Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Այսքան ժամանակ լռելուց ու համբերատար սպասելուց հետո արդեն պիտի բարձրաձայնեմ». Քրիստ Մանարյան

14:45, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Այսքան ժամանակ լռելուց ու համբերատար սպասելուց հետո արդեն պիտի բարձրաձայնեմ». Քրիստ Մանարյան
     Այսքան ժամանակ լռելուց ու համբերատար սպասելուց հետո արդեն պիտի բարձրաձայնեմ՝ խոսքս վերաբերում է հորս՝ Երվանդ Մանարյանի ստեղծած և շուրջ 30 տարիներ գոյատևած ԱԳՈՒԼԻՍ տիկնիկային թատրոնին, որի գեղարվեստական ղեկավարն եմ հիմա հանդիսանում:
     Աբովյան 29 հասցեում գործող թատրոնը, որը տեղակայված է Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում (որն էլ իր հերթին պատկանում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին)՝ երբևէ որևէ աջակցություն չի ստացել պետական կառույցներից, բայց շարունակել է գործել սեփական ուժերով, տասնյակ հազարավոր մանուկների բերկրանք պատճառելով և զբաղվելով նրանց գեղագիտական դաստիարակության շնորհակալ գործով: ԱԳՈՒԼԻՍՆ առաջիններից է մեկնել Արցախ՝ հյուրախաղերի, ակտիվ մասնակցել է թատերական փառատոնների, իր սուղ պայմաններով հանդերձ միշտ ամենաէժան տոմսերն է առաջարկել մանուկներին, խաղացել է անհամար բարեգործական ներկայացումներ առողջական խնդիրներ ունեցող մանուկների համար և միշտ եղել է մայրաքաղաքի ու մարզերի երեխաների անփոխարինելի ընկերն ու բարեկամը: Ագուլիսն այն թատերական օջախներից է, որը պատերազմի ցուրտ ու մութ տարիներին անխոնջ ու համեստ ծառայել է իր կոչմանը և ոչ մի օր դռները չի փակել:
     Բայց ներկայումս, արդեն մեկ տարուց ավելին թատրոնի դռները փակ են, որովհետև էլեմենտար կենցաղային պայմանները թույլ չեն տալիս, որ տասնամյակներ գործող այս փոքրիկ թատրոնը շարունակի ընդունել հանդիսատես՝ անհրաժեշտ է համալիր վերանորոգում, որովհետև վիճակն այնտեղ գրեթե աղետալի է:
     Մշակույթի նախարարությունն անցյալ տարի խոստացավ վերանորոգել այս փոքր, նկուղային տարածքը, բայց հետո պարզվեց, որ ինչպես միշտ՝ դրամ չունի դրա համար, թեև Դեմիրճյանի հուշատունը հիմա վերանորոգվում է: Առանց վերանորոգման թատրոնն այլևս դռները բացել չի կարող: Կարծում եմ՝ պատկերացնում եք Երվանդ Մանարյանի և թատրոնի կոլեկտիվի հիասթափությունն ու վրդովմունքը, մենք շարունակում ենք ստանալ հեռախոսազանգեր, փողոցներում ծնողները մոտենում ու հարցնում են՝ ե՞րբ եք վերաբացվելու:
     Հայրս, ինչպես նրան մեծարում են ծանոթ ու անծանոթ մարդիկ՝ «մեր Վերջին Մոհիկանը» 92 տարեկան է, տիկնիկային թատրոնների միջազգային միության՝ UNIMA -ի պատվավոր անդամ, միշտ իր ժողովրդի կողքին կանգնած մտավորական ու քաղաքացի, պարզապես մեծահոգի ու բարի հայ մարդ, երեխաներին անսահման սիրող…ինչ երկարեցնեմ՝ բոլորդ գիտեք, թե նա ով է: Ու հիմա չեմ պատկերացնում, թե ինչպես նրան ասեմ, որ իր ստեղծած թատրոնի հանդեպ Մշակույթի նախարարության ու Պետգույքի վերաբեմունքը մեղմ ասած՝ անհասկանալի է…
     Միակ լուծումը՝ տարածքը պետք է սեփականաշնորհել, գտնելու համար անհատների, որոնք էլ կօգնեն, որ թատրոնը սկսի գործել առաջվա պես և հուսանք առաջվանից էլ ինտենսիվ: Ես դիմում գրեցի ներկայիս վարչապետին, խնդրելով, որ նա հորս և ինձ ընդունի այս ամենի հետ կապված: Աշխատակազմից ինձ պատասխանեցին՝ հիմա վարչապետն ընդունել չի կարող, քանի որ քաղաքացիների ընդունելություն չունի, միգուցել հաջորդ ամսվա մեջ: Ուզում եմ հուսալ, որ ընդունելությունը կկայանա:
     Բայց այստեղ մի ուրիշ պահ կա՝ Պետգույքն ու հատկապես Մշակույթի նախարարությունը, որոնք ի պատասխան թատրոնի զբաղեցրած տարածքի սեփականաշնորհման իմ դիմումի տվել են իրենց եզրակացությունները, փաստացի ոչ դրական կարծիքներ են արտահայտել սեփականաշնորհման հետ կապված և ըստ էության «մեծահոգաբար» թույլատրում են, որ ԱԳՈՒԼԻՍԸ առժամանակ մնա Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում… երևի Երվանդ Մանարյանն ու մենք բոլորս՝ ԱԳՈՒԼԻՍԻ կոլեկտիվը, պիտի ուրախ ու երախտապարտ լինենք, որ մեզ թույլատրում են դեռևս շարունակել գործունեությունը այնտեղ, որտեղ գործել ենք երեք տասնամյակ…
     Կարծում եմ, որ նման մոտեցումը պիտի ստիպի ձայն բարձրացնել հօգուտ թատրոնի հետագա գործունեության բոլոր նրանց, ովքեր իրենց երեխաների ձեռքից բռնած հաճախել են ԱԳՈՒԼԻՍ:
8634 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am