Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ-վրացական սահմանին գտնվող անտառի գեղեցկուհին` Խորակերտի վանքը, MAMUL.am-ի ֆոտոշարքում

20:05, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Հայ-վրացական սահմանին գտնվող անտառի գեղեցկուհին` Խորակերտի վանքը, MAMUL.am-ի ֆոտոշարքում
     Լալվար լեռան արևմտյան փեշերին, անմիջապես հայ-վրացական սահմանի հարևանությամբ, Վրաստանի հայկական Չանախչի գյուղից մոտ 3.5կմ հեռավորությամբ է գտնվում անտառի գեղեցկուհին` Խորակերտի վանքը: Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության` վանքը և գավիթը կառուցվել են 1251թ.: Վիմագիր արձանագրության մեջ ասվում է, որ Խորակերտի վանքը կառուցել է վանահայր Սարգիս Հոռամայրեցին: Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին` իր տեսակի մեջ յուրահատուկ գմբեթով, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը։
    

Առանձնահատուկ է եկեղեցու գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ միակ օրինակը), որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2 մ), որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Նրանց խարիսխներն ու խոյակները կիպ են իրար։ Գմբեթը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված կառուցվածքային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով։

Եկեղեցու ճակատները պարզ են, գրեթե զուրկ հարդարանքից։ Ներսում տեղ-տեղ պահպանվել են սվաղի մնացորդներ։ Գավիթը պատկանում է 2 զույգ խաչաձևվող կամարներով ծածկվող տիպին։ Կամարների փոխհատումից առաջացած կենտրոնական քառակուսին ծածկված է եղել ութանիստ բրգաձև ծածկով։ Անցումը քառակուսուց ութանկյունին իրականացված է եռանկյունաձև չորս «կախված» նիստերի միջոցով։ Խաչաձևվող կամարները կազմում են ոչ միայն կառուցվածքային, այլև ողջ ճարտարապետական հորինվածքի հիմքը։
     Ներկայացնում ենք MAMUL.am-ի ֆոտոշարքը` Խորակերտի վանքից:

7370 | 1
Facebook