Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են. Ախալքալաքում առաջադրված է 8 հայ թեկնածու

11:50, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են. Ախալքալաքում առաջադրված է 8 հայ թեկնածու

Այսօր, հոտեմբերի 8-ին, վաղ առավոտից Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին կմասնակցի ավելի քան 3.51 մլն մարդ: Քվեարկության իրավունք ունեն Վրաստանի 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները` բացառությամբ բանտարկյալների, ովքեր լուրջ հանցագործություններ են կատարել, և հոգեբուժարաններում գտնվող հիվանդների, այս մասին տեղեկացնում է «Ռիա ՆՈՎՈՍՏԻ»-ն:

ԿԸՀ-ն շուրջ 73 ընտրատարածքներում կազմակերպել է 3645 ընտրատեղամաս, որոնք բաց կլինեն մինչև ժամը 20.00-ը:

Վրաստանի խորհրդարանն ունի 150 տեղ: Պատգամավորներն ընտրվում են չորս տարի ժամկետով: Ընտրություններն անցկացվում են խառը ընտրակարգով` 77 մարդ ընտրվելու կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով), և 73 պատգամավորներ` մեկական մանդատ ունեցող ընտրատարածքներում (մեծամասնական համակարգով):

Ի դեպ, Ախալքալաքում մեծամասնական ընտրատարածքում «Վրացական երազանքից» առաջադրվել է Հենզել Մկոյանը, «Միացյալ ազգային շարժումից»՝ Արսեն Կարապետյանը, «Ազգային ֆորումից»՝ Արմենակ Փոլորչյանը, ինքնաառաջադրվել են Ռոբերտ Ջաղացպանյանը և Արտաշես Պալանջյանը, «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմությունից» առաջադրվել է Մերուժան Կարախանյանը, «Պաատա Բուրճուլաձեի – Պետությունը Ժողովրդի համար» բլոկի կողմից՝ Շաքրո Այվազյանը, «Հանրապետական կուսակցության» կողմից առաջադրվել է Աշոտ Սահարյանը:
    
     Նշենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդեն քվեարկել է: «Ես իմ ձայնը տվել եմ բազմակուսակցական վրացական խորհրդարանի օգտին, խորհրդարանի, որում ներկայացված կլինեն առողջ և Վրաստանի մասին մտածող բազմաթիվ քաղաքական ուժեր»,- «Новости-Грузия»-ի փոխանցմամբ, ասել է Մարգվելաշվիլին:

4259 | 0
Facebook