Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճում է

19:50, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճում է

Ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը վերջին շրջանում հանգեցրել է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության։

Ղարաբաղ

Եթե դեռեւս 2016 թվականի հուլիսի չորսին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ անկախության օրվա առթիվ ուղղված նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս էր հայտնում, թե Միացյալ Նահանգների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական արդյունքներ կտան, ապա արդեն հոկտեմբերին նույն Ալիևը կասկածի տակ է դնում ԱՄՆ միջնորդական դերը կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

Վաշինգթոնի հանդեպ Ալիևի վերաբերմունքի նման փոփոխությունը, թերևս, կապված է հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի արած հայտարարության հետ։ Պետքարտուղարը, ըստ այդմ, հայտնել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ներկայում համապատասխան պայմաններ չկան, քանի որ հակամարտող կողմերի առաջնորդները պատրաստ չեն դրան։ Ալիևը այս հայտարարությանն արձագանքել էր ծայրաստիճան կտրուկ՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ։

«Այս հայտարարությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Մեղադրել Ադրբեջանին հակամարտության չկարգավորման համար առնվազն անարդար է։ Մենք չենք ընդունում նման հայտարարություններ։ Կարծում ենք, որ մոտակա ժամանակում այդ արտահայտությունները պետք է փոփոխվեն ամենաբարձր մակարդակով։ Հակառակ դեպքում միջնորդական առաքելությունը կարող է հայտնվել կասկածի տակ»,- մասնավորապես, ասել է Ալիևը՝ նշելով նաև, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի վրա գործադրվում են ճնշումներ՝ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու համար։

Փաստացի, ԱՄՆ պետքարտուղար Քերիի խոսքերին Իլհամ Ալիևի այս արձագանքը վկայում է այն մասին, որ Վաշինգթոնի և Բաքվի հարաբերություններում լարվածության նոր փուլ կարող է սկսվել։

Մարդու իրավունքները

Այժմ, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հիմնական տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության սահմանափակումներին։ Այս հարցի շուրջ կողմերի միջև լարվածությունը գագաթնակետին էր հասել 2014-ի վերջին, երբ հայտնի լրագրողուհի Հադիջա Իսմաիլովայի ձերբակալությունից հետո Բաքվում փակվեց, «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Ադրբեջանում լրջագույն խնդիրներ կան մարդու իրավունքների և խոսքի ազատության հետ կապված։

Պատահական չէ նաև, որ 2016-ի գարնանը, ապրիլյան պատերազմիցև ԱՄՆ-ում անցկացվող միջուկային գագաթաժողովին Ալիևի մեկնելուց առաջ Ադրբեջանում ազատ էին արձակվել մի քանի հայտնի քաղբանտարկյալներ:

Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում էր շահել Վաշինգթոնի դրական դիրքորոշումը, հետագայում նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում օգտագործելու համար։ Սակայն բանակցային գործընթացի՝ Ադրբեջանին ոչ ձեռնտու ընթացքը, թերևս, հետ պահեց Բաքվին այդ ռազմավարությունից։ Արդեն ամռանը և հատկապես սեպտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախօրեին Բաքվի իշխանությունները նորից գործի դրեցին քաղաքական բռնաճնշումների մեխանիզմները, ինչը, տրամաբանորեն, նոր լարվածություն է առաջ բերում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում։

Այս ամենի ֆոնին, թերևս, կարևոր է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցը, որում դիվանագետը հատուկ կերպով հիշեցնում է Ադրբեջանին սպառազինության մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած արգելքը և, փաստացի հայտնում, որ Միացյալ Նահանգները որևէ զենք չի տրամադրում հակամարտող կողմերին։

Նկատենք նաև, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ներկա փուլում գտնվում են այնպիսի ճգնաժամային վիճակում, որ նույնիսկ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զերծ մնաց Ալիևին Ադրբեջանի անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորելուց։ Փոխարենը՝ հոկտեմբերի 19-ին հայտարարությամբ հանդես եկավ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը՝ շնորհավորելու հետ մեկտեղ Ադրբեջանի իշխանություններին հիշեցնելով մարդու իրավունքների, խոսքի ազատության և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

9511 | 0
Facebook