Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչ քայլեր կձեռնարկի Մշակույթի նախարարությունը` Երվանդ Մանարյանի թատրոնի դռները կրկին բացելու համար

16:20, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչ քայլեր կձեռնարկի Մշակույթի նախարարությունը` Երվանդ Մանարյանի թատրոնի դռները կրկին բացելու համար

Օրերս MAMUL.am-ի թղթակիցը զրուցել էր ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանի հետ, ով նշել էր, որ իր հիմնած «Ագուլիս» տիկնիկային թատրոնի դռներն ամիսներ շարունակ փակ են: «Միշտ բոլոր չկայացող հարցերի գլխավոր պատճառը ֆինանսն է: Գումար լինի, ամեն ինչ կլինի»,- ընդգծել էր ռեժիսորը: Երվանդ Մանարյանի որդին` երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանն, ով այժմ ստանձնել է «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, երկար ժամանակ լռելուց և համբերատար սպասելուց հետո որոշեց բարձրաձայնել. «Արդեն մեկ տարուց ավելի թատրոնի դռները փակ են, որովհետև էլեմենտար կենցաղային պայմանները թույլ չեն տալիս, որ տասնամյակներ գործող այս փոքրիկ թատրոնը շարունակի ընդունել հանդիսատես՝ անհրաժեշտ է համալիր վերանորոգում, որովհետև վիճակն այնտեղ գրեթե աղետալի է: Մշակույթի նախարարությունն անցյալ տարի խոստացավ վերանորոգել այս փոքր, նկուղային տարածքը, բայց հետո պարզվեց, որ ինչպես միշտ՝ դրամ չունի դրա համար, թեև Դեմիրճյանի հուշատունը հիմա վերանորոգվում է: Առանց վերանորոգման թատրոնն այլևս դռները բացել չի կարող: Կարծում եմ՝ պատկերացնում եք Երվանդ Մանարյանի և թատրոնի կոլեկտիվի հիասթափությունն ու վրդովմունքը, մենք շարունակում ենք ստանալ հեռախոսազանգեր, փողոցներում ծնողները մոտենում ու հարցնում են՝ ե՞րբ եք վերաբացվելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Քրիստ Մանարյանը:
     Այս հարցով MAMUL.am-ի թղթակիցը դիմեց Մշակույթի նախարարություն` պարզելու, թե խնդրի լուծման համար ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել նախարարությունը: «Սիրված դերասան Երվանդ Մանարյանի հիմնած «Ագուլիս» ոչ պետական թատրոնը 1998-99 թվականներից գործում է «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ներքնահարկում (հասցե՝ Երևան, Աբովյան 29): Հաշվի առնելով Վարպետի վաստակը, թանգարանի տարածքը «Ագուլիսին» մշտապես տրամադրվել է անհատույց օգտագործման հիմունքներով: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ֆոնդերը պարբերաբար համալրվում են թանգարանային առարկաներով ու ցուցանմուշներով, և ներկայիս տարածքն արդեն իսկ չի բավարարում ֆոնդերի պահպանության և լիարժեք ցուցադրության համար: Չնայած այս հանգամանքին, հաշվի առնելով Երվանդ Մանարյանի անուրանալի ներդրումը մեր մշակույթի, արվեստի ոլորտում, թանգարանի տնօրինությունն առաջարկել է թատրոնի ղեկավարությանը, նույն՝ անհատույց հիմունքներով շարունակել օգտագործել վերոնշյալ տարածքը»,- այսպես արձագանքեց մեր հարցմանը ՀՀ մշակույթի նախարարությունը` խոստանալով խնդիրն այսուհետ պահել ուշադրության կենտրոնում:

Խնդրի շուրջ զրուցեցինք նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ, ով նշեց, որ շենքի նկուղի վիճակն իսկապես անմխիթար էր, ներկայիս վիճակի համար էլ երախտապարտ են Երվանդ Մանարյանին: «Դերենիկ Դեմիրճյանի անվան տուն-թանգարանն իր հիմնադրման օրից չէր հիմնանորոգվել, խիստ անմխիթար վիճակում էր, այս տարի վերջապես ծրագիրը հաստատվեց, արդեն 2-րդ ամիսն է աշխատանքներն ընթանում են, բայց բյուջեն այնքան սուղ է, որ հազիվհազ բավարարի նորոգման ծախսերին: Հիմնանորոգման մասին խոսք լինել չի կարող: Խոսքը 6 միլիոն դրամի մասին է, որտեղ տնտեսման մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա անհիմն է համարում այն, որ Քրիստ Մանարյանը խնդրի լուծումը տեսնում է սեփականաշնորհելու և դրանից հետո ներդրողներ գտնելու մեջ: «Ներդրող գտնելու համար պարտադիր չէ սեփականաշնորհել թանգարանի այդ տարածքը: Ոչ մենք, ոչ էլ մշակույթի նախարարությունը դեմ չենք, որ այդ տարածքը շարունակի գործել որպես «Ագուլիս» տիկնիկային թատրոնի տարածք»:

Այն հարցին, թե Մշակույթի նախարարությունն արդյոք գումար չունի «Ագուլիս» տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման համար, նա արձագանքեց.

«Մշակույթի նախարարությունը վերանորոգմամբ զբաղվող գերատեսչություն չէ, Մշակույթի նախարարությունը միայն կարող է դիմել Քաղաքաշինության նախարարություն, դա նրանց գործառույթն է»,- եզրափակեց Կարո Վարդանյանը:

2491 | 0
Facebook