Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հարցազրույցներ

«Եթե մենք թուրքերի հետ որոշակի փոխհարաբերություն ունենայինք, ռուսի շանտաժներին չէինք ենթարկվի». Լևոն Շիրինյան

18:35, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Եթե մենք թուրքերի հետ որոշակի փոխհարաբերություն ունենայինք, ռուսի շանտաժներին չէինք ենթարկվի». Լևոն Շիրինյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
    
    

- Պարոն Շիրինյան, օրերս կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այդպես էլ չընտրվեց, թեպետ հայաստանյան ներկայացուցիչների անուններ էին շրջանառվում: Ի՞նչ եք կարծում, դեպքերն ինչո՞ւ այսպիսի զարգացում ունեցան:


     - Մի քանի տարբերակ կա. ես կարող եմ ենթադրել, որ հայկական կողմը ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման այս փուլում չի ցանկացել իր ներկայացուցչին առաջարկել. եթե վերցներ ՀԱՊԿ ղեկավարի բեռը, ապա պետք է ուղիղ հակադրվեր Ամերիկային: Ես ենթադրում եմ` դա է պատճառը, որ հայկական իշխանությունը լուռ է: Երկրորդ վարկածն էլ կա. երբ որ ռուսների հարաբերություններն ԱՄՆ-ի հետ խիստ լարման են գնում, պարզ է չէ՞, որ կձգտի, որպեսզի ռուս լինի այդ կառույցի ղեկավարը, ինչը ձեռնտու վիճակ է: Եթե մենք պատերազմի մեջ մտնենք Ամերիկայի հետ, ՀԱՊԿ-ը պիտի գործընթացի մեջ մտնի և դա ղեկավարի: Մտածե՞լ եք, եթե ղեկավարը հայ լինի, ինքը պետք է ղեկավարի այդ պատերազմը, կուզե՞ք: Իսկ մենք պիտի ամեն օր որոնենք մեր պետության շահը: Օրինակ, մեկը ես, չեմ ուզում Ռուսաստանի խաթեր Արևմուտքի հետ պատերազմի մեջ մտնել. իհարկե, դա կանոնակարգի խախտում կդիտվի: Իսկ ընդհանրապես, եթե որևէ մեկը կկարողանա ամերիկյան, ֆրանսիական, չինական զենքով ապահովել Հայաստանին, բայց այնպիսի գներով և որակով, ինչպիսին Ռուսաստանից ենք ստանում, եկեք ՀԱՊԿ-ից դուրս գանք, ինչ ասեմ:


     - ՀԱՊԿ
-ն, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, արհեստական կառո՞ւյց է, ինչպես շատերն են կարծում:


     - Այո, այնքանով որքանով օգուտ է տալիս: Շատ օգուտ չի տալիս, վնասն էլ այդքան մեծ չէ, բայց ինչ-որ չափով օգուտ է: Օգուտ է, քանի որ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունենք և հնարավորություն` Ռուսաստանից ստանալու իր գնով զենք, ինչը ոչ մեկ աշխարհում չի տալիս: Հասկանալի է, ՀԱՊԿ-ի անդամ եթե չլինենք, չէր տա: Այստեղ կա ավելի լուրջ խնդիր, որը նաև վերևում ասացի. Հայաստանն, արդյոք, պատրա՞ստ է ռուսի խաթեր, օրինակ, բարեկամ Լեհաստանի հետ պատերազմել, եթե դա սկսվի: Եթե ՀԱՊԿ-ի մեջ ենք, ռուսի հետ ենք, պիտի ուրեմն կռվենք: Կամ` Ղազախստանի կողմից Ուզբեկստանի դեմ կկռվե՞նք, եթե պետք լինի: Ինչ հարց ասես մատի փաթաթան են անում, մենք էլ համագործակցում ենք այնքանով, որքանով Հայաստանի շահերից բխում են Ռուսաստանի հետ դաշնակցական լավ կամ վատ հարաբերություններ ունենալը` ռազմատեխնիկական և քաղաքական համագործակցության հնարավորություներն օգտագործելու համար: Ինչ ուզում է` Հայաստանի ղեկավարությունն անում է:


     - Պուտինի վերջին այցը
Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ նստաշրջանին, ի՞նչ տվեց մեզ, կամ ինչպիսի՞ պտուղներ դեռ կարող ենք քաղել այդ այցից: Ըստ Ձեզ, կուլիսներում ի՞նչ հարցեր քննարկվեցին:


     - Որպես դաշնակից պետություն /թեկուզև արտաքնապես/ պռոտակոլային բաներ կան, որ պետք է արվեն, և պետք է Պուտինը ցույց տա, որ ինքն իր դաշնակիցների հետ, այն էլ` Հայաստանի պես երկրի հետ, նորմալ հարաբերությունների մեջ է: Կերևա առաջիկայում. վատ բան հաստատ չի լինելու: Հիմա նրանք մեր կարիքը շատ ունեն, մենք պետք է որքան կարող ենք օգուտներ քաղենք նրանցից:


     - ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում, խոսելով Արցախի հակամարտության կարգավորման մասին, հայտարարեց, թե Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կարող է դրական ազդել: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս խոսքերը:


     - Ես, ինչպես որ լսել եմ Լավրովի հայտարարությունը, Հայաստանի համար ունի դրական միտում: Այսինքն` նա իբր ուզում է Հայաստանի հետ Թուրքիան կարգավորի հարաբերությունները: Այդ հարցն այնքան է խեղաթյուրվել, որ ես չեմ էլ հիշում, որ նա երբևէ թուրքերին ասած լինի` դուք պետք է լավանաք Հայաստանի հետ, Հայաստանն էլ` Թուրքիայի հետ: Կոնկրետ այս հայտարարությամբ նա ընդամենը ցանկություն է հայտնել` հիմա ուզում եք կարգավորեք, ուզում եք` ոչ: Պարզ չէ՞, որ այսօր Ռուսաստանի համար այս հարցը շատ հետաքրքրական է: Իսկ եթե սկզբունքորեն ենք դիտարկում, եթե ուզում ենք ռուսական խարդավանքներից ազատագրվենք երբևէ և դառնանք նորմալ պետություն, պետք է Թուրքիայի հետ որոշակի հարաբերվելու ձև գտնել, բայց թուրքերը դրան չեն գնում: Պարզ չէ՞, որ եթե Թուրքիայի հետ որոշակի հարաբերություն ունենայինք, ռուսական շանտաժը գիշեր-ցերեկ չէր աշխատի: Այնպես որ, այս հայտարարության մեջ ես առանձնապես արտառոց բան չեմ տեսնում: Պետությունը պետք է երկընտրանք ունենա, դա պարտադիր է, իսկ մենք այդ երկընտրանքը չունենք, ռուսը դրա վրա շատ լավ խաղում է, թեժացնում է հակասությունը: Եթե մենք թուրքերի հետ այսքան լարված չլինեինք, այլ որոշակի չափով փոխհարաբերություն ունենայինք, մենք այդ շանտաժներին չէինք ենթարկվի: Այնպես որ, ես Լավրովի ասածին չեմ հավատում, այդ խոսքերը կեղծ են, նրանք չեն ուզում Հայաստան-Թուրքիա հարաբերությոնների կարգավորումը: Եթե ուզենային` իրենց հնարավորությունը մեծ է, գործի կդնեին:


     - Ղարաբաղյան բանակցություններն ի՞նչ փուլում են: Կարծիքներ կան, որ այն կրկին հայտնվել է փակուղում:


     - Բոլորը միաբերան փակուղուց են խոսում, բայց փակուղի չկա, ռուսներն էլ են դրանից ամեն օր խոսում. գիտե՞ք ինչու, որովհետև ռուսները չեն ուզում, որ տաքանա հակամարտությունը, որովհետև իրենք խրվել են և´ Սիրիայում և´ Ուկրաինայում: Հիմա էլ իրենց համար երրորդ ճակատ կբացվի նաև Անդրկովկասում, մանավանդ, երբ որ տեսնի իր «դաշնակից», «եղբայր» հայ ժողովուրդը թքած ունի իր իսկ վրա, և եթե պետք է կկռվի և իրենց կարհամարհի: Դրա համար էստեղ լարվածություն առայժմ չեն ուզում և իրենց ձեռքերը հակամարտության վրա ինչքան հնարավոր է ուզում են սառը պահել:

1568 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am