Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հարցազրույցներ

«Որոշել էի դառնալ երկրի նախագահ, բայց հրաժարվեցի. անճոռնի աշխարհ է քաղաքականությունը». հանդիպում` Հայկ Պետրոսյանի հետ

20:10, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Որոշել էի դառնալ երկրի նախագահ, բայց հրաժարվեցի. անճոռնի աշխարհ է քաղաքականությունը». հանդիպում` Հայկ Պետրոսյանի հետ

Երբ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը 17 տարեկան էր, որոշել էր դառնալ երկրի նախագահ ու փոխել ամեն ինչ: Հետո, երբ տեսավ, թե քաղաքականությունն ինչ անճոռնի աշխարհ է, հրաժարվեց այդ մտքից:

Նրա հայտնվելն արվեստի ոլորտ շատ պատահական էր, բայց առաջին ներկայացումից հետո նա հասկացավ, որ հետդարձի ճանապարհ չկա: Հայկի սուր հումորը գրավեց հանդիսատեսին ու այն դարձավ նրա համար ապրելակերպ:

«Քիմ Քարդաշյանը կասեր` պատահականությունները պատահական չեն լինում, բայց իմ մուտքը թատրոնի աշխարհ իրոք պատահական էր: Երբեք նման բան չեմ որոշել, էդպես ստացվեց»,- անկեղծացավ դերասանը:

Հայկի հետ հանդիպեցինք Տիկնիկային թատրոնում, սա առաջին թատրոնն էր, որտեղ նրան վստահեցին բեմ բարձրանալ:

«Տարիներ առաջ, երբ «Ուլիխանյան ակումբ»-ում խաղացի իմ առաջին ներկայացումը` «Հայկասթրես», մտածում էի մի քանի ներկայացում կխաղամ, կանցնի, կգնա, բայց այդպես չեղավ: Հասկացա, որ պետք է ավելի մեծ տարածք վերցնել ներկայացման համար և եկա Տիկնիկային թատրոն: Սա առաջին թատրոնն էր, որտեղ ինձ բեմ վստահեցին և առ այսօր այստեղ ելույթներ եմ ունենում ու շատ կապված եմ այս թատրոնի հետ: Սա երևի ամենաբարի թատրոնն է իր էներգետիկ դաշտով»,- պատմեց Հայկ Պետրոսյանը:

ՄԵՐ ՔԱՂԱՔԻՑ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿՎԵՐԱՑՆԵԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՃՈՌՆԻ ՇԵՆՔԵՐ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿՓՈԽԱՐԻՆԵԻ ՏՐԱՄՎԱՅՈՎ

Երևանում տրանսպորտը հաճույքով կփոխարինեի տրամվայով, որը քանդեցին: Մի քանի անճոռնի շենքեր կվերացնեի, այս նոր շենքերը, որ շատ տգեղ ու տխուր շենքեր են: Հյուսիսային պողոտան, որ ակտիվ տեղ է դարձել, ևʹ խանութներ, ևʹ սրճարաններ, ևʹ ակումբներ կան, ինձ համար շատ տգեղ է: Կուզեի` քաղաքի հնությունը մնար, հին շենքերն առանձնահատուկ շունչ ունեն: Ես չեմ սիրում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կարծես վերանորոգված տուն լինի, ոչ թե եկեղեցի: Եկեղեցու շունչ չկա մեջը: Մեր քաղաքում այսօր կան անդուր շենքեր, որոնք քաղաքի մթնոլորտի հետ չեն բռնում: Լավ կլիներ, որ մեքենաները քիչ լինեին, որովհետև ես էլ ամեն օր վազքի մեջ եմ, և խցանումները սպանում են, այս քաղաքը նախատեսված չէ այսքան մեքենաների համար: Դրսում հեծանիվ են օգտագործում, այստեղ էլ կարծես սկսում է զարգանալ:

