Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչ բողոք է ներկայացրել «Երկրաշարժ» ֆիլմի վերաբերյալ ամերիկյան կինոակադեմիան

12:15, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչ բողոք է ներկայացրել «Երկրաշարժ» ֆիլմի վերաբերյալ ամերիկյան կինոակադեմիան

Ամերիկյան կինոակադեմիան բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային կինոակադեմիա` Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի` «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրման կապակցությամբ:

Բողոքը հիմնավորվում է այն փաստով, որ ֆիլմի ստեղծագործական կազմում ներառված են առավել մեծ թվով ռուսներ, քան հայեր, ինչը բավարար չէ «Օսկար» մրցանակի առաջադրման համար:

Ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, դերակատարներ Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոակադեմիան և ՀՀ մշակույթի նախարարությունը համաձայն չեն նշված բողոքի հետ: Մրցույթի հայտը կինոակադեմիա է ներկայացվել վերջիններիս աջակցությամբ՝ բոլոր կից փաստաթղթերով, որոնք հաստատում են, որ ֆիլմը նկարահանվել է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերով (ռուսական կինոֆոնդի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ), ընդ որում կինոարտադրության ընթացքում պահպանվել է ստեղծագործական վերահսկողության հավասարակշռությունը:

«Ներկա պահին Ակադեմիան հաստատում է հայկական կողմից փաստաթղթերի ստացումը, և մենք թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հույս ունենք », - ասել է Ռուբեն Դիշդիշյանը: «Մեզ համար ցանկալի չի լինի կարծել, թե Ակադեմիայի այս որոշումը կարող է քաղաքական հիմքեր ունենալ: Բավական է միայն տեսնել ֆիլմի վերջնագրերը՝ համոզվելու, որ ֆիլմի ստեղծագործական թիմի 90 տոկոսը հայեր են՝ Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից»:

105 րոպե տևողությամբ «Երկրաշարժ» ֆիլմը աղետ` դրամա է, որի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, օպերատոր՝ Յուրի Կորոբեյնիկով, գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազարից ավելի մարդու կյանք, ամբողջովին ավերելով մի քանի քաղաքներ:

Բնական աղետի ֆոնին զարգանում են ֆիլմի երկու հերոսների՝ 45-ամյա Կոնստանդին Բերեժնու և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի կյանքի պատմությունները: Տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարը խլել էր Ռոբերտի ծնողների կյանքը: Կոնստանդինը իր կյանքի 8 տարին անց է կացնում բանտում, իսկ նրա որդուն խնամում են բարեկամները: Անսովոր հանգամանքների բերումով Բերեժնին Լենինական է վերադառնում հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, դուստրը, որդին… և Ռոբերտը, ով ցանկանում է վրեժ լուծել ծնողների մահվան համար:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային կինոակադեմիայի ընտրությանն են ներկայացված երեք ֆիլմ` Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը, Սարիկ Անդրեասյանի«Երկրաշարժ»-ը, և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»:

3836 | 1
Facebook