Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հարցազրույցներ

«Երգիչնեʹր, տեսե՞լ եք ձեր համերգներին ես գամ, երգեմ. դուք ինչի՞ եք գալիս մեր հետ խաղում». հանդիպում` Տիգրան Ներսիսյանի հետ

20:15, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Երգիչնեʹր, տեսե՞լ եք ձեր համերգներին ես գամ, երգեմ. դուք ինչի՞ եք գալիս մեր հետ խաղում». հանդիպում` Տիգրան Ներսիսյանի հետ

MAMUL.am-ի զրուցակիցն այս անգամ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է, ում հետ հանդիպեցինք իր գրիմանոցում: «Համարեք, որ ձեզ հրավիրել եմ իմ տուն, սա իմ տան մի անկյունն է, ես իմ կյանքի 30 տարիներին այստեղ ավելի շատ եմ եղել, քան իմ բնակարանի հյուրասենյակում: Սա եղել է իմ հոր` Բաբկեն Ներսիսյանի գրիմանոցը, իրենից հետո մեծագույն պատիվը շնորհվել է ինձ: Այստեղ նկարներ կան, որտեղ ես 9 տարեկան եմ և հենց այս գրիմանոցում: Այստեղ ամեն բան պատմություն ունի, ոչինչ հենց այնպես դրված չի: Այստեղ ես ավելի շատ եմ տառապել, ավելի շատ եմ ուրախացել ու երջանիկ եղել: Սա իմ կյանքի մի մասն է»,- այսպես մեկնաբանեց դերասանը:

ԱՄԵՆ ԻՆՉ ՄԱՇՎԱԾ ԷՐ, ԲԵՄԸ ՇԱՏ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԷՐ...

Արդեն մեկ տարի է, թատրոնը վերանորոգման աշխատանքների մեջ է, կարելի է ասել աշխատանքներն ավարտված են, մնացել են փոքրիկ շտկումներ: Թատրոնում ամբողջովին վերազինում է տեղի ունեցել, ներկայացումներն ադապտացնելու ժամանակ է պետք, որից հետո թատրոնը պաշտոնապես կբացվի: Հիանալի աշխատանք է արված, թատրոնում ամբողջովին վերազինում է կատարվել, և այսօր այն համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին: Նախկինում ամեն ինչ շատ հին ու մաշված էր, բեմը շատ վատ վիճակում էր: Այսօր արդեն ունենք հրաշալի բեմահարթակ, հսկայական աշխատանք է արվել, ամեն ինչ նոր է` լուսերը, ձայնը, դահլիճը, հատակն ու աթոռները:

ԵՍ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼ ՄԵՆԱԿ

Այն քաղաքական ու սոցիալական հարցերը, որոնք այսօր ծառացած են մեր ու մեր երկրի առաջ, ինձ միայն ստեղծագործելու առումով չեն խանգարում, դրանք ինձ խանգարում են ապրելու համար, որովհետև ես չեմ պատրաստվում իմ հայրենիքում ապրել մենակ: Պատկերացնու՞մ եք մարդուն վերցնեք, տանեք մի տեղ, որտեղ մարդ չկա, անիմաստ է դառնում ևʹ նրա արած կտավը, ևʹ երաժշտությունը: Սա միայն իմ խնդիրը չի, սա իմ երեխաների, հարազատների ու բոլորի ապագան է: Ես միայն արտիստ չեմ, ես նաև քաղաքացի եմ: Իսկ այսօր ո՞վ չի տեսնում դատարկվող Հայաստանը: Գուցե արտագաղթ միշտ եղել է, բայց չափի հարց կա, չափի զգացողությունն է կորել:

Սա հուզում է ինձ, և ես չեմ սիրում լռել: Իմ արտիստ լինելը չի ավարտվում թատրոնում դերը պատրաստելով. գալ, խաղալ, վարագույրը փակվեց, ավարտվեց, ես գնացի տուն:

Մեր իշխանությունների ամենաանհանդուրժելի քայլն ինձ համար` իր հայրենակցի, իր քաղաքացու նկատմամբ բռնությունն է: Ո՞նց կարող է հայ մարդուն հայը սպանի: Այսօր մենք ումի՞ց ենք արդարություն պահանջում, աշխարհի ամեն անկյունում այսօր հայ է մահանում, իսկ ու՞ր է մեր արժանապատվությունն ու հարգանքը մեր հայրենակցի նկատմամբ, երբ մենք ինքներս ենք բռնություն կիրառում նրա նկատմամբ:

ԿՈՒԶԵԻ ԻՄ ՔԱՂԱՔՆ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԳՏՆԵՐ, ԿՈՐՍՎԱԾ ՇԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՆ

