Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ-ի համար կարտոֆիլ մթերողների պատճառով մշակողները սնանկացման եզրին են

17:04, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
ՊՆ-ի համար կարտոֆիլ մթերողների պատճառով մշակողները սնանկացման եզրին են

Նախորդ շաբաթ վարդենիսցիները փակել էին ճանապարհը` բողոքելով կարտոֆիլի մթերման գներից: Պարզվում է` ամեն տարի, Պաշտպանության նախարարության մատակարարներն, ովքեր կարտոֆիլն իրենցից գնում են շատ էժան գներով` կիլոգրամը` 45-50 դրամով, այս տարի աննախադեպ գին են առաջարկել` 35-45: Գյուղացիների պնդմամբ` կարտոֆիլի գինը սովորաբար ձևավորվում է Պաշտպանության նախարարության կողմից արվող գնումների գնի տիրույթում` ընդունվելով բազային գին:

Նույն օրը Վարդենսիում է եղել նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել` ներկայացնելով վերջինների բողոքը:

Երեկ, ԱԺ արտահերթ նիստում, պատգամավորը դարձյալ անդրադարձավ վերոնշյալ խնդրին` ասելով. «Վարդենիսցիները պնդում էին, որ ՊՆ մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ կարտոֆիլն իրենցից գնում են 40-45 դրամով: Այսօր ճշտել եմ, իրոք, կարտոֆիլն այդքանով են գնում, իսկ ՊՆ-ին հանձնում են 80-104 դրամով: Կարծում եմ` այստեղ լուրջ խնդիր կա: Պետք է պատգամավորները ՊՆ-ի հետ խորհրդակցության շարք սկսեն, քանի որ գյուղացիները կանգնած են սնանկացման եզրին»:

MAMUL.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե արդյոք ո՞ր կազմակերպություններն են գնում վարդենիսցիների բերքը և նման բարձր գներով հանձնում ՊՆ-ին:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս պահին չի կարող հիշել` որո՞նք են նախարարությանը մատակարարող կազմակերպությունները. «10-ից ավելի կազմակերպություն կա, ինչպե՞ս այս պահին հիշեմ»,- ասաց` չպատասխանելով նաև այն հարցին, թե ՊՆ-ն տեղյակ եղե՞լ է, որ այդ կազմակերպությունները բավականին թանկ գնով են կարտոֆիլը հանձնել իրենց` գյուղացուց այն գնելով կոպեկներով և արդյունքում գերշահույթ ստացել:

Մեր թղթակիցը փորձեց Վարդենիսի տարածաշրջանի որևէ գյուղից ճշտել, թե որոնք են մթերող կազմակերպությունները:

Նորակերտ գյուղի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մթերող կազմակերպություն գյուղը չունի. «Մթերող կազմակերպություն կոնկրետ չկա, որ գա, գյուղապետարանին տեղյակ պահի` գյուղապետարանն էլ` ազգաբնակչությանն իրազեկի, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրած արտադրանքը վաճառել: Մասնավորներ են գալիս` ինչ գին ուզում` կրակում են, ժողովուրդն էլ, քանի որ առջևը ձմեռ է, ստիպված տալիս է: Մի ժամանակ կար նման կազմակերպություն` «Սպայկան», գալիս, մթերում էր, նաև զինված ուժերի համար էին գալիս, տանում…»,- ներկայացրեց գյուղապետը:

Ի դեպ, վարդենիսցիները Նիկոլ Փաշինյանին փոխանցել էին, որ ՊՆ-ի կողմից իրականացվող աննախադեպ ցածր գնով գնումների արդյունքում կարտոֆիլի շուկայում գների անկում է տեղի ունեցել, և որպեսզի շուկան կարգավորվի և իրենք գոնե նվազագույն շահույթ ունենան, ՊՆ-ն, նվազագույնը, պետք է սահմանի գոնե 55-60 դրամ կարտոֆիլի գնման գին:

Հավելենք, որ գյուղնախարարը խոստացել է այս շաբաթ այցելել Գեղարքունիքի մարզ` գյուղացիների հետ քննարկելու խնդիրը:

4879 | 1
Facebook