Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրեցի վարորդները պատրաստ են ծայրահեղ քայլերի. մարզպետն իր ուժերից վեր է համարում նախարարի հետ լիցենզավորման հարցը քննարկելը

16:05, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Գյումրեցի վարորդները պատրաստ են ծայրահեղ քայլերի. մարզպետն իր ուժերից վեր է համարում նախարարի հետ լիցենզավորման հարցը քննարկելը

Գյումրիում գործող տաքսու անհատ վարորդները բողոքում են տրանսպորտային տեսչության կողմից ուղարկված ծանուցումների դեմ, որոնցով պարտադրվում է լիցենզավորում անցնել, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության 50 հազար դրամի չափով:

Վարորդները պահանջում են, որ իրենց վրա չտարածվի օրենքը, քանի որ նրանց խոսքով` «օրական հազիվ 500-1000 դրամ հացի փող են վաստակում», ինչպե՞ս կարող են այդքան մուծում անել:

«Թող հեռուստաեթեր դուրս գային և վարորդներին իրազեկեին, ասեին` հարգելի վարորդներ, այս օրենքը երբ որ 1 տարի առաջ հանեցինք` սառեցվեց, բայց այսօրվանից այն գործելու է, կամ` ինչո՞ւ պիտի վճարենք 50 հազար…: Մի հատ վե´ր կացեք, եկեք Գյումրի, թո´ղ նախարարությունից մեկը գա, նստի կողքս ու տեսնի` օրը քանի՞ մարդ եմ տեղափոխում, ի՞նչ գնով եմ տեղափոխում, տակն ի՞նչ է մնում…»:

«Առավոտից իրիկուն աշխատում եմ, որ թոռներիս հաց, կաթ տանեմ, ինձ 50 հազար որտեղի՞ց, որ լիցենզիա հանեմ»,- միմյանց լրացնելով` դժգոհում էին վարորդները:

Նրանք վստահեցնում են, որ այսօր Գյումրիում չկա մի «տաքսիստ», որը կկանգնի ու կասի` «ես կարամ լիցենզավորվեմ»:

Վարորդները, ինչպես MAMUL.am-ի թղթակցին ասացին, իրենց բողոքները ներկայացրել են տարբեր կառույցների` Գյումրու քաղաքապետարանին, Տրանսպորտի տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնին, մարզպետարանին: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը լսել է վարորդների բողոքը և խոստովանել, որ իրենք ոչնչով չեն կարող նրանց օգնել. «Լիցենզիան պարտադրել է տեսչությունը, տրանսպորտի նախարարությունը, և պետք է հանվի, ուրիշ ճար չկա»,- ասել է նա` հորդորելով դիմում գրել քաղաքապետին և խնդրել, որպեսզի վերջինը միջնորդի դեր ստանձնի նրանց և նախարարության միջև. «Միգուցե քաղաքապետին հաջողվի լեզու գտնել նախարարի հետ»,- ասել է մարզպետը:

Խնդիրը չլուծելու դեպքում, գյումրեցի վարորդները պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել` ճանապարհ փակել, թեկուզ օրերով բողոքի ցույցեր անել:

Տեղեկացնենք, որ խնդրի առնչությամբ MAMUL.am-ի թղթակիցը հարցում է ուղարկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, որի պատասխանը կհրապարակենք քիչ ավելի ուշ:

2394 | 0
Facebook