Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Առասպելն ու իրականությունը. արդյոք Խրուշչովը կոշիկով հարվածել է ամբիոնին, թե ոչ

21:10, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Առասպելն ու իրականությունը. արդյոք Խրուշչովը կոշիկով հարվածել է ամբիոնին, թե ոչ

ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի մասին պտտվող բազմաթիվ առասպելներից մեկն էլ այն է, իբրև թե նա ՄԱԿ գագաթնաժողովի ժամանակ հանել է կոշիկն ու դրանով հարվածել ամբիոնին:

Մենք կներկայացնենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1960 թվականին ՄԱԿ 15-րդ վեհաժողովի ժամանակ: Այդ տարի աֆրիկյան 17 պետություն անկախություն էր ստացել իր գաղութարարներից, և գաղութների թեման դարձել էր քննարկումների գլխավոր նյութը: Այս կապակցությամբ Խրուշչովն իրեն բնորոշ զգացմունքային ճառով էր հանդես եկել, որով կշտամբել էր գաղութարարներին ու զբաղեցրել իր տեղը: Նրանից հետո ելույթ էր ունեցել Ֆիլիպինների ներկայացուցիչը և հայտնել, որ պետք է քննարկել ոչ միայն այն երկրների հարցը, որոնք դեռ մնում են արևմտյան գաղութարարների մտրակի տակ, այլև Արևելյան Եվրոպայի այն երկրերի, որոնց «կլանել է Խորհրդային Միությունը»:

Այդ պահին Խրոշչովը «պայթել է»: Նա ձեռք է բարձրացրել` ձայնի իրավունք պահանջելով, սակայն այդ շարժումը կամ չեն նկատել, կամ էլ չնկատելու են տվել: Եվ հենց այդտեղ է տեղի ունեցել կոշիկի հետ կապված միջադեպը: Իր վրա ուշադրություն սևեռելու համար նա նախ բռունցքներով է խփել սեղանին, ապա` իր կոշիկով: Իսկ թե ինչպես է կոշիկը հայտնվել սեղանին, ավելի ուշ պատմել է սրահն սպասարկող կանանցից մեկը. «Երբ Խրուշչովին բառացիորեն մի քայլ էր մնում, որ հասներ իր տեղը, լրագրողներից մեկը պատահաբար կոխեց նրա կրունկը ետևից և կոշիկը դուրս թռավ: Ես արագ բարձրացրի կոշիկը, փաթաթեցի անձեռոցիկի մեջ ու երբ Խրուշչովն արդեն նստել էր իր տեղը, աննկատելիորեն այն նրան փոխանցեցի սեղանի տակով: Սեղանի ու նստարանի միջև տարածությունը շատ փոքր էր, իսկ քանի որ Խրուշչովը գիրուկ էր, փորը խանգարեց, չկարողացավ այնքան կռանալ, որ հագնի կոշիկը: Այդպես էլ նա մնաց նստած` սեղանի տակ ձեռքին պահելով կոշիկը: Իսկ երբ Ֆիլիպինների ներկայացուցչի ճառը զայրացրեց նրան, նա ուղղակի սկսեց սեղանին հարվածել ձեռքն ընկած իրով, տվյալ պարագայում` կոշիկով: Դրա փոխարեն լիներ անձրևանոց կամ մի այլ բան, նա դրանով կխփեր սեղանին»:

Երբ Խրուշչովին վերջապես հնարավորություն են տվել ամբիոնից խոսելու, ոչ մի կոշիկ էլ նրա ձեռքին չի եղել: Նա թափահարել է ձեռքերը, բայց ամբիոնին ոչ մի բանով չի հարվածել: Ավելի ուշ թերթերում հայտնված նկարը, թե ամբիոնի առջև Խրուշչովը կոշիկն է թափահարում, ոչ այլ ինչ է, քան ֆոտոմոնտաժ:

Իսկ ամբիոնից, ի պատասխան ֆիլիպինցու, Խրուշչովն ասել է` «վերցրեք բահը և խորը թաղեք իմպերիալիզմն», ինչը թերթերը տպագրել են այսպես. «Զայրացած Խրուշչովը թափահարում է կոշիկն ու կատաղությամբ ճչում` «մենք ձեզ կթաղենք»»:

Կա միայն մի իրական լուսանկար, որտեղ գլխավոր քարտուղարը նստած է սեղանիկի առջև և նրա դիմաց, իսկապես, պատմական դարձած կոշիկն է:

6372 | 1
Facebook