Մարդիկ մի քիչ բարի լինեին, ավելի լավ կլիներ: Մենք առանց այն էլ ամեն ինչ բարդացնող ազգ ենք, բայց մարդկանց չեմ կարող մեղադրել, լարված ու նյարդային կյանքով են ապրում, ես էլ նրանց հետ: Բարի լինելու ժամանակ չկա:

ԵԹԵ ՊՈՂՈՍԻՆ ԿՊՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՍ ԲԵՄԻՑ ՀՈՒՄՈՐ ԱՆՈՒՄ, ԴԱ ԷԺԱՆԱԳԻՆ ԲԱՆ Է, ՊԵՏՔ Է ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆԱՍ

Ըստ իս` լինես երիտասարդ ստեղծագործող, հաշվապահ թե բժիշկ, ունենալու ես խնդիրներ: Կյանքն է այդպես, պետք է հաղթահարենք, ուզենք, թե չուզենք: Ազատ ստեղծագործելու որոշումը մարդուց է գալիս. դու կարող ես Պողոսի կամ Պետրոսի մասին հումոր անել, բայց բաներ կան, որ բեմից պետք չի, որ հնչեն: Եթե միայն Պողոսին կպնելու համար ես անում, դա էժանագին բան է: Դրա տակ պետք է լուրջ ասելիք լինի: Քո անհատական ընտրության ու համարձակության հարցն է, եթե իսկապես կարևոր բան ես ասելու, ոչ ոք չի խանգարի, քանի որ հիմա Ստալինի ժամանակները չեն:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ ԼԻՆԵԼՈՒ Է, ԲԱՅՑ ՈՉ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ԵՍ ԿՊՆԵՄ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ ԻԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ...

Նոր ծրագեր ունեմ, 2 նոր ներկայացում կա, որոնց վրա աշխատում եմ: Առաջինը` 21-րդ դարի ամենահայտնի պիեսներից մեկն է, Իոնեսկոյի` «Ռնգեղջյուրը»: Պիեսը փորձում եմ ադապտացիա անել ու մեր իրականությանը հարմարացնել: Ամբողջ պատմությունը սա է. մարդիկ մի քաղաքում ապրում են, որտեղ գալիս են ռնգեղջյուրներ, և կամաց-կամաց մարդիկ դառնում են ռնգեղջյուր: Այստեղ ռնգեղջյուրը որպես սիմվոլ է հանդիսանում, դա կարող է լինել Հանրապետական, հաստավիզ «ախրանիկ», կամ ուղղակի այլ չար երևույթ: Ներկայացման հերոսը հայտնվում է մի իրավիճակում, որ իր սիրած աղջիկը, ով մաքրության խորհրդանիշն էր, ևս դառնում է ռնգեղջյուր: Ներկայացման ավարտին վարագույրն այնպես է փակվում, որ հերոսը մինչև վերջ չի հանձնվում, պայքարում է: Այստեղ չհանձնվելու գաղափարն է շատ կարևոր, անկախ նրանից իշխանության դեմ է դա, թե այլ խնդրի: Կյանքում միշտ պայքարելու բան կա, որը պիեսում լավ արտահայտված է:

Մեկ այլ ներկայացում էլ պատրաստում եմ, որի վերնագիրը` «Բարևն Աստծունն է, Արցախը` մերը»: Այստեղ պատմական-քաղաքական հարցեր են շոշափվում: Ներկայացումը հումորային է լինելու, բայց իր մեջ ունենալու է պատմության դասընթացի գիծ: Մենք շատ քիչ բան գիտենք Արցախի պատմության մասին, ինձ էլ թվում էր գիտեմ, բայց, երբ սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ շատ բաներ չգիտեմ` չնայած մասնագիտությամբ քաղաքագետ եմ: Ներկայացման մեջ երեք նախագահներին էլ անդրադարձ կա: Այստեղ հարցը ոչ թե անձերն են, այլ պատմական վերլուծություններ եմ անում, որտեղ նրանք առանցքային կերպարներ են: Քաղաքական հումոր լինելու է, բայց ոչ թե նրա համար, որ ես կպնեմ մեծ ախորժակով իշխանավորներին, իմաստը` հանդիսատեսին մտածելու առիթ տալն է:

ՈՐՈՇԵԼ ԷԻ ԴԱՌՆԱԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՈՒ ՓՈԽԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՅՑ ՀՐԱԺԱՐՎԵՑԻ, ԵՐԲ ՏԵՍԱ` ԻՆՉ ԱՆՃՈՌՆԻ ԱՇԽԱՐՀ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...

