Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դանակը ոսկորին է հասել». «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի

17:05, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Դանակը ոսկորին է հասել». «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի

Կոտայքի մարզում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց փոստային մասնաճյուղը լուծարման եզրին է: Լուծարվելու դեպքում այն միացվելու է Սևանի մասնաճյուղին, ինչի արդյունքում «Հայփոստի» 14 աշխատակիցներ դառնում են գործազուրկ։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցները ներկայացնելով իրենց բողոքը` մանրամասնեցին, որ 2016-ի փետրվարին ընդհանուր ժողով է գումարվել և իրենց հայտնել են որոշակի կառուցվածքային փոփոխությունների մասին, որի արդյունքում հնարավոր են նաև կրճատումներ տեղի ունենան: Նշեցին, որ այդ մասին որևէ հրաման չի եղել, իսկ աշխատակիցներից ոչ մեկը չի նախազգուշացվել: «Սեպտեմբերի վերջերին, բանավոր կերպով, տեղեկանում ենք, որ պետք է մինչև հոկտեմբերն արագ կերպով ավարտենք մեր աշխատանքները, քանի որ մասնաճյուղի լուծարման պատճառով, այլևս չենք կարող աշխատել: Աշխատակիցներով սեպտեմբերի 26-ին նախազգուշական գործադուլ արեցինք, մեր բողոքը հայտնեցինք թե´ տնօրինությանը, թե´ կառավարությանը. միգուցե հենց դա էր պատճառը, որ հոկտեմբերի 1-ով մեզ չազատեցին: Այս պահին աշխատում ենք, բայց մտավախություն ունենք, որ իրենք իրենց գործն անելու են: Իրենց խոսքին չենք հավատում, տարիներ շարունակ մեզ խաբել են, դժգոհել, թե եկամուտ չենք բերում, որ կառուցվածքային փոփոխություններ են պետք, որի դեպքում նաև աշխատավարձերը կբարձրանան, մինչդեռ, իրականում, ոչինչ չի փոխվել: Մենք նվազագույն աշխատավարձով հիմնարկին ապահովել ենք բարձր եկամուտ, տարբեր ծառայություններ ենք մատուցել` և´ պայմանագրային, և´ ավանդական: Մեր աշխատանքի շնորհիվ հիմնարկի ղեկավարությունը ստացել է անհամեմատ բարձր աշխատավարձեր, իսկ այժմ մեզ կանգնեցրել են փաստի առաջ` կա´մ հեռանալ երկրից, կա´մ հարմարվել ստեղծված վիճակի հետ»:

«Հայփոստ»-ի աշխատակիցները համոզված են` իրենց աշխատանքից ազատելը ոչ թե կառուցվածքային փոփոխություններով և հաստիքների կրճատումով է պայմանավորված, այլև դրա անվան տակ աշխատանքը այլ վայր տեղափոխելով և, առիթը օգտագործելով, որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելով: Պատճառներից մեկն էլ, ըստ նրանց, ընկերությունը արհեստականորեն սնանկացման տանելն է և ինչ-որ անհատների, մինչև նոյեմբերի 1-ը, «կոպեկներով վաճառելը»:

«Դանակը ոսկորին է հասել: Մենք հասկանում ենք, որ ուզում են շատերի պես մեզ էլ հերթով ազատել, դրա համար էլ փորձում ենք կանխել մեր գլխի գալիքը: Իրենք խորամանկորեն են իրենց մտադրությունն իրականացնում. միանգամից չեն անում, այլ հերթով` մեկ ամիս մեկին, երկու ամիս հետո` մյուսին, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա»,- շարունակեցին նրանք` վստահեցնելով, որ այս ծրագրով նպատակ ունեն հայաթափել երկիրը:

«Աշխատանքից զրկվելուց հետո, քանի՞ ընտանիք պետք է Հայաստանը լքի: Մենք համաձայն ենք նույնիսկ նվազագույն աշխատավարձով աշխատել, բայց ոչ թե մեզ պարտադրեն ծայրահեղ քայլերի դիմել…: Եթե մեր մասնաճյուղը պիտի լուծարվեր, ինչո՞ւ երկու տարի առաջ վերանորոգեցին այն` ասելով` ձեզ համար աշխատանքի լավ պայմաններ ենք ստեղծում…: Մենք հասկանում ենք, որ եթե մարզում փակում են մեր հիմնարկությունը, ապա Երևանում կամ ուրիշ տեղ են աշխատակիցներ ընդունելու, որովհետև այնպիսի ռոբոտ իրենք հաստատ չեն կարող ստեղծել, որ բոլոր գործերն անի` նամակ տեսակավորի, տանի, դնի դարակների մեջ և այլն: Իսկ իրենք ասում են, որ դա մեր խնդիրը չէ, այդ բոլոր հարցերը կլուծվեն տեխնիկապես, բայց քանի որ մենք 15 տարվա աշխատողներ ենք, գիտենք, որ դա տեխնիկապես չի կարող լուծվել, նույնիսկ ճապոնացին նման ռոբոտ չի կարող ստեղծել, որը կարողանա մեր ձեռքի աշխատանքին փոխարինել: Իրենց նպատակը մեզ ազատելն է: Մենք վիրավորված ու զայրացած ենք, նաև խաբված ենք մեզ զգում: Եթե այս խնդիրն առաջանար ավելի շուտ, երբ մենք երիտասարդ էինք և կարող էինք երկրից դուրս գալ, որևէ աշխատանք գտնել օտարությունում, գուցե այսքան չհուսահատվեինք ու մտահոգվեինք, բայց հիմա մեզ կանգնեցրել են փաստի առաջ»:

Մեր զրուցակիցների խոսքով, մյուս բաժանմունքների աշխատակիցները, ովքեր նույնպես որոշակի դժգոհություններ ունեն ստեղծված իրավիճակի հետ կապված` հայտնել են իրենց համերաշխությունը վերջինների բողոքին միանալու և գործադուլ անելու առնչությամբ:
     Ըստ «Հայփոստի» աշխատակիցների, շրջանառվող լուրերի համաձայն, իրենց հիմնարկը պայմանագրով հանձնել են ոմն արգենտինահայի և այսօր նա է որոշում իրենց ճակատագիրը: «Դրա համար ուզում ենք Կառավարությանը հարց ուղղել` ինչո՞ւ պայմանագիր կնքելու ժամանակ ինչ-ինչ պայմաններ չի դրել սեփականտիրոջ առաջ»:

Իրենց հուզող խնդրի առնչությամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները 26.09. 2016-ին դիմում են գրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին. նշել են, որ իրենք այդ ընկերությունում աշխատում են անժամկետ աշխատանքային պայմանագրի հիման վրա, կան մարդիկ, ովքեր աշխատում են այդ ընկերության հիմնադրման օրվանից: Մանրամասնել են, որ 2007-ից մասնավորեցվել է տվյալ կառույցը, նվազագույն գներով վաճառվել ներկայիս սեփականտիրոջը: Նրանք հույս ունեն, որ նորանշանակ վարչապետը կհանձնարարի վերանայել այդ խնդիրը: Ինչպես տեղեկացրեցին, նույն հարցով օրեր առաջ դիմել են նաև Կոտայքի մարզպետին և քաղաքապետին, ակնկալելով նրանց աջակցությունը, բայց ապարդյուն: «Հրազդան» ՓԲԸ-ի բաժանմունքների աշխատակիցները հոյտեմբերի 28-ին երկրորդ գործադուլն են անելու: Նրանք նշում են, որ իրենց պահանջները չկատարվելու դեպքում, պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի:

4318 | 1
Facebook