Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտը շարունակում է զարգանալ

13:05, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտը շարունակում է զարգանալ

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 11-րդ օլիմպիադան ռեկորդային՝ 896 մասնակից է ունեցել Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալազիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վիետնամից:


     Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեն հայտնում է, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում կայացել է թվով 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցության հայտ է ներկայացրել և մրցել 35 մասնակից՝ 24 երկրից. Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Հոնկոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալազիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վիետնամից: Օլիմպիադայի առաջին փուլի 896 մասնակցից 71-ը ներկայացրել են Հայաստանի բուհերը և ՏՏ ընկերությունները, իսկ 820-ը՝ միջազգային համալսարանները: Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտի՝ մինչև 30 տարեկան տարիքային խմբի ամենատաղանդավոր ուսանողները: 2016թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանք՝ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակի՝ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ: Առաջին փուլի արդյունքներով՝ 896 մասնակիցներից 35-ն անցել են օլիմպիադայի երկրորդ փուլ, որը կայացել է հոկտեմբերի 18-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում: Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ- ը օլիմպիադայի ինֆորմացիոն հովանավորն է:
2010թ.-ին ստանձնելով օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ- ը յոթ տարվա ընթացքում տրամադրել է ավելի քան 59.200.000 դրամ՝ ծրագրի իրականացման նպատակով: Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիկոմպ» ընկերությունը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը և ՏՀՏ գործատուների միությունը: Միկրոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ- ի երկարաժամկետ աջակցությունը պայմանավորված է այս ոլորտների՝ երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը դառնալու ներուժով, ինչի մասին փաստում է բազմաթիվ երկրների փորձը: «Նպատակների և անելիքների մեր ցանկում պետք է առանձնացնել առնվազն մեկ առաջնահերթ խնդիր՝ աջակցությունը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող երկարաժամկետ ծրագրերին: Միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների զարգացումը պետք է լինի ներդրումների առաջնային թիրախ: Ավելին, այս ոլորտներում երկարաժամկետ սոցիալական ներդրումների բացակայությունը կարող է հույժ բացասական ազդեցություն ունենալ երկրի ապագայի վրա: Վերոնշյալ ոլորտներում սոցիալական ներդրումները նախևառաջ կնպաստեն մրցակցային առավելության ձևավորմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական աճին, կօգնի կանխել «ուղեղների արտահոսքը» և, վերջապես՝ կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը թե՛ երկրի սահմաններից դուրս, և թե՛ նրա ներսում՝ ամրապնդելով ժողովրդի հավատը երկրի ապագայի նկատմամբ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 11-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ «Սինոփսիս»-ի գալա-միջոցառման ընթացքում: Օլիմպիադայի հաղթողներն են.

  • Առաջին մրցանակ՝ «Ոսկե» մեդալակիր Ֆլորին Բուրչիա (Գերմանիայի Դաշնություն)
  • Երկրորդ մրցանակ՝ «Արծաթե» մեդալակիր Յու Չնտի (Հոնկոնգ)
  • Երրորդ մրցանակ՝ «Բրոնզե» մեդալակիր Ամին Մեշկատ (Իրանի Իսլամական Հանրապետություն)

Գալա-միջոցառման ընթացքում մրցանակներ են հանձնվել նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական մրցանակի դափնեկիրներին: Մրցանակաբաշխության երեկոն եզրափակվել է ճաշկերույթով և համերգով:

24437 | 0
Facebook