Փրկեք մեզ ԴԱՀԿ-ից. բաց նամակ` Կարեն Կարապետյանին
Պարոն վարչապետ, ճիշտն ասած չեմ իմանում Դուք կյանքում այս գրառումս կկարդաք, թե ոչ, բայց համոզված եմ, որ Ձեզ մոտ կանգնած մարդկանցից գոնե մեկ կամ երկու հոգի կկարդա ու մի օր, մի առիթի կփոխանցի խոսքերս Ձեզ: Դուք և Ձեր համակիրները մարդկանց վստահեցնում եք, որ եկել եք Հայաստանը բարեփոխելու, այդ պատճառով երևի արդեն ժամանակն է, որ պաշտոնյաներ նշանակելուց հետո լուրջ առաջադրանքներ տաք նրանց ու հետևեք դրանց կատարմանը: Ներկայումս Հայաստանի համար մեկ խնդիրը դա ԴԱՀԿ կոչվող ծառայությունն է, այս մարմինն օրեկան մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն, դրամներ է սառեցնում Հայաստանում ապրող, եթե ոչ գոյատևող, մարդկանց հաշիվներից: ԴԱՀԿ-ն գումար է բռնագանձում ամեն ինչի համար՝ չծանուցված ակտերից մինչև արդեն վճարված ակտերը: Տվյալ համակարգը հենց հիմքից սխալ է աշխատում, ցանկացած հարցով, եթե դիմում ես նրանց, պատասխանը լինում է հետևյալը՝ դիմեք ՃՈ, դիմեք քաղաքապետարան, դիմեք փոստ և այլն, այսինքն նրանց աշխատանքը միայն գումար պահելն է՝ առանց զգուշացման, ցանկացած պահի, ցանկացած օր կարող են գումարներդ հաշվիցդ թռցնեն, առանց մտածելու, որ դա կարող է շատ պետքական, անգամ կյանքի ու մահու համար անհրաժեշտ գումար է: |