնյանը` տաքսու անհատ վարորդներին

17:57, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Հորդորում եմ լիցենզիա ստանալ. օրենքով է նախատեսված». Դավիթ Մելքոնյանը` տաքսու անհատ վարորդներին

MAMUL.am-ի թղթակիցն այսօր գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` խնդրելով պատասխանել` Գյումրիում գործող տաքսու անհատ վարորդների` լիցենզիա հանելու խնդրին նախարարը տեղյա՞կ է, եթե այո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կամ ձեռնարկվելու վարորդների պահանջն ինչ-որ կերպ բավարարելու ուղղությամբ:

Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեր թղթակցին բանավոր հայտնեց, որ դա օրենքով է, և վարորդները պարտադիր պետք է լիցենզիա ստանան. «Ես հորդորում եմ լիցենզիա ստանալ. օրենքով է նախատեսված, պետք է անել: Այս պահին բան չեմ կարող ավելացնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե մարդիկ բողոքում են, որ առավոտից երեկո հազիվ հացի գումար են աշխատում, իրենց խոսքով` օրական 500-1000 դրամ, ապա ինչպե՞ս կարող են լիցենզիա հանել, արձագանքեց. «Դուք առավոտից երեկո 500 դրամի համար կաշխատեի՞ք…: Կրկնում եմ, եթե ՀՀ-ում բոլորն սկսեն առանց օրենքի դրույթները կատարելու աշխատել, պետություն չենք կարողանալու կառուցել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գյումրիում գործող տաքսու անհատ վարորդները բողոքում են տրանսպորտային տեսչության կողմից ուղարկված ծանուցումների դեմ, որոնցով պարտադրվում է լիցենզավորում անցնել, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության 50 հազար դրամի չափով:

2843 | 0
Facebook