Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքական հոսքը» կիրագործվի, թուրքական մրգերը կվերադառնան ռուսական շուկա. Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

11:40, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
«Թուրքական հոսքը» կիրագործվի, թուրքական մրգերը կվերադառնան ռուսական շուկա. Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

«Թուրքական հոսքը» կիրագործվի, իսկ թուրքական մրգերը կվերադառնան ռուսական շուկա: Ահա սրանք են ռուսական Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած առաջին այցի պտուղները, գրում է Газета լրատվականը:
    
     Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման քաղաքական մասը կանխատեսելիորեն վերաբերել է Սիրիային. ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրումից հետո Անկարան կարող է դառնալ տարածաշրջանում Մոսկվայի գլխավոր դաշնակիցը:
    
     Ռուսաստանը և Թուրքիան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազամուղի վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են գազամուղի երկու ճյուղ հիմնել` թուրքական և եվրոպական սպառողների համար:
     Քննարկվել է նաև ռուսական գազի գնի զեղչի հարցը: Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը նշել է, որ չնայած պաշտոնապես գնի հարցը «Թուրքական հոսք»-ի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի մաս չէ, այն այսպես, թե այնպես դրանից է կախված։
     Ռուսաստանը որոշել է նաև իր շուկա թողնել թուրքական մրգերի մուտքը: Դեռ 2016 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանում արգելվել է Թուրքիայից մի շարք ապրանքների ներմուծումը:
    
     Քաղաքական մասն իր հերթին վերաբերել է հիմնականում Սիրիայի իրադարձություններին:
     Իրավիճակում, երբ Արևմուտքի էլիտաները Ռուսաստանի գործողությունների դեմ են տրամադրված, իսկ Կրեմլը փաստացիորեն խզել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, Թուրքիան և նրա նախագահը կարող են դառնալ եթե ոչ Մոսկվայի դաշնակիցը, ապա միջնորդ՝ որևէ երկխոսություն հաստատելու համար:
    
     Վաշինգթոնում Gulf State Analytics խմբի առաջատար փորձագետ Թեոդոր Կարասիկը լուսական լրատվականի հետ զրույցում նշել է, թե երկու առաջնորդների միջև գործարքն արտացոլում է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակը, որը հիմնովին փոխվել է դեռ մի քանի ամիս առաջ առկա իրավիճակի համեմատ: Հանդիպման արդյունքները կարող են վկայել այն մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման ֆոնին Մոսկվան կարողացել է Սիրիայի հարցով ավելի պատրաստակամ դաշնակցի գտնել, քան Վաշինգթոնն է:
     Էրդողանը նույնպես ուրախ է նման համագործակցության համար: Սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահը դիմել էր ԱՄՆ-ին՝ կոչ անելով սկսել ԴԱԻՇ ահաբեկիչների մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքա քաղաքի համատեղ գրոհը: Այն դեռ չի սկսվել, քանի որ ԱՄՆ-ը քրդերի աջակցությունից հրաժարվելու ցանկություն չի դրսևորել:

Աղբյուրը` gazeta.ru
4364 | 0
Facebook