Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԵԽԽՎ նախագահը պատասխան է տալու իր բառերի համար». Նաիրա Զոհրաբյան

15:05, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«ԵԽԽՎ նախագահը պատասխան է տալու իր բառերի համար». Նաիրա Զոհրաբյան

«Համապատասխան ընթացակարգերով մենք հետամուտ ենք լինելու, որ Ագրամունտը պատժվի: Մենք բարձրացրինք իր համար ցավոտ մի թեմա՝ Եվրոպայի խորհրդում կոռուպցիայի թեման, իսկ Ագրամունտը հայտնի կոռուպցիոներ է, դրա համար էլ ընկավ հիստերիայի մեջ, դրսևորեց անհավասարակշիռ պահվածք՝ ոչ հարիր ԵԽԽՎ նախագահին: Պատասխան է տալու իր բոլոր բառերի համար»,- այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպմանն, ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` նշելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Պեդրո Ագրամունտի հետ ունեցած իր բանավեճը:

«Եթե ադրբեջանցի պատվիրակը ԵԽԽՎ-ում անհեթեթ հայտարարություն է անում, թե Հայաստանում անկախ լրագրողներին սպանում են, դա կարծում եմ՝ Հայաստանին վերաբերող հարց է: Մենք ուղղակի պարտավոր ենք անդրադառնալ Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրներին, քանի որ ԵԽԽՎ-ն վերածվում է մի կառույցի, որտեղ պաշտպանում են սուլթանատի շահերը»,- ասել է նա:

Ն. Զոհրաբյանի խոսքով, տեղի ունեցած միջադեպն աննախադեպ էր ԵԽԽՎ պատմության մեջ: «Ես զրուցել եմ ԵԽԽՎ հնաբնակների հետ, ծանոթացել եմ Վեհաժողովի կանոնակարգին ու կարող եմ ասել, որ Ագրամունտը կոպտագույն խախտում թույլ տվեց՝ անջատելով խոսափողը, թույլ չտալով իմ ելույթն ավարտել»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ Պեդրո Ագրամունտը միջադեպից հետո հանդիպել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ու նրա հետ զրույցում չի էլ պնդել, որ չի խախտել Վեհաժողովի կանոնակարգը:

4791 | 0
Facebook