Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գագիկ Մակարյանը հորդորում է ստուգել ՊԵԿ ղեկավարի կենսագրությունը. «Առավոտ»

09:45, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Գագիկ Մակարյանը հորդորում է ստուգել ՊԵԿ ղեկավարի կենսագրությունը. «Առավոտ»
     «Առավոտ»-ը գրում է. «Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը բավարարված չէ պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահի նշանակումով:
     Հիշեցնենք, որ ՊԵԿ ղեկավար նշանակվեց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Օրեր առաջ Գագիկ Մակարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՊԵԿ ղեկավարին պետք է զգուշությամբ ընտրել. «Շատ կարևոր է, թե ով է լինելու ՊԵԿ ղեկավարը, որովհետև կարող է բոլոր նախարարներն ու վարչապետը լավ աշխատեն, և միայն ՊԵԿ-ն այդ ամենը ջուրը լցնի»: Վարչապետ Կարեն Կարապետյանը Վարդան Հարությունյանին այս պաշտոնում նշանակելու մասին ասել է՝ «Որովհետև վստահում եմ»: Պարոն Մակարյանն անդրադառնալով այս նշանակմանը, մի շարք գործոններ նշեց, որոնցով պետք է առաջնորդվի ՊԵԿ-ի նախագահը: Պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ ՊԵԿ-ն ունի 2 դերակատարություն, մեկը՝ հարկեր հավաքելն է, բայց հարկ հավաքելիս իրենք կարող են իրենց այնպես պահել, կարծես ոչ մի զգայարան չունեն, կողմնակալ չեն, և ըստ հարկային պարտավորությունների են հավաքում հարկերը. «Սա էլի ընդունելի է, որովհետև իրենք ոչ մի զգացմունքներ չպիտի ունենան՝ մեկին հարգեն, մեկին՝ սիրեն, մյուսին՝ խղճան, էն մյուսին՝ արտոնություն տան: Սա մի մոդելն է: Այս մոդելի մեջ կա նաև մյուսը՝ այսօրվա տնտեսական վիճակը թույլ է տալիս, որոշ դեպքերում՝ նաև կառավարությունը, որոշումներին սպասել, լավ իրազեկել հետո նոր հաշիվները պլանավորել: Կամ, եթե տեսնում են, որ կարող են իրենց մոտեցումով ձեռք մեկնել, փորձեն անել դա ու ոտքի հանել գործարարին, որովհետև եթե այդ գործարարը վերացավ, իրենք պետք է ափսոսան, որ մի հարկատու պակասեց: Մանավանդ այսօր սուր է այդ խնդիրը, որովհետև հարկ հավաքելը բարդացել է, քանի որ ձեռնարկությունների մեծ մասն ի վիճակի չէ հարկեր վճարել, հարկերի չափերն են նվազել, որովհետև շրջանառությունն է նվազել»: Ըստ պարոն Մակարյանի, ՊԵԿ-ը պետք է հարթակ լինի տնտեսական իրավիճակին անմիջապես արձագանքելու համար. «Օրինակ՝ երբ տեսնում են, որ Շիրակի Լոռու կամ այլ մարզերում շատ դժվար են հարկեր տալիս, կամ, ասենք՝ տեսնում եմ առևտրի ոլորտում է վատ վիճակը, իրենք պետք է այդ տեղեկությունները հավաքագրեն և փոխանցեն ասենք՝ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններին, զեկուցեն անմիջապես կառավարությանը, ասեն՝ մենք հարկերը հավաքում ենք, բայց մեր հարկահավաքությունից երևում է, որ տնտեսական վիճակն այսպիսին է: Այսինքն՝ կառավարությունը պետք է տեսնի, որ տվյալ ոլորտն առանց այն էլ «սկսում է», ինքը պետք էլի հարկեր հավաքի, բայց այդտեղ պետք է ինչ-որ քաղաքականություն դրսևորի, գուցե՝ ներում կիրառի, հարկային արտոնություն, սուբսիդավորում և այլն: Կարևոր է, որ այս գիտակցությամբ լինի ՊԵԿ ղեկավարը: Հիմա, թե՝ ո՞վ է ընտրվել, անձը կարեւոր չէ, Տիգրան, թե՝ Վարդան Հարությունյան, կամ նախկինում Հովսեփյան: Կարեւորը՝ ՀՀ նախագահն ու վարչապետը, որ նշանակել են, արդյոք իմ ասածները հաշվի՞ են առել»: Պարոն Մակարյանի խոսքերով՝ իր ներկայացրած գործոններին գումարվում է 3-րդը՝ սուբյեկտիվ գործոնը, թե ինչպիսի բարոյական կերպար ունի ՊԵԿ ղեկավարը. «Բիզնես ունի՞, չունի,՞ բնավորության ինչ գծեր ունի, ամբիցիաներ, հավասարակշռվածություն, իր բնավորության մեջ հաշվեհարդար տեսնելու գիծ կա՞, նախկինում իրեն ստուգողների կամ իր համար հաճելի և ոչ հաճելի մարդկանց հատուկ վերաբերմունք ունի՞, որովհետև կարող է սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերի, ակտ գրել տա, ու ոչ ոք չնկատի այդ սուբյեկտիվ մոտեցումը: Այս առումով պետք է ուսումնասիրվի նրա կենսագրությունը՝ հայտնի՞ ճանապարհ է անցել, ունի՞ բիզնեսներ, ինչպե՞ս է ստեղծել, գումարները ո՞նց է հայթայթել: Եթե բիզնես ունի, ապա անկողմնակալ ստուգելո՞ւ է նաև ի՞ր բիզնեսը: Թե չէ մեզ մոտ խրոնիկական երևույթ է, որ բոլոր այդպիսի ղեկավարներն իրենց բիզնեսների հանդեպ ավելի մեղմ են, պաշտոնյաների հանդեպ նույնպես»: Բացի այս, պարոն Մակարյանը ՊԵԿ ղեկավարի, այսպես ասած՝ մասնագիտական հմտություններին էլ անդրադարձավ. նա հարց բարձրացրեց, թե որքանո՞վ է ՊԵԿ ղեկավարը կարողանալու իր մասնագիտական ունակություններով լուծելու բյուջեի հավաքագրման խնդիրը, քանի որ այն թերակատարվում է. «Մենք հիմա բյուջեի խնդիր ունենք, ՊԵԿ ղեկավարի փորձառությունը, ճարպկությունը, այդպես գիտենք նրան ներքին շուկայում, ինքը դա կիրառելու է, ասենք հօգուտ տնտեսության, բիզնեսի, թե՞ մտածելու է՝ հարկերը ինչ գնով ուզում է՝ հավաքի, որը կարող է աղմկոտ պատմություններ առաջացնել: Ես կարծում եմ, որ այս ամենը պետք է նայվի: Ես, ճիշտն ասած, այնքան էլ հիացած չեմ այդ թեկնածությամբ, ես գտնում եմ, որ վարչապետի մինչև հիմա նշանակումները համակրանք էին առաջացնում հանրության շրջանում, և ավելի անկողմնակալ մարդկանց թիմ էր»:
5175 | 2
Facebook