Շատ բան կփոխեի Երևանում, որպեսզի այն ավելի բովանդակալից, ավելի պաշտպանված լիներ, որպեսզի մարդիկ հասկանային, որ ամեն մի քարը կենսագրություն ունի: Եվ քաղաքը, որտեղ դու ծնվել ու ապրում ես, ամեն բան պատմություն ունի: Մենք ի՞նչ ենք թողնում մեր երեխայի համար, խոսքը նյութականի մասին չի: Թեպետ դա ևս կարևոր է: Եթե ես այսօր ունեմ բնակարան, դա իմ հորից ավանդած բնակարանն է, և եթե ես այսօր չունենայի, շատ հարցական է` իմ գլխի վերևում կունենայի՞ տանիք, այս պետությունը հարմար կգտնե՞ր իր արվեստագետին տանիք տալու, թե կտար այն մարդկանց, որոնց ավելի նպատակահարմար է գտնում, չնայած, որ նրանք ունեն մի քանի բնակարան: Այսօր արվեստագետին գնահատական են տալիս, փոխարենն ակնկալում այլ բան:

Կուզեի, որ իմ քաղաքն իր նախկին բովանդակությունը, գեղեցկությունն ու էությունը վերականգներ, որովհետև կորսված շատ բաներ ունենք:

ԴՈՒʹՔ, ԵՐԳԻՉՆԵʹՐ, ՏԵՍԵ՞Լ ԵՔ ՁԵՐ ՀԱՄԵՐԳՆԵՐԻՆ ԵՍ ԳԱՄ, ԵՐԳԵՄ

Այսօր շատ աշխատանք կա անելու հեռուստասերիալների ինդուստիրայում, պետք է մեծ ուշադրություն դարձնել ևʹ սցենարային առումով, ևʹ ռեժիսորական, ևʹ դերասանական: Սերիալների թեման դարձել է շլագերի նման մի բան, մի ընթացքում լոտոների թեման էր քննարկվում, հիմա սերիալներն են: Իսկ եթե 10 տարի հետ գնանք, երբ սերիալները չկային, ամեն ինչ լա՞վ էր: Բոլոր սերիալները չեն կարող լավը լինել, ինչ է բոլոր ֆիլմերը լա՞վն են: Բայց պետք է մի չափանիշ լինի, որից պետք չի իջնել ներքև: Բայց պետք չի ասել, որ մեզ սերիալներ պետք չեն: Այլ հարց է, որ վարորդը կամ վարսահարդարը էկրանին դերասանություն են անում: Բոլորին թվում է, թե դերասանությունն ամենահեշտ մասնագիտությունն է: Պատկերացնո՞ւմ եք բժիշկների վիրավորվածությունը, եթե մտնեն վիրաբուժարան, ուր պառկած է հիվանդը, և ես լանցետը ձեռքիս կանգնած լինեմ: Իսկ ինչո՞ւ է բոլորին թվում, որ մենք չենք վիրավորվում, երբ անկապ մարդիկ զբաղվում են մեր մասնագիտությամբ: Կամ դուʹք, երգիչներ, տեսե՞լ եք ձեր համերգներին ես գամ, երգեմ: Տեսե՞լ եք երբևէ ես գնամ, Հայկոյի հետ երգեմ` Երևանի գիշերներում... դուք ինչի՞ եք գալիս մեր հետ խաղում: Անունն էլ դնում են «ռասկրուտկա» ենք անում: Այստեղ ոչ մի արդարացում չկա, դրա համար այլ ձևեր կան: Ամեն մարդ պետք է զբաղվի իր անելիքով: Շատ կարևոր հարցեր թողած, լուրջ դեմքով նստում, քննարկում են` սերիալ պե՞տք է, թե՞ պետք չէ: Աշխարհում փակվել է այդ թեման:
     Եվրոպական շատ երկրներ կան, որ կենդանաբանական այգի չունեն, որովհետև դա հարուստ երկրի համար է, և բոլոր երկրները չեն, որ իրենց թույլ են տալիս նման շքեղություն: Իսկ մենք պիտի կենդանաբանական այգի էլ ունենանք, ոչինչ, որ սպիտակ արջը դարձել է սև գույն, վագրի վրայի գծերը հալվել, թափվել են, կենդանիներն էլ սոված, ծարավ են:

15841 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ԱՐՄԱՆ
ԱՐՄԱՆ 09:51, 18.10.2016
Ցավ,ցավ,ցավ:Քանդված,աղավաղված է մեր հոգեկան աշխարհը:Բոլորի հոգին վերքերով է պատված:Անարդարություն,վայրենություն,քծմտանք,ստորաքարշություն և այս բոլորի հետ անելանելիություն...,որի հետևանքը-արտագաղթ:Բայց մինչև ե՞րբ: