Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խաչատրյանական փառատոնը թույլ է տալիս լսել որակյալը որակյալ կատարմամբ». հանդիսատեսը՝ Խաչատրյանի փառատոնի մասին

17:30, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Խաչատրյանական փառատոնը թույլ է տալիս լսել որակյալը որակյալ կատարմամբ». հանդիսատեսը՝ Խաչատրյանի փառատոնի մասին
     Խաչատրյանի միջազգային փառատոնի 3-րդ սիմֆոնիկ համերգը հոկտեմբերի 20-ին ղեկավարում էր իտալացի դիրիժոր Բեատրիչե Վենեցին։ Ծրագրում հնչել են Էդուարդ Հայրապետյանի կամերային նվագախմբի համար Պավանը, Քշիշտոֆ Պենդերեցկու երեք թավջութակի և նվագախմբի համար գրված թիվ 1 Կոնչերտո գրոսսոն` Լյուդվիգ վան Բեթհովենի Լեոնորա թիվ 3 նախերգանքը և Առաջին սիմֆոնիան։
     Նշենք, որ իտալացի դիրիժոր Բեատրիչե Վենեցին այս տարի հունիսին մասնակցել էր Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթին՝ արժանանալով հատուկ մրցանակի՝ 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում հնարավորություն ստանալով հանդես գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժորի դերում: Բեատրիչե Վենեցին նկատում է, որ իր համար մեծ փորձառություն էր մասնակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, հետո նաև՝ խաչատրյանական փառատոնին։ Երիտասարդական նվագախմբի հետ իր համագործակցությունն էլ շատ բարձր է գնահատում՝ ասելով, որ այստեղ աշխատում են բարձրակարգ երաժիշտներ։
     Թավջութակահարուհի Անուշ Յավրումյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներից է և առաջին անգամ է որպես մենակատար հանդես գալիս նվագախմբի հետ։ Անուշ Յավրումյանը նկատում է, որ փառատոնին հրավիրված են բազմաթիվ պրոֆեսիոնալ երաժիշտներ, դիրիժորներ, որոնցից և՜ իրենք՝ երաժիշտները, և՜ հանդիսատեսը շատ բան են քաղում։
     Թավջութակահարուհի Գայանե Խաչատրյանն այժմ ուսումը շարունակում է Գերմանիայում։ Ծանոթ էր խաչատրյանական փառատոնին և շատ ուրախ է հրավեր ստանալ՝ մասնակցելու նրա շրջանակներում։
     Խաչատրյանի անվան փառատոնի համերգներին մեծ սիրով սպասում է նաև հանդիսատեսը։ Նառա Աբգարյանը փառատոնի երեկոների մշտական ունկնդիրներից է։ «Ամեն տարի սրտի թրթիռով եմ սպասում Խաչատրյանի փառատոնի հերթական մեկնարկին և ընթացքին` ակնկալելով հերթական նորարարությունը դասական երաժշտության ասպարեզում: Այն ինձ համար վերածվում է իսկական տոնի, երբ բեմում տեսնում եմ հարազատ դարձած աշխարհահռչակ երաժիշտ-մենակատարների, դիրիժորների և ամենակարևորը՝ իմ սիրելի նվագախմբին` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Խաչատրյանական փառատոնն ինձ համար դասական երաժշտության լավագույն տոնն է: Այն անցկացվում է բարձր մակարդակով, թույլ է տալիս լսել որակյալը որակյալ կատարմամբ և յուրաքանչյուր համերգի մի քանի ժամը մոռանալ առօրյա խառնաշփոթը` տրվելով երաժշտության կախարդական մեղեդիներին»,- ասում է Նառա Աբգարյանը:
     Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։
1773 | 0
Facebook