Ես ընտրեցի Միջազգային հարաբերություններ բաժինը, քանի որ պատմություն շատ եմ սիրում, և երբ 17 տարեկան էի, որոշել էի, որ պիտի դառնամ երկրի նախագահ ու փոխեմ ամեն ինչ: Հետո, երբ տեսա, թե քաղաքականությունն ինչ անճոռնի աշխարհ է, հրաժարվեցի այդ մտքից: Աշխարհը կարելի է այլ կերպ փոխել` առանց նախագահ լինելու, և հենց նախագահներն ամենաքիչն են փոխում աշխարհը: Մի տատիկի, եթե օգնենք փողոցն անցնի, դա ավելի մեծ օգնություն է ամբողջ աշխարհին, քանի մի նախագահ, որ մաքսիմում պիտի տնտեսական բարեփոխում անի: Դրանից ավելի ոչինչ չեն կարողանում:

Այն, որ մեր երկրում մարդիկ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ, դա երկրի տխուր վիճակից է գալիս: Հայտնի նախադասություն կա. «Ախպեր, ես հո միշտ տաքսի չե՞մ քշել», կատակում ենք, բայց դա շատ ցավալի բան է:

ԾԱՆՐ ՕՐԵՐ ԷԻՆ, ԵʹՎ ՈՒԺԵՂ ԷԻ, ԵʹՎ ԿՈՏՐՎԱԾ, ԲԱՅՑ ՀՈՐՍ ԿՈՂՔԻՆ ԷԻ...

Վարդան Պետրոսյանի որդին լինելն ինձ չի խանգարել, հակառակը` օգնել է, բայց կա պատասխանատվության զգացում: Ամեն դեպքում հորդ պատիվը պարտավոր ես բարձր պահել, անկախ նրանից` Վարդան Պետրոյանի որդին ես, թե հասարակ կոշկակարի: Հայաստանում նորմալ է, որ բամբասեն, ասեն, որ հոր միջոցով է հասել ինչ-որ բաների, իմ պարագայում դա եղավ «Սուպերսթար» նախագծի ժամանակ, երբ հայրս ժյուրիի անդամ էր: Ասում էին` «դե, պապան ժյուրիում է, արդեն պարզ է, և այլն...», բայց հայրս դուրս եկավ ժյուրիի կազմից, իսկ ես մնացի, և երբ Էլվիս Փրեսլի երգեցի, ամեն ինչ փոխվեց միանգամից: Դա իմ առաջին, լուրջ հաջողությունն էր:

Ես ու հայրս շատ մոտ ենք, մենք ընկերներ ենք, միշտ կիսվում ենք, նա շատ խորհուրդներ է տալիս, և բոլոր հարցերում ես նրա խորհուրդներն ընդունում եմ` թեʹ բեմի, թեʹ կյանքի հետ կապված: Հայրս բացառիկ իմաստուն մարդ է, շատ լավ զգում է աշխարհը, չկա մի կարևոր հարց, որ նրա հետ չքննարկեմ: Ամենածանր օրերին ևʹ ուժեղ էի, ևʹ կոտրված: Իսկապես ծանր օրեր էին, բայց այդ ժամանակ թույլ չի կարելի լինել, ուղղակի դու կարող ես կոտրվել, որն անգործության կբերի, մեր պարագայում այդ պահին ոչ ոքս իրավունք չուներ անգործ լինել, բոլորս նրա կողքին էինք:

3016 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am