Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Ե՞րբ է լուծվելու հանրային զուգարանների բացակայության խնդիրը». Անահիտ Բախշյան

18:25, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
«Ե՞րբ է լուծվելու հանրային զուգարանների բացակայության խնդիրը». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանրային զուգարանների վերաբերյալ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակով, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Խնդրում եմ նամակներիս պատասխանել ըստ էության: Մասնավորապես իմ՝ 29.09.2016թ. ԲԵ-746/16 նամակի առաջին պարբերության մեջ հայտնել էի, որ թ.49 երթուղու վարորդները բողոքում են այն մասին, որ երթուղու վերջնականգառում չկա պահանջված սանհանգույց, իսկ երկրորդ պարբերությամբ խնդրել էի տրամադրել Երևանի քաղաքապետարանի և այդ ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, որում, իմ կարծիքով, ընկերությունը պետք է պարտավորված լիներ իր վերջնակայաններում ապահովել սանհանգույցի առկայությունը: Պայմանագրի պատճենը տրամադրվեց, որում, ցավոք, նման կետ չգտա, իսկ այն մասին, թե ինչպես է վարորդների համար լուծվում սանհանգույցի հարցը՝ ոչ մի բառ: Հարցը մնում է արդիական. ո՞վ պիտի Երևանում ընդհանրապես հոգա վարորդների համար այդքան անհրաժեշտ սանհանգույցների առկայության խնդիրը և ե՞րբ է լուծվելու Երևանում հանրային զուգարանների բացակայության խնդիրը:

Մեկ անգամ չէ, որ բարձրացրել եմ Երևանում հանրային զուգարանների անհրաժեշտության մասին հարցը (22.06.2015թ., 29.09.20162.թ.), սակայն պատասխան նամակներում ընդամենը հայտնել են, որ զբոսայգիների և պուրակների կառուցման կամ վերակառուցման ծրագրերի շրջանակներում նախատեսվում են նաև հանրային զուգարանների տեղադրման աշխատանքներ: Ոչինչ չասող «խոստում», որը վկայում է խնդրի լուծման նկատմամբ պարտավորություն չստանձնելու մասին այն դեպքում, երբ կառավարության և քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների կողմից անընդհատ կարևորվում են Հայաստանում ու Երևանում զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերը: Նույն խնդիրը կա նաև ավտոմայրուղիներում, իսկ զբոսաշրջությունը խթանելու շատ կարևոր պայմաններից սա առաջնայինն է: Խնդրում եմ հստակ պատասխանել, թե ինչպես է լուծվում.

1. տրանսպորտային միջոցների վարորդների համար սանհանգույցների անհրաժեշտության խնդիրը:

2. Երևանում հանրային զուգարանների հարցը լուծելու համար ի՞նչ կոնկրետ քայլեր են նախատեսվում»:

2768 | 1
Facebook