Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջարդարար ոստիկանները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել

16:40, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Ջարդարար ոստիկանները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել

Հուլիսի 29-ի գիշերը` Սարի թաղում խաղաղ ցուցարարների վրա հարձակումներից ամիսներ անց, քաղաքացիական հագուստով ոստիկան-ջարդարարներից որևէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը: «Որևէ բան չի բացահայտվել և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, միայն մի քանի հոգու են աշխատանքից ազատել»,- ընդգծեց նա: Ակտիվիստը հիշեցրեց, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի լիրազորությունները կասեցվեցին: Ինչ վերաբերում է ջարդ իրականացրած քաղաքացիական հագուստով անձանց, որոնց անունը կապվում էր Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և Երևանի քաղաքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցների հետ, բացահայտումներ տեղի չունեցան: Ակտիվիստը ֆեյսբուքյան իր էջում բացել է «Փնտրվում են հանցագործ ոստիկաններ» խորագրով նկարների ալբոմ, որտեղ շարունակում է հավաքագրել այն մարդկանց լուսանկարները, ովքեր բռնի ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ:
     Նշենք, որ վերջերս էլ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էր հարց հնչեցրել խորհրդարանում` դիմելով նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Քանի անգամ խոսվեց Սարի թաղում խաղաղ ցուցարարների վրա կազմակերպված ջարդի ու բանդաների մասին, որոնցից մի քանիսը բերվել էին Մասիսից: Բանդայի անդամների դեմքերը հրապարակվեցին մամուլում, և ի՞նչ արվեց, ոչ մի բան... Դուք պատրա՞ստ եք մինչև վերջ պարզելու՝ դրանք ինչ խմբավորումներ են»,- հարցրել էր Զոհրաբյանը: Դավթյանն ասել էր, թե դատախազությունն ամեն ինչ կանի՝ ապահովելով քր. գործի բազմակողմանի քննությունը:
     Այսօր էլ` Սարի թաղի դեպքերից տուժած քաղաքացիները հիշում են` ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ և ոստիկանները բռնի ուժ կիրառել իրենց նկատմամբ: Տուժած Կարեն Նահապետյանն, օրինակ, դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն, ներկայացրել է ապացույցներ, բայց տեղաշարժ չկա. «Միայն ասում են, որ նախաքննություն է տեղի ունենում, դեպքի մանրամասները պարզվում են, ուրիշ ոչինչ»,- ասաց Կարենը:

3727 | 1
Facebook